HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարսահարդարում` բարեգործական նպատակներով

Կենսաթոշակառու, 65-ամյա Ժորա Խաչատրյանը 23 հազար դրամ թոշակ է ստանում: Ընտանիքը 5 անձից է բաղկացած, ոչ մեկը չի աշխատում: Փետրվարի 11-ին Ալավերդի քաղաքում վարսահարդար Տիգրան Հախինյանը սոցիալապես անապահով մարդկանց մազերը հարդարելու  նպատակով իր 8 աշակերտների հետ այցելել էր բարեգործական ճաշարանում կերակրվող անապահովներին: Ժորա Խաչատրյանն էլ կարողացավ հարդարվել այս ծրագրի շրջանակներում: «Մազերս մեկ ամիս առաջ էի կտրել, բայց ոչ վարսավիրանոցում: Գոհ եմ այս ջահելներից, շատ գոհ եմ»,- ասաց Ժորա Խաչատրյանը: «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպությանը պատկանող Ալավերդի քաղաքի ճաշարանը գտնվում է քաղաքի Ս./Սարահարթ թաղամասի թիվ 5 մանկապարտեզի շենքի մասնաճյուղերից մեկում: Ինչպես տեղեկացրեց  բարեգործական ճաշարանի տնօրեն Այծեմիկ Մկրտումյանը` ճաշարանում սնվում են  քաղաքի Ս./Սարահարթ թաղամասի շուրջ 110  սոցիալապես անապահով ծերեր և հաշմանդամներ: Թե որքան գումար է ամսեկան հատկացվում սոցիալապես անապահով այս մարդկանց սննդի համար, տնօրենը չկարողացավ հայտնել` պատճառաբանելով, որ իրենք գումարով չեն աշխատում: Սոցիալապես անապահովների սնվելուց հետ վարսահարդարն ու իր աշակերտները ճաշարանի ղեկավարության կողմից տրամադրված առանձին սրահում 3 ժամվա ընթացքում հարդարեցին 40 սոցիալապես անապահով մարդկանց մազերը: Ճաշարանի տնօրեն Այծեմնիկ Մկրտումյանը հայտնեց իր գոհունակությունը Տիգրան Հախինյանի նախաձեռնության համար. «Շատ ճիշտ է որոշել Տիգրանը, որովհետև այս մարդիկ դրա կարիքը շատ էին զգում: Այստեղ սնվողները դժբախտաբար այնքան են անապահով, որ ի վիճակի չեն այցելել վճարովի վարսավիրանոցներ: Հիմա այս մարդիկ տեսքի են եկել»: «Վարսահարդարների այս խմբի ուսուցումը պետական ծրագրով է, նրանց ինձ մոտ  մասնագիտանալու է ուղարկել Ալավերդու զբաղվածության կենտրոնը, ուսուցումը ավարտված է և խմբի անդամները լիարժեք տիրապետում են վարսահարդարի մասնագիտությանը: Մենք հրաժեշտից առաջ որոշեցինք այցելել սոցիալապես անապահով այս մարդկանց և հարդարել նրանց մազերը: Մեզ շատ լավ ընդունեցին այս մարդիկ»,- ասաց Տիգրան Հախինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter