
Շոկի մեջ են ընկել` լսելով Ս. Տեր-Պողոսյանի մանկապղծության մասին
Արթուր Հովհաննիսյան
Ախթալայում գործող «Մեթըլ Փրինս Էլ Թի Դի կորպորացիա»-ի նախագահ, «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ընկերության գլխավոր տնօրեն Սերոբ (Գորիոն) Տեր-Պողոսյանի վերաբերյալ ԶԼՄ-ներում վերջերս սկանդալային բացահայտումներ եղան:
Նա մեղադրվում է մանկապղծության մեջ եւ արդեն կալանավորված է: Տեղեկություններ կան, որ այդ բացահայտումներից հետո Ս. Տեր-Պողոսյանը հեռացվել է Երեւանի «Ռոտարի» մայր ակումբից, որի նախագահն է եղել 1999-2000 թթ., իսկ անդամը' դրանից շատ ավելի վաղ: Ի պատասխան այս կապակցությամբ մեկնաբանություն ակնկալող մեր հարցի' հիշյալ ակումբի այժմյան նախագահ Արմեն Ստեփանյանն ասաց.
- Նա մեր շարքերից չի հեռացվել, 3 տարի առաջ ինքը դուրս եկավ ակումբից: Ասաց, որ Ախթալայում գործերը շատ են, Երեւան շատ չի կարող գալ, ժամանակը չի հերիքում: Դրա համար էլ դուրս եկավ ակումբից: Սերոբն ինքը հին ռոտարացի է, եւ Սերոբից ոչ մեկը ոչ մի վատ բան չէր սպասում: Նա շատ նորմալ մարդ է եղել, բավական բարեգործական ծրագրեր էր կատարում, մենք ոչ մի վատ բան չենք տեսել Սերոբից: Այս ամբողջ պատմությունից, որ կա, ինչպես ցանկացած քաղաքացի, այնպես էլ մենք զարմացած ենք եւ սպասում ենք, տեսնենք' ինչ կլինի: Իհարկե, այդ ամենը մեզ համար անակնկալ էր, որովհետեւ մեր կողքին ընկեր է եղել, որին ճանաչել ենք կամ թվացել է, որ ճանաչել ենք: Սակայն մինչեւ դատարանի դատավճիռ չլինի, ես նույնիսկ համոզված չեմ, որ դա իրականություն է, այնքան սխալներ կամ զրպարտություններ են լինում, դեռ չգիտենք: Մենք շոկի մեջ ընկանք, որ լսեցինք այդ նորությունը: Կլինի դատավճիռը, դրանից հետո միգուցե կարտահայտենք մեր դիրքորոշումը:
Ըստ ակումբի նախագահի` «նման մարդ, եթե վատ իմաստով ասենք, կարող է ցանկացած տեղում լինել, եւ կապ չունի, որ նա «Ռոտարի» ակումբի անդամ է եղել»: Սա չժխտելով հանդերձ, այնուամենայնիվ, նշենք, որ ամեն մարդ չի կարող դառնալ «Ռոտարի» ակումբի անդամ: Գործում է հրավիրյալ անդամագրման կարգ. եթե տվյալ անձը ակումբի հիմնադիր անդամներից չէ, նա պարտադիր պետք է հրավիրված լինի «Ռոտարի» ակումբի անդամներից որեւէ մեկի կողմից: Պարտադիր է նաեւ, որ ակումբի անդամներից որեւէ մեկը դեմ չլինի նրա անդամագրմանը: Եթե ակումբի անդամներից որեւէ մեկը ոչ թե փաստ, այլ նույնիսկ իր կասկածներն է արտահայտում, ապա տվյալ անձը ակումբ չի ընդունվում: Հրավիրվածին մինչ ակումբ ընդունելը բծախնդրորեն ուսումնասիրում են, նրա մասին հանգամանալից տեղեկություններ հավաքում' գրեթե այնպես, ինչպես ԱԱԾ-ն որեւէ մեկին աշխատանքի ընդունելուց առաջ:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել