HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիմա էլ ուսանողները. վարչապետը Սյունիքում ՀՀԿ անդամատոմսեր է հանձնում

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ժամանել է Սյունիքի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Սիսիանի տարածաշրջանի Սառնակունք համայնքի գյուղատնտեսական և անասնաբուժական ապասարկման կենտրոնում: Այն հիմնել է «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը՝ ԱՄՆ-ի գյուղդեպարտամենտի՝ Սյունիքի մարզում իրականացրած «Կենդանիների Առուղջություն» ծրագրի շրջանակում:

Վարչապետը ծանոթացել է կենտրոնի գործունեության ծրագրերին, հետաքրքրվել, թե ինչպիսի ծառայություններ է այն առաջարկելու գյուղացիներին:

Այս տարվա հոկտեմբերից իր գործունեությունն իրականցնող կենտրոնը կառաջարկի անասնաբուժական, կենդանիների արհեստական սերմնավորման, հիվանդությունների կանխարգելման և բուժման ծառայություններ, ինչպես նաև անասնաբուժական դեղորայք, սարքավորումներ և պարագաներ:

Կենտրոնի նպատակն է նաև նպաստել տեղի ֆերմերների և գյուղատնտեսական ապրանքներ, դեղորայք և սարքավորումներ արտադրող աշխարհահռչակ ընկերությունների միջև համագործակցությանը։

Կենտրոնի թիրախային խմբերում ընդգրկված են Սիսիանի տարածաշրջանի գյուղերի անասնապահությամբ զբաղվող ֆերմերները, անասնաբույժները և անասնաբուժական դեղատները։ 

Այնուհետև վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը ժամանել է Կապան, որտեղ Գարեգին Նժդեհի հուշահամալիրի մոտ կուսակցական անդամատոմսեր է հանձնել ՀՀԿ-ն համալրած Երևանի պետական և Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանների 120 ուսանողների:

Վարչապետը, շնորհավորելով կուսակցությունը համալրած երիտասարդներին, նշել է. «Կարևոր է այն հանգամանքը, որ հենց այսօր դուք անդամագրվում եք Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, քանի որ հենց այսօր է կերտվում մեր երկրի ապագան, հենց այսօր է Հանրապետականը կրում պատասխանատվություն` լուծելու մեր երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրները: Ես ձեր այս քաղաքական քայլը համարում եմ պատասխանատու. համոզված եմ, որ սա ձեր կողմից ճիշտ որոշում է, քանի որ մենք բոլորս համախմբվելով Հանրապետական կուսակցության շուրջ` ի զորու կլինենք հաղթահարել այն խնդիրները, որոնք այսօր առկա են մեր երկրում»: 

Գործադիրի ղեկավարը հիշեցրել է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը մեծ հարված է հասցրել նաև Հայաստանի տնտեսությանը, և կառավարության առջև ծառացել են նոր մարտահրավերներ: 

«Դրանց հաղթահարման կարևորագույն երաշխիքը մեր համախմբված աշխատանքն է»,- նշել է վարչապետը` ՀՀԿ-ն համալրած նոր անդամներին մաղթելով հաջողություններ:

Կառավարության ղեկավարը ծաղկեպսակ է դրել Գարեգին Նժդեհի հուշահամալիրին, որտեղ ամփոփված են Նժդեհի մասունքները: Այսօր երեկոյան Կապանի մարզադաշտում վարչապետը ներկա կգտնվի ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կազմակերպած համերգին: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter