HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության նախարարը չի տիրապետում իրավիճակին

«Հետքի» «SOS. պոչանքները լցվում են Դեբեդ գետը» հոդվածում հրապարակված փաստերի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար «Ժառանգություն» կուսակցության ԱԺ խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը պատգամավորական հարցումով դիմել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին:

Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական տեսչության աշխատակիցների ուսումնասիրության արդյունքներով նախարարը ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանին պատասխանել է, թե հոդվածում տեղադրված լուսանկարները Այրում-Ճոճկան պոչամբարի հետ կապ չունեն, դրանք ընկերության տարածքում առկա ջրանցքի լուսանկարներն են, որը կառուցվել է դեռեւս 1995 թ.:

Ջրանցքը նախատեսված է անձրեւաջրերի, ինչպես նաեւ կոմբինատի պահեստային ջրերի հեռացման համար: «Նշված կեղտաջրերը արտադրական կեղտաջրերի հետ կապ չունեն, ուստի արտադրական պոչեր իրենց մեջ չեն պարունակում»,- պատգամավորին հայտնում է նախարարը: Վերջինս նաեւ տեղեկացրել է, որ բնապահպանական տեսչության աշխատակիցների ուսումնասիրության ժամանակ անալիտիկ հետազոտություն կատարելու նպատակով ջրի նմուշառումներ են վերցվել սելավաջրերի հեռացման ջրանցքի խողովակից, ինչպես նաեւ Ուչքուլիսա (Ախթալա) գետակից:

Ըստ նախարարի` անալիտիկ հետազոտության արդյունքում հոսքաջրերի մեջ արտադրական թունավոր պոչանքներ չեն հայտնաբերվել: Եթե նախարարը կամ տեսչության աշխատակիցները նայեին լուսանկարները եւ «Հետքի» ինտերնետային տարբերակում տեղադրված տեսանյութը, պիտի որ նման պատասխան չուղարկեին պատգամավորին: Հիշեցնենք, որ «SOS. պոչանքները լցվում են Դեբեդ գետը» հոդվածում «Հետքը» ուղղակիորեն ահազանգել է «Մեթըլ Փրինս» կորպորացիային պատկանող Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի թունավոր պոչանքները գիշերները Ախթալա (նույն Ուչքուլիսա) գետակ, այնտեղից էլ Դեբեդ գետը լցնելու եւ գետի ջրով ոռոգվող Ախթալայի, Քարկոփի, Շնողի, Ճոճկանի, Մեծ Այրումի եւ Նոյեմբերյանի այգիներին ու բանջարանոցներին սպառնացող վտանգների մասին:

Բնապահպանության նախարարի` պատգամավորին տված պատասխանից հետո «Հետքը» ուսումնասիրել է լեռնահարստացման կոմբինատի արտադրության հետեւանքով Ուչքուլիսա (Ախթալա) գետակամերձ ողջ տարածքի եւ Այրում-Ճոճկան  պոչամբարի խողովակներից եւ ջրամբարից Դեբեդ գետը թափվող թունավոր պոչանքների վիճակը: Մեր այցելության պահին լեռնահարստացման կոմբինատից իջնող խողովակից հոդվածում պատկերված ջրանցք թափվող պոչանքների հոսքերը դադարեցված էին:

Օգոստոսի 14-ին եւ դրան նախորդող օրերին Ախթալայում տեղումներ չեն եղել, իսկ ըստ նախարարի` դրանք անձրեւաջրեր են եղել: Կոմբինատից սնվող խողովակից հոսող հոսքերի նկարահանումների ժամանակ էլ պարզ եղանակ էր, ուստի նախարարի նշած անձրեւաջրերի հոսքերի մասին խոսք լինել չի կարող: Ինչ վերաբերում է պահեստային ջրերին, ապա այդ մասին չի խոսում ջրանցքում պոչանքների ակնհայտ առատությունը, որոնք անձրեւաջրերի հետ հոսում են Ուչքուլիսա գետակը:

Հոդվածի հրապարակումից հետո «Մեթըլ Փրինս» ընկերության գլխավոր տնօրեն Մադլեն Թաշջյանի խորհրդական Գրիշա Դավթյանը «Հետքի» հետ քննարկումների ժամանակ կասկած է հայտնել, որ կոմբինատի աշխատողներն են հոդվածում պատկերված խողովակից միտումնավոր պոչանքներ բաց թողել: Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանն էլ ասում է, որ լեռնահարստացման կոմբինատի արտադրական թափոնները գիշերները Ուչքուլիսա գետակ լցնելու մասին վաղուց է տեղեկացվել: «Ես այսպես եմ հասկանում եւ տեղյակ եմ, որ կոմբինատից սնուցվող այդ խողովակը իր փականով նախատեսված է կոմբինատի արտադրական վթարների դեպքում պոչանքները գետակ ուղղելու համար:

Մեր տեղեկություններով` գետակ են թափվում նաեւ ֆաբրիկայից դեպի Այրում-Ճոճկան պոչամբար գնացող եւ գետակի վրայով անցնող խողովակներից ու Մեծ Այրում գյուղ թեքվող ճանապարհին հարող պոչամբարի ջրանցքից»,- ասաց քաղաքապետը: Սեպտեմբերի 4-ի «Հետքի» ուսումնասիրությունները նաեւ պարզեցին, որ Դեբեդ գետը թափվող Ուչքուլիսա գետակի էկոլոգիական անվտանգության համար լուրջ սպառնալիք են նաեւ գետակի վրա գտնվող Ախթալայի Բարիտ թաղամասի ոռոգման ջրագծի ջրահավաքի հարակից տարածքում, ոռոգման ջրագծերի խողովակների վրա 2001-ից կուտակված եւ Նահատակ ձորի վրա գտնվող` լեռնահարստացման կոմբինատի 2-րդ պոչամբարի բեռնաթափման պատճառով, 2008-ից Մեծ Այրում գյուղ գնացող ճանապարհաեզին կուտակված պոչանքների հսկա կույտերը: Դրանց վտանգների մասին քաղաքապետ Հայկ Խաչիկյանը 2011 թ. ապրիլին տեղեկացրել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, սակայն անթույլատրելի վայրերում կուտակված վտանգավոր պոչանքները շարունակում են թափված մնալ: Վտանգավոր պոչանքները կոնսերվացված պոչամբարներ տեղափոխելու համար քաղաքապետը խնդրել է Լոռու նախկին մարզպետ Արամ Քոչարյանի միջամտությունը, նա 2011 թ. երկու գրություններով, որոնցից մեկը 15.04.2011 թ. հասցեագրվել է ԼՀԿ-ի գլխավոր տնօրենի օգնական Մադլեն Թաշջյանին, պահանջել է նույն պոչանքները տեղափոխել չօգագործվող պոչամբարներ, սակայն խնդիրն այդպես էլ չի լուծվել:

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի «Հետքի» աղբյուրները սեպտեմբերի 4-ին մատնացույց արեցին լեռնահարստացման կոմբինատից դեպի Այրում-Ճոճկան պոչամբար գնացող խողովակաշարի այն տեղանքները, որտեղից գիշերները պոչանքները լցվում են Ուչքուլիսա գետակ: Դրանցից մեկը անցնում է ուղիղ գետակի վրայով, մյուսը Նահատակ ձորի վրա գտնվող եւ դեպի Մեծ Այրում գյուղ գնացող ճանապարհի եզրին գտնվող պոչանքներով լի ջրանցքն է, որից պոչանքները հոսում են Դեբեդ` գետի ստորգետնյա թունելի միջոցով: «Պոչամբարների` «Հետքի» դիտարկած երեք ջրանցքների փականները պետք է կնքված լինեին բնապահպանական տեսչության կողմից»,- նկատեց լեռնահարստացման կոմբինատի «Հետքի» աղբյուրը:

Սակայն դրանք ոչ միայն կնքված, այլ նաեւ մեկուսացված չէին: Սեպտեմբերի 4-ին Այրում-Ճոճկան պոչամբարի ջրանցքը նկարելիս մեզ մոտեցավ Մեծ Այրում գյուղի բնակիչ Սահակ Նազարյանը եւ տարօրինակ զուգադիպությամբ սկսեց զրուցել իր խոսքերով շատ կարեւոր խնդրի մասին. «Էս խվոստը բաց են թողնում, մեր գյուղի` Մեծ Այրումի պոմպակայնը գտնվում է Շնող գյուղի տակ: Ամբողջ անցած տարի, ես խոշոր հողատեր եմ նաեւ, 30-40 հա հող ունեմ այժմ, ամբողջ անցած տարի ծառերիս ինչքան վնաս տվեց, ասես հա: Ծառ ա, բանջարեղեն ա, լրիվ չորացներ: Իմ հողամասը Մեծ Այրումի ոռոգման ջրի բասեինի տակին ա: Երբ խվոստը բերեցին Այրում- Ճոճկան պոչամբարը, ասինք` էտա փրկվեցինք, բայց էս տարի էլ խվոստը լցնում են գետը, դրանից հետո էլ գալիս է լցվում մեր այգիները:

Ոնց չեմ խվոստը նկատում, էս ամբողջ բաղատերերը, Փոքր Այրում խաղողի բաղատերեր նկատում են: Մենք մի քանի անգամ, ես ոչ թե ասենք կլյավուզ կամ էս կամ էն, այլ էս պոչանքները մեզ տեղովը վնաս են տալիս: Համ ռակի բունա, համ էլ ծառերը չորացնում ա: Ծախս ենք դնում, ես էսա 3-րդ տարին է` այգի եմ գցում, ինչքան էլ ծախսած չլինեմ, 1,5 մլն դրամ հաստատ ծախսած կլինեմ: Այգիս նոր ա բերքի տակ, էն էլ չորանում ա: Այգիս Դեբեդի ջրով եմ ջրում: Էնքան խվոստ ա դառնում, որ կանավի տակին այ սենց մի թիզ նստում ա»:

Սեպտեմբերի 6-ին «Հետքը» Մեծ Այրում գյուղում լուսանկարեց Սահակ Նազարյանի այգիների ջրանցքները, որտեղ կուտակված էին պոչանքների մնացորդները: Եվ սա այն դեպքում, երբ բնապահպանության նախարարի հանձնարարությամբ բնապահպանական տեսչության աշխատողները Ուչքուլիսա գետակի հոսքերում ու նաեւ Դեբեդ գետի ջրերի նմուշներում անալիտիկ հետազոտությունների արդյունքներով մշտապես թունավոր պոչանքներ չեն հայտնաբերում: Հետաքրքիր է` ի՞նչ կասի այս դեպքում բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:   

Մեկնաբանություններ (6)

Mika
Իհարկե բնության մասին այդ ջհուդամասոնները չեն մտածում: Ասեմ ավելին, ոչնչի մասին էլ չեն մտածում, միայն փողի և իշխանության մասին են մտածում: Թե՞ դեռ պարզ չի ում համար են դրանք աշխատում: Հայե՛ր, հերիք է պարենք դրանց երաժշտության տակ: Մեր դրախտավայր Հայաստանը այդ անկուշտ խուժանները վերածել են իսկական դժոխքի: Ե՞րբ պետք է դրանց կանգնեցնենք: Սա մեր բոլորի խնդիրն է: Ո՞վ պետք է պաշտպանի մեր երկիրը այդ թալանչիներից: Մենք դրանց համար ընդամենը ապրանք ենք.. հարստանալու աղբյուր, ուրիշ ոչինչ... խնդրեմ եթե մեկը կասկածում է, գնացեք այս հղումով և համոզվեք http://pravdorub.net/analitika/sobitiya/1809-totalnyj-kontrol-chelovechestva?antiddos=6d4a924d5a514460ffb412f910dfe84d Դեռ ինչքա՞ն ենք քնելու, հայեր ջան:
Վահե 2010
Հարգելի` es, շատ ճիշտ եք, Կաշառակերների իշխանությանը ամեն գնով գրպանի եկամուտ ապահովող ղեկավարներ են հարկավոր: Իսկ թալանի համընդհանուր հոսքին դեմ գնացողները ավելի հաճախ հայտնվում են բանտերում:
mahmouzian
that not a minister he is a as and a criminal.they should hang him plus the pwnero the mine bunch of criminals
Susan
Մեկնաբանությունը...Hovsep jan du shat jisht es , iharke naxarar@ mas uni ete voch inchov en harstanum?im tgan erkraban e, gorcazurk; Azniv mard@ teg chuni Hayastanum;Petk en azgi korcanichner,vor ham irenk grpanner@ lcnen ,ham verevnerin kshtacnen;Korchi azg@:
es
Dra hamar el teschutyan erku barexixch ashxatakicnere, ovqer jamanakin ajd amene tesel ev hajtnaberel en hima qreakan himnarknerum en, xexcherin brnel tvecin` shincu ev bacardzakoren planavorvac kasharki gorc sarkelov nranc vra, isk hima verjapes parz dardzav,te serobe ova u inchova zbaxvel,vonca karoxacel vorosh marminneri ognumtyamb sra nra vra gorc sarki, bajc cavoq voch voq bnapahpanneri gorcin chandradardzav, ev et barekirt mardik (andzamb chanachum em)sharunakum en mnal QKH-um, u erevite aveli erkar kman qan serobi nman takanqin bajin khasni,vorovhetev mer erkrum ashxatum en xelaci mardkancic azatven,dra hamar el mer ore esa.....
Suqias
Es inqs tesel em, te inchpes en ayd pochanqner@ tapvum Akhtala get, heto el mianum Debed getin. Mite hnaravor che izolacnel pochanqner@, heriq chi inchqan vnas tveciq mer taratsashrjanin, hima el mez tunavorum eq. Hatuk missia uneq mez vochnchacnelu u nor rad linelu. Voch, menq dzer hakhic kganq u enpes mer erkric kqshenq dzez nman sut, stor, lkti, aylandak hayerin...Teev dzez hay el chem kochi, duq h tari iravunqn el chuneq. Duq masson eq, musulman eq...., bayc voch hay. Amusinnerov irar tatabrnuk areq u koreq mer erkric.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter