HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Վահան Հովհաննիսյան. «Մենք թույլ չենք տա ձեռքերը լվալ»

Այսօր «Արցախ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհանիսյանն անդրադարձավ Սահմանադրական դատարանի (ՍԴ) հունվարի 12-ի որոշմանը, որով հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող զույգ արձանագրությունները ճանաչվել են ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող: Ըստ Հովհաննիսյանի, թեև չի հաջողվել հասնել առավելագույն նպատակին, որ արձանագրությունները գոնե մասնակիորեն համարվեին հակասահմանադրական, այնուամենայնիվ, ՍԴ-ն իր որոշման մեջ պատասխանել է գլխավոր հարցադրմանը` «ո՞րն է արձանագրությունների առարկան»: «ՍԴ-ն շատ հստակ պատասխանել է, որ առարկան միայն երկու խնդիր է` դիվանագիտական հարաբերություններ հաստատել (Հայաստանի և Թուրքիայի միջև) և բացել սահմանը (հայ-թուրքական): Մնացած բոլորը ածանցյալ են... »,- ասում է Վ. Հովհաննիսյանը: Ըստ նրա` ՍԴ որոշմամբ ամրագրվել է նաև, որ արձանագրությունները որևէ կերպ պայմանավորված չեն երրորդ երկրի հետ հարաբերություններով: Այլ կերծ ասած` որևէ կասկած, որ Արցախի հարցը կամ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը կարող է փոխկապակցվել հայ-թուրքական հարաբերությունների հետ, այլևս հանված է: Բանախոսի ներկայացմամբ` հիշյալ որոշմամբ ասված է նաև, որ ՀՀ-ն պարտավոր է բոլոր իր հետագա գործողություներում հաշվի առնել ՀՀ Սահմանադրության նախաբանը և Անկախության հռչակագիրը, որտեղ հստակ խոսվում է Արևմտյան Հայաստանի և ՀՀ կողմից Ցեղասպանության ճանաչման գործընթացին սատարելու մասին: Այսինքն` «Հայաստանի և ոչ մի ատյան չի կարող որևէ տեսակի հանձնաժողովում կամ ենթահանձնաժողովում քննարկման առարկա դարձնել Ցեղասպանության խնդիրը»: Ինչ վերաբերում է երկու երկրների միջև սահմանների ճանաչմանը, ՍԴ-ն նախ ասել է, որ սահմանի ճանաչումը տեղի է ունենում ոչ թե արձանագրություններով, այլ միայն միջազգային ուժ ունեցող երկկողմ պայմանագրերով, ապա հիշեցրել է, որ ՀՀ-ի համար պարտադիր ուժ ունեն միայն այն միջազգային պայմանագրերը, որոնք վավերացված են անկախ Հայաստանի կողմից: «Իսկ նման պայմանագրեր, որոնք վերաբերում են հայ-թուրքական սահմանին, գոյություն չունեն: Այսինքն` սահմանի հարցը մնում է բաց»,- ասում է պատգամավորը: Բացասական գնահատելով այն, որ ՍԴ-ն արձանագրությունները գոնե մասնակիորեն հակասահմանադրական չճանաչեց, Վահան Հովհաննիսյանը նշում է, թե շատ լավ հասկանում են մեր երկրի պայմանները ու «եթե ՍԴ-ն կամաց-կամաց նվաճում է մեր քաղաքական, հասարակական միջավայրում իր անկախ դիրքը, սա կարելի է միայն ողջունել»: Այդուհանդերձ, ՀՅԴ Բյուրոյի անդամը շեշտում է, թե լավագույն լուծումը կլինի այն, որ Ազգային ժողովը, հիմնվելով ՍԴ որոշման վրա, չվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները: Իսկ վավերացնելու դեպքում, ըստ նրա, ԱԺ-ն դա պետք է անի միայն վերապահումներով` իր որոշման բաղկացուցիչ մասը դարձնելով ՍԴ որոշումը` իր կետերով, տրամաբանությամբ ու բովանդակությամբ հանդերձ: Հակառակ դեպքում, Հովհաննիսյանի վստահեցմամբ, ՍԴ որոշումը կկորցնի իմաստը, քանի որ այն ներպետական փաստաթուղթ է և իրավական ուժ ունի միայն Հայաստանի համար: Իսկ ԱԺ որոշման մեջ ներառվելով` կստանա միջազգային ուժ: «Մենք նկատում ենք, որ արդեն որոշակի թելադրանք կա, որ ԱԺ-ն ընդհարապես այլևս կարող է ոչինչ չանել, քանի որ ՍԴ-ն ամեն ինչ արեց և կարելի է, այսպես ասած` ձեռքերը լվալ: Մենք թույլ չենք տա ձեռքերը լվալ, որովհետև ԱԺ-ն պարտավոր է լրջությամբ անդրադառնալ այս փաստաթղթին և իր որոշման բաղկացուցիչ մաս դարձնել: Ինչպե՞ս, դա արդեն տեխնիկայի հարց է»,- ասում է պատգամավոր Վ. Հովհաննիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter