HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բջնի» գործարանը Սուքիասյաններից ուղղակի խլել են

Հայտարարում է «ՍԻԼ-կոնցեռն» ընկերությունը

Ինչպես հայտնի է, վերջերս լուծարման գործընթացում գտնվող «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերության գույքը ուղղակի գործարքով օտարվեց Ռուբեն Հայրապետյանին պատկանող կազմակերպությանը: «ՍԻԼ-կոնցեռնը» բազմիցս հայտարարել էր, որ «Բջնին» սնանկ ճանաչելն ի սկզբանե նպատակ ուներ խլել Սուքիասյան ընտանիքին պատկանող գույքը:

Այդ նպատակին չկարողացան հասնել ԴԱՀԿ ծառայության միջոցով` անօրինական գործողությունների մեծ քանակի պատճառով, եւ այդ գործընթացը շարունակեցին սնանկության կառավարիչ Արսեն Չիտչյանի միջոցով, ով ի սկզբանէ աշխատում էր գնորդի շահերից ելնելով: Այսպես, Ա. Չիտչյանը, կոպտորեն խախտելով օրենքը, չթույլատրեց պարտատերեր հանդիսացող Սուքիսյանների ներկայացուցիչների մասնակցությունը սնանկության պարտատերերի առաջին ժողովին, քանի որ առաջին ժողովին մասնակցած պարտատերն իրավունք են ստանում մասնակցելու հետագա ժողովներին:

Գույքը Սուքիասյաններից խլելու նպատակին էր ծառայում նաեւ դատարանի այն որոշումը, որով չթույլատրվեց գետը լցվող հանքային ջրի վաճառքը, եւ դա այն դեպքում, երբ այդ վաճառքից գոյացած գումարները կարող էին ուղղվել պարտքերի մարմանը:

«ՍԻԼ Կոնցեռնը» լիազորված է հայտարարել, որ Սուքիասյանները «Բջնի» հանքային ջրերի գործարանը որևէ մեկին չեն վաճառել: Գործարանը Սուքիասյաններից ուղղակի խլել են վերջիններիս քաղաքական հայացքների պատճառով: «Սիլ Կոնցեռնը» և Սուքիասյանները ծանոթ չեն գործարանի գույքի գնահատման հաշվետվությանը և չեն տեղեկացվել աճուրդի ներկայացման միջնորդության մասին, այն դեպքում, երբ այդ փուլում նրանք իրավունք ունեին մեկնարկային իրենց գինն առաջարկել:

Տեղեկանալով ԶԼՄ-ներից սնանկության կառավարչի որոշման մասին` «ՍԻԼ Կոնցեռնը»  հայտարարում է, որ որևէ կերպ արդարացված չէ աճուրդի ընթացքն ընդհատելը և ուղղակի գործարքով այն օտարելը` առաջին աճուրդին ներկայացված գնից էժան: Կառավարչի այն փաստարկը, որ երկրորդ աճուրդի մեկնարկային գնից ավելին է առաջարկել գնորդը, ոչ միայն անհիմն է, այլ անտրամաբանական, քանի որ աճուրդի ներկայացվող գինը մեկնարկային է, և աճուրդի մասնակիցները պետք է գինն ավելացնելու միջոցով մրցեն միմյանց հետ:

Ըստ մեր տեղեկությունների` «Բջնի» գործարանի գույքը վաճառվել է մոտ 4,3 մլրդ ՀՀ դրամով, սակայն ամբողջ գումարը դեռ չի վճարվել: Դա վկայում է այն  մասին, որ ընկերության գույքը վաճառվել է տարաժամկետ վճարման պայմանով: Եթե պարզվի, որ ընկերության գույքն իսկապես վաճառվել է տարաժամկետ վճարման պայմանով, ապա այդ ապօրինի գործարքն ուղղակիորեն կհաստատի իշխանությունների կողմից Սուքիասյանների նկատմամբ տնտեսական հաշվեհարդար տեսնելու անժխտելի փաստը, քանի որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքը չի թույլատրում տարաժամկետ վճարման պայմանով գույք վաճառել:

Ավելացնենք նաեւ, որ այդպիսի արտոնյալ պայմաններ կարող էին առաջարկել ընկերությանը, ինչի դեպքում կարիք չէր լինի «Բջնին» սնանկության տանելու եւ հարկադիր պարապուրդի ենթարկելու 483 աշխատակիցների: Հիշեցնենք նաեւ, որ դեռևս 2008 թ. ընկերությունն առաջարկել էր դատարանին ստացված հասույթի 40 տոկոսն ուղղել այդ պարքտերի մարմանը եւ այդ առաջարկը մերժվեց:

Հետաքրքիր է, որ իշխանություններին սպասարկող պետական մարմիններն այն աստիճան են իրենց անպատժելի համարում, որ նույնիսկ չեն փորձում մի քիչ նրբանկատ գտնվել «Սիլ Կոնցեռնի» նկատմամբ, այն դեպքում, երբ Եվրոպական դատարանում ռեալ գործ է գտնվում:

Ավելին` բոլոր միջազգային կառույցները և այլ պետությունների դեսպանատները տեղեկացված են Սուքիասյանների հետ կապված խնդիրների մասին: Ինչպե՞ս են բացատրելու ԴԱՀԿ ծառայության կողմից ընկերության գույքը 2009 թվականի սկզբում վաճառելու դիմաց իբր 4 մլրդ ՀՀ դրամ կանխիկ ստանալու, այն մեկ ամսվա ժամկետում պետական բյուջե չփոխանցելու, իսկ հետո առանց հիմքի իբր գնորդին վերադարձնելու փաստերը, այն դեպքում, երբ ա) այդ քանակի գումարը տեղում հաշվելու համար հարկավոր էր առնվազն 23 ժամ բ) ԴԱՀԿ ծառայությունը համապատասխան միջոցներ չունի այդ գումարները պահելու համար գ) օրենքով պետք է 3 օրում գումարը ԴԱՀԿ ծառայությունը փոխանցեր պարտատիրոջը` պետական բյուջեին:

Ինչպե՞ս է բացատրելու ՀՀ Կոտայքի մարզի ոստիկանության քննիչը վերոհիշյալ փաստերի վերաբերյալ պատշաճ քննություն չկատարելու իր անգործությունը, իսկ նրան հսկող դատախազը` քննիչի թերությունները չտեսնելու անգործությունը: Քննիչը քրեական գործ չհարուցելու իր որոշման հիմքում դրել է ԴԱՀԿ ծառայության գրությունը: Այս անօրինական գործընթացի համար մեղավորները պատասխան են տալու օրենքի առջև: «Սիլ Կոնցեռնը» հետամուտ է լինելու, որ այս անձինք դատական կարգով հատուցեն վնասները: «Սիլ Կոնցեռնի» փաստաբանները նյութերը պահանջել են դատարանից և հիշյալ գործարքը վիճարկելու են դատական կարգով: Այս գործի հետ կապված նյութերը ուղարկվելու են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան` հիմնական գործին կցվելու համար:

«Սիլ Կոնցեռն»-ի լրատվության ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter