HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Ազատվել են աշխատանքից

«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնիի» (Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատ) գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետայի հրամանով 27 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից։ Գործատուն հիմք է ընդունել ՀՀ ԱՕ-ի 3 հոդվածը։ Մասնավորապես, 113 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, ըստ որի` գործատուն աշխատանքային պայմանագիրը լուծում է աշխատողի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում։

112-րդ հոդվածով գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը, եթե աշխատողը թեկուզեւ մեկ անգամ թույլ է տվել սույն օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասի, այն է` աշխատանքային կարգապահության կոպիտ խախտում: 221 հոդվածն էլ  թվարկում է աշխատանքային կարգապահության կոպիտ խախտումները, որից, ձեռնարկության տնօրինությունը առանձնացրել է 6-րդ կետը՝ անհարգելի պատճառներով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատանքի չներկայանալը։

15 աշխատակիցներ որոշել են դիմել դատական ատյաններ։ Հիշեցնենք, որ հունվարի 17-ից 20-ը ձեռնարկության հանքագործները գործադուլ էին արել՝ աշխատավարձերի բարձրացման պահանջով։ Աշխատանքից ազատվածների շահերի ներկայացուցիչ, իրավաբան Մհեր Բադալյանի կարծիքով, թվում է, թե գործատուն իրավական տեսանկյունից ճիշտ է, մինչդեռ 2009թ-ի դեկտեմբերի 2-ին իրենց պահանջները հանքագործները ներկայացրել էին տնօրինությանը ու զգուշացրել սպասվելիք գործադուլի մասին։

«Գործատուն չնայած անօրինական գործադուլ է որակում հունվարյան օրերի գործադուլը, սակայն ընդունել է նրանց պահանջը, այն է՝ բարձրացրել է աշխատավարձը։ Նշանակում է, որ տնօրենը ընդունել է պահանջը»,-ասաց Մ. Բադալյանը։ Ձեռնարկության արհեստակցական միության նախագահ Սուրիկ Թումանյանը հանդիպել է գլխավոր տնօրենի հետ՝  փորձելով պարզել աշխատանքից ազատելու իրական պատճառները։ «Ֆալետան ասաց, որ կառավարության հետ ունենք պայմանավորվածություն, որ 100 մարդ կրճատենք, բայց հաշվի առնելով սոցիալական վիճակը, 50-ն ենք կրճատելու։ Ազատել եմ` հաշվի առնելով նրանց աշխատանքը»,-նշեց Ս. Թումանյանը։ Աշխատանքից ազատվածները խուսափեցին պատասխանել մեր հարցերին։ Նրանց պատճառաբանությամբ, ազատման հիմք   է նաև այն, որ իրենք կամ հարցազրույց են տվել ԶԼՄ-ներին, կամ պարզապես երևացել են հեռուստաէկրաններին։ Սուրիկ Թումանյանը որոշ չափով համաձայն է այս տեսակետին։ Ինքը նույնպես տնօրենից հարցրել է, թե ինչու 200 գործադուլավորներից հատկապես 27-ն են ազատվել, չէ որ այդ դեպքում բոլորն էլ խախտել են ՀՀ ԱՕ-ը։

«Իհարկե, ակտիվ գործադուլավորներ կային, նրանք ազտավել են։ Գործադուլը հարթակում էր, ընկերության բակում, ու վերևից տնօրինությունը տեսնում էր, թե ինչ է կատարվում»,-ասաց Ս. Թումանյանը։ Արհեստակցական կազմակերպության նախագահը ցավում է, որ հերթական միջադեպն է տեղի ունեցել՝ հավելելով, որ ազատված աշխատակիցների մեջ նաև գերազանց աշխատողներ կան։ Մասնավորապես ապարաբարձիչ մեքենավար Դավիթ Հայրապետյանը ունի միջազգային հավաստագիր, բայց ազատվել է։ Մի փաստ ևս. «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնիի» տնօրինությունը աշխատանքի ընդունելու մասին հայտարարություն է տվել մամուլում: «Զարմանալի է` նույն մասնագիտություն ունեցող մարդկանց ազատում կամ կրճատում են, ու նրանց փոխարեն ուրիշներին աշխատանքի հրավիրում։ Այստեղ, ուրեմն, նպատակն այլ է»,-ասաց Մ. Բադալյանը։

Չորեքշաբթի երեկոյան, հանքագործները, որպես համերաշխություն իրենց ընկերներին, բողոքի ցույց էին արել՝ հանք չմտնելով, սակայն երեկ առավոտյանից ձեռնարկությունը բնականոն աշխատում։ Այս մասին տեղեկացրեց  ընկերության կառավարության և հանրության  հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանը։ Նա չժխտեց, որ աշխատանքից ազատվածների մեջ կան մարդիկ, ովքեր հունվարյան այդ օրերին աշխատանքի չեն ներկայացել։ Սպասվում են նաև կրճատումներ։

«Բայց կրճատման պատճառը ոչ թե հունվարյան գործադուլն էր, այլ գործընթացը, որի մասին հայտարարվել էր դեռ անցած տարի։ 2009թ-ին  երեք ամսվա ընթացքում պետք է կրճատեինք մեծ քանակությամբ աշխատուժ, սակայն այսքան ժամանակ պահել ենք։ Պարզապես հիմա արդեն հնարավոր չէ այդպես շարունակել»,-ասաց Ն. Աղայանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում։

Հ.Գ. Երեկ, աշխատանքային օրվա վերջում Մ. Բադալյանը տեղեկացրեց, որ 15 հոգուց 14-ը հետ են վերցրել իրենց փաստաթղթերը։ Ինչպես տեղեկացրեց իրավաբանը, մարդիկ մտավախություն ունեն։ Ըստ նրանց` «որոշներին երեկ կանչել են ոստիկանություն, ուստիև մարդիկ չեն ցանկանում պայքարել իրենց իրավունքների համար»,-ասաց Մ. Բադալյանը։ Թե ինչ կապ ունի ոստիկանությունն այս գործընթացի հետ՝ դեռ պարզ չէ։ Սակայն մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նրանցից ոմանք նշեցին, որ պարզապես ոստիկանությունում խորհուրդ են տվել «չհրահրել իրավիճակն ու իրավունքների համար պայքարը տանել օրենքով սահմանված կարգով՝ դատական պրոցեսով»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter