HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Դատարանների շենքերը չբնակեցնելը մեզ նույնպես մտահոգում է»

Վստահեցնում է Դատական բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Արթուր Թունյանը

«Դատաիրավական բարեփոխումների» ծրագրի շրջանակներում 2005 թ.-ից մի շարք դատարաններում ներդրվեցին ձայնագրման (SRS-Femida) համակարգեր, որոնց միջոցով կատարվում են դատական նիստերի արձանագրություններ նախկին ձեռագիր արձանագրման փոխարեն: Սակայն այսօր էլ նորակառույց դատարաններում հանդիպում ենք դեպքերի, երբ ձայնագրման տեխնիկան չի կիրառվում կամ տեխնիկայով հագեցված նորակառույց շինություններն իրենց նպատակին չեն ծառայեցվում: 

Շատ մեծ դժվարությամբ դատարաններում ներդրեցինք ձայնագրման համակարգը: Ներդնելու հիմնական պատճառը դատարանի նկատմամբ հանրության ունեցած անվստահությունն էր եւ համակարգում տեղի ունեցող կեղծարարությունները: Արձանագրությունները կեղծելու դեպքերը շատ հաճախակի են եղել, երբ նիստերը ձեռագիր էին արձանագրվում:

Ես ուսումնասիրել եմ եւ պետք է ասեմ, որ շատ քիչ երկներում կա այսպիսի համակարգ, որն ամբողջ երկրի դատական համակարգը միասնական ցույց տա, համենայնդեպս, զարգացած երկրներում այս համակարգը չկա: Գերմանիայում, օրինակ, դատավորը սովորական ձայնագրիչ է գործածում իր համար: ԱՄն-ում նույնպես դա չկա, այնտեղ սղագրական մեքենաներով են նիստերը սղագրում: 

«datalex»-ը կոռուպցիայի նվազեցման գործիք է եղել, այս ուղղությամբ հաջորդ քայլը, որ ուզում ենք իրականացնել դատական բարեփոխումների ծրագրի շրջանակում` դատական գործերի պատահական նշանակման ծրագրի ներդրումն է: Այն դատարանների նախագահների ձեռքում մնացած միակ կոռուպցիոն ռիսկեր ունեցող գործիքն է:

Ծրագիրը ներդնելուց հետո համակարգչի ծրագրային ապահովման եղանակով է կատարվելու գործերի բաշխումը դատավորներին: Իհարկե, միջամտության թույլտվություն տրվելու է նախագահին, սակայն նա պետք է հիմնավորի, թե ինչու ծրագրի ընտրած դատավորը չի կարող տվյալ գործը քննել: Համակարգչային ծրագիրը ներդնելուց մեկ տարի հետո կարելի է ուսումնասիրել վիճակագրությունը եւ հասկանալ, թե ինչու է դատարաններից մեկի նախագահը, օրինակ, 2 անգամ միջամտել համակարգին, իսկ մյուսը` երկու տասնյակ անգամ ավելի: Դա հասկանալու համար պետք է վիճակագրությունը հզորացնել:

Գորիսի դատարանը նախատեսվածից շատ ուշ գործունեությունն սկսեց նորակառույց շենքում եւ գործել սկսեց առանց ձայնագրման համակարգը կիրառելու, ինչո՞ւ:

Ես օգոստոսի 30-ին եմ եղել Գորիսի դատարանում եւ այնտեղ արդեն տեղադրված էր ձայնագրման տեխնիկան: Այդ աշխատանքներն առանձին մատակարար է իրականացնում: Մենք Դատական դեպարտամենտին տրամադրել էինք տեխնիկան, նշեմ նաեւ, որ առաջիկայում մոնիտոր եւ datalex կրպակ պետք է տեղադրենք ոչ միայն Գորիսի դատարանում, այլ ընդհանրապես բոլոր դատարաններում, նույնիսկ չվերակառուցված շենքներում:

Ինչո՞ւ բավարար չափով չի վերահսկվել Գորիսի դատարանի շենքի շինարարությունը եւ ինչո՞ւ չեն վճարվել աշխատողները, արդյոք դա չէ՞ պատճառը, որ շենքը սահմանված ժամկետից ուշ հանձնվեց, իսկ հետո ուշացումով գործեց, շինարարությունը վերահսկելու պարտավորությունը ձեր ղեկավարած գրասենյակինը չէ՞ր:

Գորիսի դատարանի շինարարությունն իրականացրել է  «Սերժ Մկրտչյան» ՍՊԸ-ն, որը Գորիսի կազմակերպություն է: Դատական բարեփոխումների երկրորդ ծրագրի ընթացքում այն մեզ համար ամենախնդրահարույց կապալառուն է եղել վարչական ռեսուրսներ խլելու տեսանկյունից: Անբարեխիղճ էր եւ մոտ մեկ տարի ուշացումով շենքը հանձնեց:

Կապալառուի նկատմամբ տուգանքային սանկցիաներ կիրառեցինք` հատկացված բյուջեի 10 տոկոսը տուգանվել է եւ փոխանցվել բյուջե: Մենք ամենէժան շենքն ենք ունեցել այս դեպքում, կապալառուի ներկայացրած գնային առաջարկը շատ ցածր է եղել` ակնհայտ անհիմն էժան արժեք է ներկայացրել մեզ: Մենք համաձայնեցինք եւ, բնականաբար, սահմանված ժամկետում չկարողացան աշխատանքները իրականացնել` ֆինաննսական ռեսուրսները չբավարարեցին, որը պայմանավորված էր նաեւ տնտեսական ճգնաժամով:

Կապալառուն մրցույթներ էր շահել նաեւ պետգնումներով եւ մի ծրագրի ֆինանսավորումով մյուսի աշխատանքներն էր կատարում եւ այլն: Սակայն եկավ մի պահ, երբ դադարեցվեց ամեն ինչ` նա չկարողացավ վճարել իր աշխատակիցներին, ենթակապալառուներին, հարկային պարտավորությունները կատարել եւ այլն: Ուստի, զարմանալի չէ, որ աշխատակիցները դատական գործեր են հարուցել նրա դեմ:

Չարենցավանում նորակառույց դատարանի շենքը, որ մեկ տարի առաջ է հանձնվել շահագործման եւ ընդամենը երկու շաբաթ է գործել, մոտ մեկ տարի է դարձյալ չի գործում. այս խնդիրը ձեզ չի՞ մտահոգում: Դատաիրավական բարեփոխումների գրասենյակը հետեւողակա՞ն է, որպեսզի շինությունները ծառայեն նպատակին, թե՞ ձեր խնդիրը միայն շենքը շահագործման հանձնելն է:

Այդ խնդիրը մեզ էլ է մտահոգում, պետական ռեսուրսները կառավարելու տեսանկյունից պետական մարմինները որոշակի ֆունկցիաներ ունեն եւ, բնականաբար, այդ խնդիրները ես բարձրացրել եմ արդարադատության նախարարի առջեւ, նախարարն էլ այդ հարցը բաձրացրել է համապատասխան ատյաններում, որից հետո եւ Գորիսում  են  տեղափոխվել նոր շենք եւ սպասվում է, որ Չարենցավանում դատավորի նշանակումով կլուծվի նաեւ այդ հարցը:

Գորիսում շենքը անցյալ տարվա դեկտեմբեր ամսին է հանձնվել եւ մինչեւ հիմա բնակեցված չէր: Պատճառաբանությունները սենյակներում հարդարման աշխատանքների հետ կապված որոշ թերություններն էին, այդ պատճառով հրաժարվում էին տեղափոխվել: Սակայն պետք է պարզել` շենքը փակ է, օդափոխությունը չի կատարվում եւ դա՞ է ավելի շատ պատճառ դառնում թերությունների, թե՞ շահագործման հետ կապված խնդիրներն այնքան լուրջ են, որ դժվարացնում են շահագործումը:

Մեղրիում նույնպես այդ խնդիրը կա, այնտեղ շենքը հանձնվել է ապրիլին, սակայն չի բնակեցվում: Նախարարի միջամտությունից հետո Մեղրիում նույնպես սպասվում է բնակեցում, այնտեղ էլ դատավոր չի եղել վերջին 10 տարիներին, Մեղրիի նստավայրում նշանակված դատավորները Կապանում են գործել:

«datalex.am» կայքը հրաշալի համակարգ է, բայց որոշակի թերություններ կան. կայքը խափանումներով է գործում եւ միշտ չէ, որ հասանելի է, այդ առումով  հանրության դժգոհությունն է առաջացնում: Բացի այդ՝ բացթողումներ ունի, մասնավորապես հայցային կարգով քննվող դիմումները մուտք չեն արվում համակարգ, գործերի տվյալները որոշ դատարաններ թերի են մուտքագրում  կամ գործը որոշ ժամանակ հետո անհետանում է կայքից եւ այլն:

Համակարգի անհասանելիության հետ կապված կարող եմ ասել, որ հիմնական պատճառը ինտերնետ պրովայդերն է: Համակարգի չգործելու 1-2 դեպք ենք ունեցել` գործերի հոսքը շատացել է եւ սերվերը չի դիմանում ծանրաբեռնվածությանը: Գործը մուտք է արվում դատարանի գրասենյակ եւ այդ պահից գրանցվում է այնտեղ:

Սովորաբար, այս պրոցեսը հիմանականում միայն դատավարության կողմերին է հետաքրքրում: Այս կայքը տեղեկատվության տրամադրման առումով հանրապետությունում ամեկատարյալն է, գործերի տվյալների մուտքագրման առումով շատ ճկուն է եւ մեծ հնարավորություներ ունի: Դատարանները, եթե թերություններով են մուտքագրում գործերի տվյալները` այդ հարցը պետք է Դատական դեպարտամենտին ուղղել: Ըստ էության, այս համակարգով մենք հանրությանը վերահսկելու գործիք ենք տվել եւ հիմա սոցիալական գովազդ ենք ուզում տեղադրել, որպեսզի մարդկանց ծանուցենք համակարգի գոյության մասին:

Դատական բարեփոխումների երկրորդ ծրագրով մեծ տեղ է հատկացված դատական համակարգում մոնիտորինգի իրականացմանը: Մոնիտորինգով ի՞նչ եք ուզում վերահսկել:

Երկրի ղեկավարությունն ու Համաշխարհային բանկն են մոնիտորինգի խնդիր դրել. դատական բարեփոխումների ընթացքում դատական համակարգին բավականաչափ մեծ ազատություն եւ անկախություն, ինքնակառավարվելու եւ ինքնամաքրվելու հնարավորություն տրվեց:

Դատավորների անկախությունը, իհարկե, պետք է ապահովվի, բայցեւ պետք է հանրության առջեւ համակարգի հաշվետվողականությունը ապահովվի, թե չէ չի կարելի ասել` գնացեք, ինչ ուզում ենք արեք:

Բոլորը գիտեն, որ խնդիրներ ունենք եւ այս համակարգից բարձր գոհունակություն չի կարող լինել: Հանրային ընկալումը մեզ մոտ շատ բացասական է դատական համակարգի նկատմամբ, սակայն մեր հետազոտություններով հարցվածների 10%-ն է առնչվել դատարանների հետ եւ եթե նշված 10%-ի կարծիքներն ենք ընդհանրացնում` համակարգի նկատմամբ ընդհանուր պատկերացումներն ավելի դրական են: 

Մեկնաբանություններ (1)

Vahagn
Սյունիքի մարզկենտրոնը Կապանն է, և դատարանի մարզային այսպես ասած նստավայրը հենց այնտեղ է, իսկ Կապանում դատարանի շենքը հիմք է ու չի համապատսխանում այն նույն չափանիշներին ինչ Երևանում, կամ վերանորոգված կամ նոր կառուցված դատական շենքերին, իսկ դատարանում ձայնագրման համակարգը չկա: Զարմանալի է, որ Գորիսում է տեղադրվում, իսկ մարզկենտրոնում, որտեղ իր գործունեությունն է իրականցնում մարզային դատարանը, այդ թվում դատարանի նախագահը, բացակայում է այն: Հետաքրքիր իմանալ նաև նախընտրման պատճառաբանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter