HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Պարսկական «թերեք»` գրամը 8 դոլարով

2009 թ. մարտին շենգավիթցի Գարիկը մեկնել է Թեհրան, որտեղ պարսիկ Ալին նրան առաջարկել է գրամը 8 դոլարով «ափիոն» տեսակի թմրամիջոց, իրենց լեզվով` «թերեք» գնել: Շատ լավ իմանալով Հայաստանում դրա գնի եւ պահանջարկի մասին` Գարիկը միանգամից ընդունել է առաջարկը, տեղում վճարել 3.500 դոլար` պայմանավորվելով, որ 4.500 դոլար էլ կվճարի Երեւանում, երբ Ալին կուղարկի խոստացած 1 կգ «ափիոնը»: Արդեն մարտի վերջին Երեւանի «Այրարատ» կինոթատրոնի մոտ Գարիկը դիմավորել է պարսիկ Ջամալին, նրանից վերցրել Ալիի ուղարկած պոլիէթիլենային տոպրակը ու տարել Մանթաշյան փողոցի իր բնակարանը: «Բայց տանը կշռեցի ու տեսա, որ ցելոֆանի միջի նարկոտիկը ոչ թե 1 կգ է, այլ 850 գրամ»,- հետագայում իրավապահներին պատմել է Գարիկը: Սակայն, միեւնույն է, նրա գործարքը «հաջողված» էր, որովհետեւ Հայաստանում «ափիոնի» 1 գրամի միջին գինը 10.000 դրամ է` իր վճարածից մոտ 2,5 անգամ թանկ: Հետեւաբար, նույնիսկ Հայաստանում գործող ամենաէժան գնով իրացնելու դեպքում, Գարիկը պարսիկին տված 8000 դոլարն առնվազն կկրկնապատկեր: «Տարիներ առաջ` 1994-95 թթ., ես «Վերնիսաժից» 1 լիտր «քացախաթթվի անհիդրիդ» եմ գնել` քիմիական փորձերի համար»,- ավելի ուշ ցուցմունքում նշել է միջնակարգ կրթություն ունեցող 34-ամյա Գարիկը: Նա մինչեւ մայիսի 6-ը կուլ տալու միջոցով գործածել է 50 գ «ափիոն» եւ նույն ժամանակահատվածում իր «ապրանքից» տարբեր գներով ու չափաբաժիններով վաճառել է թմրանյութ օգտագործող ծանոթներին` Հովսեփին եւ Գուրգենին: «Մոտ մեկ տարի է` թմրանյութ եմ օգտագործում: 2009 թ. ապրիլին մի քանի անգամ Գարիկից գնել եմ ընդհանուր առմամբ 20 գրամ «ափիոն» եւ 20 մլ ծավալով «քացախաթթվի անհիդրիդ»: «Ափիոնի» 1 գրամի համար նրան տվել եմ 10 հազար դրամ: Օգտագործելու ժամանակ անհիդրիդը խառնելով, «բացելով» ափիոնի հետ` ստացել եմ հեղուկ թմրանյութ եւ գործածել ներարկելու միջոցով: Թմրամիջոցը ձեռք եմ բերել միայն իմ համար, դրանից երբեք ոչ մեկին չեմ տվել»,- ոստիկաններին ասել է ավտոփականագործ, 37-ամյա Հովսեփը: Գուրգենը թմրանյութը ձեռք է բերել շատ մատչելի գնով` «ափիոնի» գրամը 16 դոլարով, իսկ պրեկուրսոր հանդիսացող քացախաթթվի անհիդրիդի 1 միլիգրամը` 500 դրամով: «Իմ ծանոթ Գարիկից նարկոտիկ ձեռք բերելու շուրջ պայմանավորվել եմ հեռախոսով: Ապրիլի կեսերին իմ գործածման համար նրանից գնել եմ 3 գ «ափիոն» եւ մոտ 250 մլ անհիդրիդ: Մայիսի սկզբներին պայմանավորվեցինք, որ նորից պետք է առնեմ` արդեն 180 գ «ափիոն» ու 500 մլ քացախաթթվի անհիդրիդ: Մայիսի 6-ին Գարիկը դրանք բերեց մեր տուն, բայց չհասցրեց իրացնել, քանի որ ոստիկանության աշխատակիցները նրան բռնեցին»,- նախաքննական ցուցմունքում գրել է «Մեջիկ Կորն» ՍՊԸ-ի տնօրեն, 38-ամյա Գուրգենը: Նրա տանը խուզարկության ժամանակ իրավապահները հայտնաբերել են «Տրամադոլ» տեսակի հոգեմետ 6 դեղահաբ, 0.15 գ «հաշիշ», 2.35 գրամ չորացված «մարիխուանա» եւ 7.62 մմ տրամաչափի «ՏՏ» տեսակի մարտական ատրճանակ` 16 հատ փամփուշտներով: Գուրգենը հայտարարել է, թե «անծանոթ մի տղամարդ, իմանալով, որ ինքը թմրամիջոց է գործածում, 2008 թ. «Հանրապետության հրապարակում» դրանք անհատույց տվել է իրեն, իսկ ատրճանակն ու փամփուշտները 2007 թ. տվել է ծանոթներից Գեղամը, որը Ռուսաստանում մահացել է, վերջինիս վերաբերյալ այլ տվյալներ իրեն հայտնի չէ: Գուրգենը, թեեւ նախապես որոշել էր Գարիկից երկրորդ անգամ թմրամիջոց ձեռք բերել, սակայն հետագայում հրաժարվել է այդ մտքից եւ վերջինիս հետ ունեցած պայմանավորվածության մասին կամովին հայտնել ոստիկանությանը, ինչի շնորհիվ էլ Գարիկը, թմրամիջոցն իրացնելու պահին, ձերբակալվել է հենց իր բնակարանում: Վարույթն իրականացնող մարմինը, հիշյալ հանգամանքը հաշվի առնելով, 2009-ի հոկտեմբերին այդ դրվագով Գուրգենի վերաբերյալ քրեական գործի մասը կարճել է` հանցագործությունը մինչեւ վերջ հասցնելուց կամովին հրաժարվելու պատճառաբանությամբ: Քննիչը գտել է, որ Գուրգենի «ակտիվ աջակցությամբ է մերկացվել ապօրինի թմրամիջոց իրացնող Գարիկի հանցավոր գործունեությունը»: Դատարանը, վերը շարադրված հանգամանքներից եւ Գուրգենի անձը բնութագրող տվյալներից (խնամքին հաշմանդամ քրոջ եւ զառամյալ մոր առկայությունը) ելնելով, հանգել է այն հետեւության, որ վերջինիս ուղղվելը հնարավոր է նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով` սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով: Այս գործը դատարան է ուղարկվել հոկտեմբերի 7-ին: Նախաքննական մարմինը դրան կցել է նաեւ Գարիկի «գործունեության» հետ կապ չունեցող Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ Անդրանիկի գործը: Խուզարկության ժամանակ 40-ամյա Անդրանիկի մոտ իրավապահները հայտնաբերել են 0.77 գ «ափիոն» եւ 0.52 գ «հաշիշ» («չորացված մարիխուանա»), իսկ նրա բնակարանից` 4.85 գ «ացետիլացված ափիոն» ու 1 մլ քացախաթթվի անհիդրիդ: Վերջինիս կինը հայտարարել է, թե «դրանք պատկանում են թմրամոլությամբ տառապող ամուսնուն»: Անդրանիկը ոստիկաններին ասել է, որ «2009 թ. ապրիլին Երեւանի ավտոշուկայում պատահական հանդիպել է իր ծանոթ, ազգությամբ վրացի ոմն Դաթոյի: Իմացել է, որ նա թմրամիջոց ու «քացախաթթվի անհիդրիդ» է վաճառում: Նույն ամսվա վերջերին, տարբեր օրերի, ավտոշուկայում վերջինիցս իր գործածման համար 1 գրամը 15.000 դրամով երեք դեպքով գնել է ընդհանուր 9 գրամ «ափիոն» եւ 3 մլ ծավալով «քացախաթթվի անհիդրիդ»: Իր մոտից հայտնաբերված «չորացված մարիխուանան» հավաքել է իրենց գյուղի դաշտերից, չորացրել ու պահել մեկ-մեկ ծխելու համար: Կոնկրետ ե՞րբ, որտեղի՞ց է հավաքել, չի հիշում: Իսկ Դաթոյի վերաբերյալ տեղեկություններ չունի, նրան միշտ հանդիպել է ավտոշուկայում, հեռախոսահամար չունի»: Դատանարկոլոգիական եզրակացություններով` բոլոր 4 մեղադրյալները` Գարիկը, Հովսեփը, Գուրգենն ու Անդրանիկը, տառապում են թմրամոլությամբ եւ ունեն հարկադիր բուժման կարիք: Դատաքննության ընթացքում նրանք հրաժարվել են ցուցմունք տալուց` խնդրելով հիմք ընդունել իրենց նախաքննական ինքնախոստովանական ցուցմունքները, լիովին ընդունել են իրենց մեղքը, զղջացել կատարածի համար ու հայցել մեղմ վերաբերմունք: Դատավոր Ժորա Վարդանյանը Հովսեփի եւ Անդրանիկի համար պատիժ է սահմանել 9-ական ամսով ազատազրկում եւ 100 հազարական դրամ տուգանք` միաժամանակ երկուսի դեպքում էլ պատժի կրման ընթացքում նշանակելով թմրամոլության դեմ հարկադիր բուժում: Իսկ Գարիկին, նույն չափի տուգանքից ու հարկադիր բուժումից բացի, ազատազրկել է 8 տարի ժամկետով: Վերջինիս դեպքում դատարանը, իբրեւ պատասխանատվությունը խստացնող գործոն, դիտարկել է այն, որ դեռեւս անցյալ տարվա ապրիլին Գարիկը դատապարտվել էր «Առանց իրացնելու նպատակի` թմրամիջոցների ապօրինի շրջանառության» համար եւ գտնվելով մեկամյա փորձաշրջանի մեջ` կատարել էր երկրորդ հանցագործությունը: Իսկ որպես պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ` դատավոր Վարդանյանը հաշվի է առել, որ Գարիկը իր խնամքին ունի 16 եւ 17 տարեկան երեխաներ, թոշակառու մայր ու որեւէ զբաղմունք չունեցող կին, ընտանիքի միակ կերակրողն է, եւ մինչեւ բնակարանի խուզարկությունը սկսելը ոստիկաններին կամովին հանձնել է թաքցրած թմրամիջոցները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter