HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Պատերազմի ժամանակ իշխանության հետ վեճերն անընդունելի են»

Այսօր «Արցախ» ակումբում Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը պատասխանել է «Հետք»-ի եւ մյուս լրատվամիջոցների հարցերին.

Եթե պատերազմ սկսվի, դուք կոչ կանե՞ք ժողովրդին մասնակցել պատերազմին, թե՞ կշարունակեք ձեր պահանջները ներկայացնել իշխանություններին:

Մենք պատասխանատու ուժ ենք, մեզ համար առաջնային ազգային շահերն են, մենք ինքներս էլ կլծվենք պատերազմական ջանքերին: Նման դեպքում ինչ հանցագործ էլ լինի ռեժիմի ղեկավարը, վեճերը պատերազմի ընթացքում անընդունելի են, բայց բնականաբար, պատերազմից հետո այդ հարցերը կդրվեն:

Հնարավոր համարո՞ւմ եք, որ ղարաբաղյան խնդրի լուծումը դուրս կգա Մինսկի խմբի վերահսկողությունից:

Սա կարելի է համարել հավանական սցենարներից մեկը. իսկապես ռազմաքաղաքական հավասարակշռությունը փոխվում է հօգուտ Ադրբեջանի, եւ ռազմական լուծման հնարավորության հետ կապված` լարվածությունն աճում է, եւ բացառել դա ոչ մի դեպքում չի կարելի: Սա նորից համարում եմ այս ռեժիմի գործունեության հետեւանքը:

Դուք մշտապես նշում եք, որ ժողովրդի մեծամասնությունը աջակցում է Կոնգրեսին, սակայն թիվ 10 ընտրատարածքի ընտրություններին մասնակցությունը հակառակն է ցույց տալիս:

Իմ կարծիքով` լրիվ հակառակն է. եկեք վերլուծենք: Պաշտոնապես 24 տոկոս մասնակցութուն է գրանցվել ընտրություններում: Մեր ակտիվիստները, որոնք դռնեդուռ այցելել են բոլոր տները, հայտնաբերել են, որ այդ ընտրատարածքի բնակչության 30-40 տոկոսը բացակայում է Հայաստանից: Եթե հաշվարկենք Հայաստանում առկա բնակչության թվով, ապա 35 տոկոս մասնակցություն է գրանցվել: Մի վիճակում, երբ ապօրինաբար ընտրությունները տեղափոխվել էին հունվարի 10-ին, որպեսզի ընտրարշավի վերջին 15 օրերը ընկնեին տոնական օրերի վրա, մի վիճակում, երբ մամուլը չէր գործում, երբ հեռուստաընկերությունները բոյկոտել էին ընտրությունների լուսաբանումը, այդ վիճակում եթե ապահովվել է 35 տոկոսանոց մասնակցություն, ես դա համարում եմ հրաշք:

Բայց Ձեր ասելով` այդ 35 տոկոսի կեսին բերել էր հաղթող թեկնածուն:

Կապ չունի, մենք խոսում ենք մասնակցության մասին, չէ՞: Եթե միայն Փաշինյանին ընտրողներին հաշվենք, դարձյալ համարում եմ, որ դա բարձր մասնակցություն է` հաշվի առնելով այն ահաբեկման մթնոլորտը, որ ստեղծվել էր ընտրությունների շուրջ: Մենք ունենք ակտիվիստներ, որոնք պատրաստ են կյանքը տալ հանուն ժողովրդավարության հաստատման, սակայն համակիրներ ունենք, որոնք իրենց խոհանոցից դուրս չեն գա, եթե տեսնեն, որ իրենց բակում կամ ընտրական տեղամասում պրոբլեմ կա:

Հավանակա՞ն եք համարում Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն:

Հավանական չեմ համարում, որովհետեւ այդ մարդու վրա այնքան հանցագործություն կա, եւ նրա նկատմամբ այնքան ատելություն կա, որ դա հնարավոր չէ:

Ո՞վ է Հայ ազգային կոնգեսի 2-րդ դեմքը:

Կոնգրեսում բոլորը զինվորներ են` սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանից, վերջացրած թռուցիկ փակցնող երիտասարդից: Մենք գտնվում ենք բռնապետության մեջ, որտեղ իշխանությունը պատերազմում է ժողովրդի եւ ընդդիմության դեմ: Այդ պատերազմում մենք բոլորս պետք է զինվոր լինենք:

Մինչեւ ե՞րբ է ՀԱԿ-ը մի կողմ քաշված մնալու, եւ ո՞վ պետք է պայքարի` ձախողված հայ-թուրքական գործընթացի կասեցման դեմ:

Նախ` կարծես թե ինքնաբերաբար կասեցվում է: Առաջացել էր մի իրավիճակ, որտեղ միջազգային հանրությանը պետք է ցուցադրեին, որ ազգայնական ուժերը դուրս են եկել հայ-թուրքական արձանագրությունների դեմ, եւ հենց այդ բեմականացումը նրանք իրագործեցին: Կոնգրեսը մի կողմ քաշված չէ, Կոնգրեսը կատարում է ընդդիմության իր առաքելությունը, այն է` այս ռեժիմի բոլոր արատները բացել, քննադատել բոլոր ուղղություններով:

Դաշտն ազատ թողնելով` արդյոք Կոնգրեսը չտվե՞ց Դաշնակցությանը կեղծ ընդդիմություն դառնալու հնարավորություն, որի արդյունքում Արմեն Ռուստամյանն այժմ ԵԽԽՎ-ում փոխարինում է Զարուհի Փոստանջյանին` որպես ընդդիմադիր պատգամավոր:

Այդ մի հանցագործության մեջ պետք չէ մեղադրել Կոնգրեսին: Մենք ստեղծել ենք հնարավորություն` ալտերնատիվ ընդդիմադիր դաշտի ակտիվացման եւ նրանց որակների եւ իրական նպատակների բացահայտման համար: Դաշնակցությունը դուրս չի՞ եկել կոալիցիայից եւ իրեն հայտարարել ընդդիմություն: Էդ է՞լ ենք մենք արել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter