HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Երբ Ազգային ժողովը փոխարինում է կալանավայրին

Ասում են` շուտով Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվելու օրենքի նոր նախագիծ` տոների մեջ ավելացնելու են եւս մեկը` թիկնապահների օրը: Առայժմ հայտնի չէ, թե ով է լինելու նախաձեռնության հեղինակը, որ քաղաքական ուժը կամ որ անկախ պատգամավորը: Սակայն միանշանակ կարելի է պնդել, որ այն լինելու է ամենաազդեցիկ տոնը Հայաստանում: Այդ օրը վերածվելու է համազգային տոնախմբության: Հրավիրվելու են ոչ միայն հայ աստղերը, այլեւ աշխարհի հանրահայտ երգիչները:

Այդ օրը տրվելու են մեդալներ, լինելու է հրավառություն, ծաղիկներ, շամպայն... Այդ թիկնապահ-սափրագլուխները, որ դարձել են սոցիալական ամենակայուն խավը, իրապես արժանի են հարգանքի: Եվ նրանց ըստ արժանվույն պետք է գնահատի ազգը: Բացեք թերթերը, նրանց մասին անընդհատ հոդվածներ են հրապարկվում, նրանք լուրերի «Թեժ տասնյակ»-ում են: Նրանք հարգանքի արժանի տղերք են, քանի որ զենք ունեն եւ կանաչ ճանապարհ, իսկ ճանապարհ հարթողները նրանց օլիգարխ տերերն են` պատգամավորները: Առանց այդ թիկնապահների պատգամավորներն իրենցից ոչինչ չեն ներկայացնում, առանց նրանց որեւէ քայլ չեն կարող անել, նույնիսկ տնից չեն կարող դուրս գալ: Առանց թիկնապահների նրանք ոչինչ են, առանց թիկնապահների վախենում են իրենց կյանքի, ունեցվածքի համար: Վախենում են անօրինական գործարքներով ձեռք բերած իրենց հարստությունը կորցնելուց: Այդ պատգամավորներն ու իրենց թիկնապահները «ազգի սերուցքն են»: Մեզնից յուրաքանչյուրը նախ եւ առաջ պարտական է թիկնապահներին, որ կարողանում են պահել, պաշտպանել մեր պատգամավորներին` ժողովրդի ընտրյալներին: Սովորական ընտրողը երբ գնում է ընտրատեղամաս, ընտրում է ոչ միայն պատգամավորին, այլեւ նրա թիկնապահին, ում թիկնապահն ավելի ուժեղ է, նա ավելի շատ ձայն է հավաքում: Ասում են` հաջորդ ընտրություններում նախընտրական պաստառների վրա լինելու են նաեւ ընտրվողի թիկնապահների դեմքերը: Ընտրողի համար այդպես ավելի դյուրին կլինի, եւ ժողովուրդը դեմքով կիմանա` ով ում է պաշտպանում: Եվ այսպես, անցած շաբաթ լուրերի «Թեժ տասնյակում» հայտնվել են Լեւոն Սարգսյանը եւ Սեդրակ Սարոյանը (գեներալ Սեյրան): Լեւոն Սարգսյանը (առավել հայտնի է Ալրաղացի Լյովիկ մականունով) վաղուց պետք է լիներ կալանավայրում: Նրա հրամանով, իսկ որոշ աղբյուրների հաղորդմամբ` նրա մասնակցությամբ 2008-ի սեպտեմբերին «Ադնակլասնիկ» սրճարանում ծեծելով սպանեցին երիտասարդ Անդրանիկ Բաբայանին:

Դեպքից օրեր հետո` հոկտեմբերի 2-ին, նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդարանում հանդես եկավ ուղերձով: Ոմանք պնդում էին, որ այս ուղերձը նախ եւ առաջ Լեւոն Սարգսյանին էր ուղղված, բայց Լեւոն Սարգսյանին ճանաչողները գիտեն, որ նրան ոչ մի ուղերձ չի կարող փոխել:

Նախագահն այդ օրն ասել է. «Ոչ ոք Հայաստանի Հանրապետությունում չի կարող իրեն անպատժելի համարել, ոչ ոք Հայաստանի Հանրապետությունում չի կարող պետության գործառույթները վերագրել իրեն: Ես բոլորին առաջարկում եմ ձեռնպահ մնալ արմատավորված արատավոր երեւույթներից, որովհետեւ հետեւանքները, իսկականից, իսկապես տեսանելի են լինելու»: Բայց այս ելույթին կարող էր նախորդել ընդամենը մի քայլ` պատգամավոր Լեւոն Սարգսյանին, ինչպես եւ պահանջում էր օրենքը, ուղարկել կալանավայր:

Անցած շաբաթ վերոհիշյալ երկու պատգամավորների թիկնապահները «հանդիպել» են «Ջիանի» ռեստորանային համալիրում: Նորից ծեծ ու ջարդ, կրակոցներ, եւ ընդամենը ժամանակավոր ձերբակալություններ: Բայց սա եւս հերթական միջադեպն է, հերթականն է, քանի դեռ այդպես են ուզում իշխանությունները: Որպես կանոն` նման դեպքերում ոստիկանությունը «լղոզված» հաղորդագրություն է տարածում, որից ոչինչ հնարավոր չէ հասկանալ, բայց կարելի է կռահել գործի ելքը: Այդպես էր նաեւ «Ադնակլասնիկի» դեպքում:

Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր վերջին մամուլի ասուլիսում ասաց, որ այդ միջադեպը կուսակցության հետ կապ չունի: Զարմանալի է, իսկ ու՞մ հետ կապ ունի հանրապետական երկու պատգամավորների թիկնապահների հետ կապված միջադեպը: Գուցե իրո՞ք կապ չունի, երեւի «Ջիանիում» «Համասի» տղերքն էին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter