HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Արմեն Գեւորգյանը ստանոկ չունի, որ փողերը տպի, բերի բաժանի»

Փետրվարի 3-ին Արագածոտնի մարզպետարանի մարզխորհրդի հերթական նիստն էր: Այս մեկը տարբերվում էր նախորդներից, քանի որ նիստին ներկա էր փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Բացելով նիստը` փոխվարչապետն ասաց, որ փետրվարի 2-ից մեկնարկել է հանրապետության բոլոր մարզպետների հաշվետվությունների գործընթացը: «Այս ձեւաչափն առաջին անգամ է ընտրվել եւ շարունակական է լինելու: Նպատակն այն է, որ մարզպետների հաշվետվությունները քննարկվեն տեղերում` համայնքների ղեկավարների ներկայությամբ»,- ասաց Ա. Գեւորգյանը: Թեեւ այս ձեւաչափի ընտրության նպատակը մարզպետների հաշվետվություններին համայնքապետերին մասնակից դարձնելն էր, սակայն Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին ոչ մի համայնքապետ հարց չուղղեց: Մոտ մեկ տասնյակ համայնքապետեր, ոգեւորված «ընձեռված հնարավորությունից», սկսեցին տարաբնույթ հարցեր ուղղել փոխվարչապետին: Իհարկե, Ա. Գեւորգյանը բոլոր հարցերին պատասխանեց, սակայն նրա պատասխանները երբեմն չէին բավարարում համայնքապետերին, եւ բուռն բանավեճ էր սկսվում: Ստորեւ ներկայացնում ենք մի քանի համայնքապետերի եւ Արմեն Գեւորգյանի հարցուպատասխանները: Վարդենիսի համայնքապետ Կամո Պետրոսյան - Գյուղի դպրոցը 1970-ականների կառույց է, ոչ մի անգամ չի վերանորոգվել եւ տարիների ընթացքում վթարային է դարձել: Դպրոցի ջրահեռացման դրենաժային համակարգը խցանվել է, եւ ջրերը լցվում են նկուղը: Էլ չեմ ասում, որ դպրոցի ներսի հարդարանքը ոչ թե գրավում է երեխաներին, այլ վանում: Արմեն Գեւորգյան - Իսկ դուք դիմե՞լ եք սեյսմոլոգներին, որ դպրոցի վթարայնության աստիճանը որոշվի: Կամո Պետրոսյան - Դեռ ոչ, ընդամենը 1 տարվա համայնքապետ եմ, չեմ հասցրել: Արմեն Գեւորգյան - Շնորհավորում եմ ձեզ` դեռ 3 տարի ունեք, կհասցնեք: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյան - Պարոն փոխվարչապետ, մարզի Արագածավան դպրոցը 1960-ական թվականների կառույց է, վերանորոգման խիստ կարիք ունի` փլվելու ենթակա կառույց է: Հատակն արդեն ճռճռում է, իսկ պատերը հեռացել են իրարից` վտանգ ներկայացնելով աշակերտների կյանքին ու առողջությանը: Եթե միջոցներ կան, առաջնահերթ ուղղենք այս դպրոցի վերանորոգմանը: Նույն վիճակում է նաեւ Շենավանի դպրոցը: Արմեն Գեւորգյան - Ուրեմն ես պիտի գամ հասնեմ այստեղ, մարզխորհրդի նիստ անցկացնեմ, նոր իմանա՞մ, որ Արագածոտնի մարզում կա մի դպրոց, որ ճռճռում է, ու դեռ վթարայնության աստիճանն էլ պարզ չէ: Ուսումնասիրեք, «Սեյսմշին» ընկերությունը թող որոշի դպրոցի վթարայնության աստիճանը, հետո նոր միայն կքննարկենք: 2010 թվականի պետական բյուջեն արդեն հաստատվել է եւ ավել բան անել չենք կարող: Հանրապետությունում հաշվառվել է 3-4 աստիճանի վթարայնության 35 դպրոց, որոնք առաջնահերթ կվերանորոգվեն: Եթե այդ դպրոցները չկան այդ ցանկում, ուրեմն գործընթացը պետք է զրոյից սկսեք, որ ներառվի ցանկում: Եթե ձեզ թվում է, որ լրացուցիչ փող ենք հատկացնելու, գումար ենք տալու, նման հարցերին միանգամից ասում եմ` ոչ: 2010-ի բյուջեն արդեն հաստատված է: Ինչը բյուջեով նախատեսված չէ` նոր բան չեմ քննարկելու: Բյուրականի համայնքապետ Հրաչյա Ավագյան - Համայնքը արոտավայրեր չունի: Համայնքին հարակից կա 500 հա անտառային ֆոնդի տարածք, որտեղ վերջին տարիների ընթացքում անտառի վերականգնման ոչ մի աշխատանք չի իրականացվել, խնդրում ենք դրանք հատկացնել համայնքին, որ անասնապահությունը կարողանանք զարգացնել: Արմեն Գեւորգյան - Վերջին տարիներին քանի՞ անգամ եք դիմել «Հայանտառին», թե այդ տարածքները տվեք օգտագործենք, ու իրենք ձեզ մերժել են: Հրաչյա Ավագյան - Մենք դիմել ենք մարզպետարան, պատասխանը հստակ չի եղել ու «Հայանտառին» չենք դիմել: Արմեն Գեւորգյան - Պարզ է: Ասեմ, որ «Հայանտառի» ֆոնդերը չենք օտարելու ոչ մեկին, իրենց ֆոնդերը մնալու են իրենց: Եթե համայնքը գտնում է, որ ֆոնդի հողը կարող է օգտագործել, ուրեմն պետք է «Հայանտառի» հետ վարձակալության պայմանագիր կնքեք ու օգտագործեք: Եթե ես Բյուրականին 500 հա հող տամ «Հայանտառի» ֆոնդից, մյուս համայնքներն էլ կպահանջեն, ու ես բացատրություն չեմ ունենա, թե ինչու մեկին տալիս եմ, մյուսին` ոչ: Շամիրամի համայնքապետ Մրազ Բրոյան - Պարոն փոխվարչապետ, խնդրում ենք, որ այս տարի եւս հողի վարձավճարների համար գյուղացուց տույժ-տուգանքներ չգանձվեն, քանի որ առանց այն էլ չենք կարողանում հարկ հավաքել: Արմեն Գեւորգյան - Այն, ինչ արեցինք 2009 թվականին, մեծ հաշվով սխալ էր: Այսօրվա իրավական ամբողջ դաշտը ենթադրում է, որ համայնքապետը որպես լծակ կարող է գյուղացու նկատմամբ օգտագործել 3 տարվա ժամանակահատվածը: 3 տարի առաջ գոյացած պարտքերն ու ապառքները գյուղացիները կարող են ընդհանրապես չվճարել, որովհետեւ կա հայցային վաղեմության ժամկետ: Եթե դուք հիմա ինձ համոզեք, որ այդ օրենքն ընդունենք, եւ ձեր գյուղացիները կամավոր գալու են փող վճարեն ձեզ, որը կարող են եւ չվճարել, ես մեծ հաճույքով դա կանեմ: Այդ ժամանակ գյուղացիները չեն հասկացել` վճարել են, հիմա սկսել են հասկանալ, ու այդ աղմուկն արդեն սկսվել է: Ես կարող եմ անել առավելագույնը` հայցային վաղեմության ժամանակահատվածում կուտակված ապառքների մասով կիրառենք տույժ-տուգանքներից ազատելու արտոնությունը: Դա ընդունելի տարբերակ է, եւ ես պատրաստ եմ դրան գնալ: Շղարշիկի համայնքապետ Հովհաննես Հարությունյան - Հարցս ոռոգման ջրի հետ է կապված: Ես անձամբ մի քանի հեկտար հող ունեմ, որպես հողօգտագործող ասեմ, որ Արարատյան դաշտավայրում հող ենք մշակում ու մեկ հա-ի համար մեկ անգամ ոռոգումը հասնում է մինչեւ 30 հազար դրամի: Այսօր փաստ է, որ այդ գումարային արժեքով հնարավոր չէ հող մշակել: Սակագինը շատ բարձր է: Արմեն Գեւորգյան - Ի՞նչ եք առաջարկում, եթե լինեիք իմ փոխարեն, ի՞նչ կանեիք: Հովհաննես Հարությունյան - Կարելի է հարմարվել գյուղացու հետ, մի քիչ զիջել: Ջրի սակագինն իջեցնել այն մակարդակի, որ հողերը ջրվեն: Ինչպե՞ս էր 5-6 տարի առաջ, թող այդպես լինի: 5 տարի առաջ 1 հա ոռոգելու համար 10 հազար դրամ գումար էին վերցնում: Արմեն Գեւորգյան - 6 տարի առաջ փողի արժեքն ինչքա՞ն է եղել: Հովհաննես Հարությունյան - Տարբերությունն այդքան էլ մեծ չի եղել: 30 հա հողատարածք ունեմ: Արդյունք ստանալու համար պետք է առվույտը 2 անգամ ջրվի: Մեկ անգամ եմ ջրել, ու գինը կազմել է 2.5 մլն դրամ: Արմեն Գեւորգյան - Եթե դուք ինձանից ուզում եք լսել, որ ես ջրի գին եմ իջեցնելու` բացառվում է, այդպիսի բան չի լինելու: Եթե ինձանից ուզում եք լսել, որ ջուրն օգտագործելու եք ու դրա համար չեք վճարելու` բացառվում է: Ջուրը ապրանք է, ինչպես վճարում եք գազի, հեռախոսի համար, նույն կերպ էլ պետք է վճարեք ջրի համար: Եթե հիշեցիք 5-6 տարի առաջվա պատմությունները, ապա հիշեք, թե ինչ վիճակում են հայտնվել այդ ժամանակվա ընկերությունները, որոնք ձեզ ջուր են մատակարարել: Միլիարդավոր պարտքեր կուտակելով` հիմա գտնվում են սնանկացման վիճակում: Դուք միայն ձեր տեսակետից եք նայում, իսկ ես այնտեղ նստած` ամբողջ համակարգի տեսակետից եմ նայում: Առնվազն Արարատյան դաշտավայրի գյուղացիները ջրից բողոքելու իրավունք չունեն, նաեւ բարոյական առումով, քանի որ հանրապետությունում կան տարածքներ, որտեղ պոմպերով եռաստիճան, քառաստիճան ջուր են հասցնում գյուղացուն` խորանարդը 50-60 դրամ սակագնով: Բա այդ ժողովուրդն ի՞նչ անի: Բռնեմ պոմպերն անջատե՞մ, ջուր չտա՞մ նրանց: Հովհաննես Հարությունյան - Լավ, ի՞նչ անենք: Թողնե՞նք այդ հողերը, չմշակե՞նք: Ծախսը չի հանում, ինչպե՞ս մշակենք, ուզում եմ հողս մշակեմ ու քիչ թե շատ արդյունք ստանամ: Արմեն Գեւորգյան - Մշակեք: Իսկ ի՞նչ եք ուզում, որ ձեզ ձրի ջուր տա՞ն: Ուրեմն այնպիսի մշակաբույս աճեցրեք, որ եկամուտ ստանաք: Հայաստանում ձրի ջուր չկա, նման բան չի լինելու: Դուք պարտավոր եք վճարել այն սակագինը, որը սահմանվել է դեռեւս 2007 թվականի փետրվարին: Հովհաննես Հարությունյան - Հարգելի փոխվարչապետ, ասում եք մշակեք, բայց պետք է հնարավորություն ունենանք, որ մշակենք: Մեր աչքի առջեւ հողերն անտեր են մնացել, չխոսե՞նք, չասե՞նք: Արմեն Գեւորգյան - Հիմա ի՞նչ եք ուզում, ես ձեզ ձրի ջուր տա՞մ: Դուք վճարում եք խորանարդը 9 դրամով, բայց դա դուք եք այդպես վճարում, իրականում ինքնարժեքը բարձր է: Պետությունն էլ միայն այս տարի 4 մլրդ 700 մլն դրամ դոտացիա է տալիս, որ դուք 20 դրամի փոխարեն 9 դրամով վճարեք: Այնպես չէ, որ փողերը գրպանս լիքն են, ես էլ ձեզ փող չեմ տալիս: Ոսկեհատի համայնքապետ Գարեգին Սարգսյան - Պարոն Գեւորգյան, գյուղատնտեսական մթերքն էլ ապրանք է, հաշվի առեք` ինչքանով ենք վաճառում: Ես մեր գյուղի պայմաններում որ հաշվարկում եմ, ստացվում է, որ գյուղացին վնաս է կրում հողից, քանի որ վար ու ցանքի, պարարտանյութի, վարձավճարների գները բարձր են: Դրանից ենթադրվում է, որ այս տարի անմշակ հողերի թիվը էլ ավելի է շատանալու: Արմեն Գեւորգյան - Ճիշտ եք ասում: Ձեր նույն տրամաբանությամբ ես պետք է որեւէ բան չիրականացնեմ ջրամատակարարման համակարգում: Թող ինքնահոսի մատնվի ու գա մի պահ, որ պարտքեր կկուտակվեն, Գլադունչիկը հոսանքը կանջատի, ու ոչ մի պոմպակայան չի աշխատի: Դուք խոսում եք վարձերի մասին, պետությունը միայն Թալինի եւ Արմավիրի մայր ջրանցքների համար 28 մլն դոլար վարկային ռեսուրս է ներգրավել Համաշխարհային բանկից: Դա վարկ է եւ պետք է ետ վերադարձնենք: Իմիջիայլոց, այդ վարկն էլ գյուղացու վրա չի անդրադառնալու, քանի որ սակագնի մեջ հաշվարկված չէ: Իսկ գիտե՞ք ջրառի աշխատողի միջին աշխատավարձն ինչքան է: Ասեմ իմացեք` 35 հազար դրամ: Ձեր համայնքներում նման աշխատավարձով աշխատող կա՞: Այդ մարդիկ արդեն հրաժարվում են աշխատել: Հիմա ի՞նչ անեմ, ասեմ` կներեք, ձեր աշխատավարձը չեմ բարձրացնելու, որ գյուղացուն էժան ջուր բերե՞մ: Էլի եմ ասում` Արմեն Գեւորգյանը ստանոկ չունի, որ փողերը տպի, բերի բաժանի: Ես գնամ ի՞նչ անեմ, Ռուսաստանի հետ ի՞նչ «քյալագյոզություն» անեմ, որ գազի սակագինը բարձրացնում է: Բաներ կան, որ պետք է ոչ թե ձեր սեփական «դուքյանից, նայեք, այլ ընդհանուր տեսակետից: Սարալանջի համայնքապետ Ռոբերտ Բարսեղյան - Ասեմ, որ համայնքը բազմաթիվ խնդիրներ ունի: Ընդհանրապես խմելու ջուր չունենք, չի գործում գյուղի մշակույթի տունը: Համայնքապետարանը գործում է վագոն-տնակում, որն արդեն ամբողջությամբ շարքից դուրս է եկել: Խնդրում եմ միջոցներ ձեռնարկեք: Արմեն Գեւորգյան - 2010-ի համար գումար չունենք: 1.5 մլն-ով ձեր համայնքի դոտացիան այս տարի ավելացել է: Մինչեւ հիմա ոնց էիք աշխատում` այնպես էլ գնացեք աշխատեք: Մարզխորհրդի նիստի ժամանակ հաշվետվությամբ հանդես եկավ նաեւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա ասաց, որ վերջին օրերի ուսումնասիրությունից պարզվել է, որ նախկին տարիներից կուտակված աշխատավարձերի պարտքերը մի քանի միլիոնով ավելացել են: Քանի որ համայնքապետերը մարզպետին հարցեր չուղղեցին, Արմեն Գեւորգյանը նրան հարց ուղղեց: Արմեն Գեւորգյան - Պարոն մարզպետ, այդ ինչպե՞ս եղավ, որ պակասելու փոխարեն պարտքերն ավելացան: Սարգիս Սահակյան - Ինձ ներկայացրել են, որ համայնքներում ունեն 182 մլն դրամի աշխատավարձի պարտք, որից փակել են 117 մլն-ը: Վերջին մեկ ամսվա ընթացքում մեր ուսումնասիրությունները պարզել են, որ աշխատավարձի պարտքերը շատ ավելին են, քան ինձ ներկայացրել էին: Մոտավորապես 20 համայնք այդ խնդիրն ունի: Արմեն Գեւորգյան - Առնվազն 2 տարի է մենք այդ հարցով զբաղվում ենք եւ հիմա՞ եք բացահայտել, որ 20 համայնքում նման խնդիր կա: Արագածոտնի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալական աջակցության պետի տեղակալ Պավել Նազարյան - Այդ թվերը ներկայացված են եղել նախորդ տարիներին: Այս տարի մարզպետը հանձնարարեց, որ այդ թվերը վերանայենք: Բոլոր գյուղապետերի հետ զրուցել ենք, տեղեկանքներ ենք վերցրել, եւ ուսումնասիրություններից պարզվել է, որ չվճարված պարտքը կազմում է 111 մլն դրամ: Ես նախկինում այդ հարցով չեմ զբաղվել, նոր եմ այս պաշտոնում: Արմեն Գեւորգյան - Լավ, դուք եք այդ պաշտոնում նոր, բայց կարո՞ղ է մարզպետարանն էլ երեկ է ստեղծվել: Պարոն մարզպետ, այդ բացատրությունները չեմ ընդունում: Ամիսը մեկ անգամ հանդիպում ենք նախարարությունում ու քննարկում կուտակված աշխատավարձերի մարման դինամիկան: Այդ ո՞նց է ստացվում, որ ձեր մոտ ավելանում է նախկին տարիներին կուտակված աշխատավարձերի պարտքը: Ես ո՞ր մեկին հավատամ, ու՞մ պատմեմ, որ տրամաբանական լինի: Սա լուրջ թերություն եմ գնահատում մարզպետարանի աշխատանքում: Մեկ տարվա ընթացքում պարտավոր էիք բացահայտել եւ քայլեր ձեռնարկել, որ գումարը չավելանար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter