HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Իրավիճակը փոխելու որոշում չկա

Դեկտեմբերի 23-ին նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Գյումրիի Մուշ թաղամաս: Միայն նրա այցելությունից հետո որոշվեց, որ անօթեւանների համար կառուցված բնակարաններն այդ ձեւով «բացառվում է» հանձնել բնակիչներին: Իհարկե, լավ է, որ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն չկարողացավ խաբել անօթեւաններին:

Սակայն դա արվեց միայն նախագահի հրահանգից հետո, իսկ դա նշանակում է, որ մինչեւ նախագահը մեր պետության մեջ չկա մի կառույց, որ կարողանար նման հրահանգ տալ ու ստիպել այդ ընկերությանը կառուցել շինարարական նորմերին համապատասխան շենքեր: Դրանից հետո Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանն էլ սկսեց խոսել այդ շենքերի մասին, սակայն նրա արտասանած յուրաքանչյուր բառն առոչինչ է, որովհետեւ մինչ այդ նա ոչ մի անգամ չի փորձել պարզել, թե ինչ որակով է «Գլենդել Հիլզն» իրականացնում բյուջեից ֆինանսավորվող կառուցապատումը:

Ներկաները պատմում են, որ Շիրակի մարզպետարանում նախագահի հրավիրած արտահերթ խորհրդակցության ժամանակ «Գլենդել Հիլզի» սեփականատերերից մեկը` սփյուռքահայ Վահե Յաղուբյանը, փորձել է արդարանալ: Բայց քանի՞ գրոշ արժեն այդ արդարացումները, երբ երկրաշարժից մի կերպ փրկվածներին տանում-լցնում են մի տեղ, որտեղ այս ձմեռվա կեսին գոյատեւել պարզապես հնարավոր չէ: Նախագահը տեսել է միայն այն, ինչ երեւում էր, իսկ ինչպե՞ս են արվել այն աշխատանքները, որոնք աչքի համար տեսանելի չեն, պահպանվե՞լ են շինարարական նորմերը մինչեւ ներքին հարդարման աշխատանքներին հասնելը, դժվար է ասել: Կարծում եմ, որ այսօր դրանք էլ պետք է մանրազնին ուսումնասիրել: Իսկ ինչո՞վ է զբաղվում Քաղաքաշինության նախարարությունը, եթե տեղյակ չէ բյուջեով նախատեսված ամենամեծ շինարարական հատկացումներից:

Կա՞, արդյոք, այդ հսկա կառույցի անհրաժեշտությունն ընդհանրապես: Բյուջեով Քաղաքաշինության նախարարությանը հատկացվում են միլիոնավոր դոլարներ, պատկերացնու՞մ եք քանի շենք հնարավոր կլիներ կառուցել Աղետի գոտում այդ գումարներով: Նախարարությունը քիչ է, ստեղծվել է եւս մեկ անհասկանալի ենթակառույց` Քաղաքաշինական պետական տեսչությունը, որն էլ իբրեւ իրականացնում է վերահսկողական գործառույթներ: Այս կառույցի աշխատակիցները թող քայլեն Օղակաձեւ զբոսայգու Խանջյան փողոցի հատվածով դեպի վեր ու վար եւ տեսնեն, որ կառուցման ընթացքի մեջ գտնվող հսկա շինություններից ոչ մեկը նախապես հաստատված նախագծով չի կառուցվում:

Նրանք չգիտե՞ն, չեն տեսնու՞մ դա: Իհարկե գիտեն, պարզապես իրենց փայաբաժինը ստացել են, եւ ամեն ինչ դարձել է «օրինական»: Եթե այս նախարարությունն իր հիմնական գործառույթներից մեկը՝ վերահսկումը, չի իրականացնում, ապա դրա գոյությունն ավելորդ է: 2004 թ.-ից Կառավարության տարբեր որոշումներում կարելի է հանդիպել «Գլենդել Հիլզի» եւ նույն սեփականատերերին պատկանող այլ ընկերությունների անունները: Անորակ շինարարության պատճառը հենց այստեղ պետք է փնտրել: Սակայն միեւնույն է, այս ամենի պատասխանատուն դարձյալ նախագահ Սերժ Սարգսյանն է:

Հենց նա պետք է վերցնի այս ամենը փոխելու պատասխանատվությունը: Իսկ դրա համար պետք է կայացվի ստեղծված իրավիճակը փոխելու որոշում: Ամենադժվար գործը հենց դա է` իրավիճակը փոխելու որոշում կայացնելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter