HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Հանրահավաքը մեկնարկեց

Հայ ազգային կոնգրեսի այսօրվա հանրահավաքը մեկնարկեց մոտ 30 րոպե ուշացումով: Այն վարում է ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը: Հարթակում է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա հավանաբար ելույթ կունենա ամենավերջում: Նախորդ հանրահավաքի համեմատ` այսօր ավելի քիչ մարդ է հավաքվել: Քիչ են նաև ոստիկանները, ինչը Քաղբանտարկյալների կանանց կոմիտեի ներկայացուցիչ Մելիսա Բրաունը որակեց որպես իշխանությունների բեմադրած թատրոն, քանի որ այսօր օրերին Հայաստանում անցկացվում է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի համաժողովը: Հանրահավաքին Գրիգոր Հարությունյանը նշեց, որ արտերկրում ոչ միայն այսօր, այլև ամեն օր էլ Հայաստանից տեղեկատվություն են ստանում ու շատ լավ գիտեն այստեղ կատարվող բռնությունների, ընդդիմությանը ճնշելու մեթոդների մասին: Առաջինը ելույթ ունեցավ Մելիսա Բրաունը: Նա նշեց, որ թեև ինքը քաղբանտարկյալի կին չէ, սակայն պայքարելու է այնքան, մինչև ազատ արձակվեն բոլոր 14 քաղբանտարկյալները: «Իմ ամուսինը այս պահին ազատության մեջ է, բայց չգիտենք` վաղը ինչ կլինի, որովհետև այս հանցավոր, կգբ-ական ռեժիմը անընդհատ ձերբակալում է նույն մարդկանց և ծեծում նույն երիտասարդներին, երեխաներին»,- ասաց Մ. Բրաունը: Նրա խոսքերով` իրենք շատ են ոգևորվել, երբ իմացել են, որ Հայաստանում պետք է անցկացվի Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի համաժողովը, սակայն այն բանից հետո, երբ տեղեկացել են, որ համաժողովին ելույթ են ունենալու նաև Սերժ Սարգսյանն ու Գագիկ Հարությունյանը, հիասթափվել են, որովհետև այս ամենի պատասխանատուները նրանք են: Միաժամանակ Մ. Բրաունը հույս հայտնեց, որ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ Սուեր Բելասենին կկատարի իր խոսումը, որն է` հետամուտ լինել մարտի 1-ի արդարացի քննության իրականացմանը և բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակմանը: Ըստ Մ. Բրաունի` Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահը իրենց երեկ է տվել այս խոստումը «իրենց հետ ունեցած անկաշկանդ զրույցի ժամանակ»: Հանրահավաքի մասնակիցների անունից Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի մասնակիցներին ուղերձ հղվեց, որը հրապարակեց ՀԱԿ-ի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Այնուհետև ելույթ ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը: Նա անդրադարձավ գազի գնի բարձրացմանը և տեղեկացրեց, որ այսօր այս առնչությամբ Վարչական դատարան է ներկայացվել հայց` վավերացված 7200 ստորագրությամբ: Նրա խոսքերով` իրենք մանրամասն ուսումնասիրել են գազի գնի բարձրացման` իշխանության և «Հայռուսգազարդի» ներկայացրած հիմնավորումները և դրանցում որևէ տրամաբանություն չեն գտել` բացի նրանից, որ իշխանությունները շարունակում են 2 տարի առաջ ժողովրդի դեմ սանձազերծած պատերազմը, բայց արդեն տնտեսական դաշտում: Այս պահին գազի գնի բարձրացման խնդիրը հարթակից մանրամասն վերլուծում է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter