HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Սամվել Նիկոյան. «Թուքիայի հետ հարաբերությունների բարելավումը ազգային անվտանգության հարց է»

Հայ-թուրքական հարաբերություններն ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանն առաջին հերթին դիտարկում է ազգային անվտանգության համատեքստում և գտնում է, որ հարաբերությունների կարգավորմամբ գոնե կմեղմվի Թուրքիայից եկող սպառնալիքը: «Երկրորդ` տարածաշրջանում կստեղծվի բարենպաստ ֆոն, որի պայմաններում մեր պատկերացումներով շատ ավելի դրական լուծում կարող է ստանալ ղարաբաղյան հիմնահարցը»,- «Փաստարկ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Ս. Նիկոյանը` ավելացնելով, որ վերոգրյալներից հետո միայն խնդրին մոտենում է տնտեսական զարգացմանը նպաստելու տեսանկյունից: Ըստ նրա` մինչև հիմա Թուրքիան բոլոր հարցերում, միջազգային բոլոր կառույցներում հանդես է գալիս ադրբեջանամետ դիրքորոշմամբ, «Ադրբեջանին ցուցաբերում է նյութական, բարոյական, ռազմական, ռազմատեխնիկական աջակցություն», մինչդեռ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո նա կարող է «ձեռնպահ մնալ նման միակողմանի քաղաքականությունից»: Ինչ վերաբերում է արձանագրությունների վավերացմանը, ԱԺ փոխնախագահի կարծիքով, գործընթացն ունի հնարավոր 3 զարգացում: Առաջին` երկու երկրներում վավերացման գործընթացներն ընթանում են զուգահեռ: Երկրորդ` հայկական կողմը սպասում է, որ Թուրքիայի պառլամենտում պրոցեսն ընթանա, և երրորդը` հայկական կողմը շարունակում է նախաձեռնողական քաղաքականությունը: «Ուրիշ բան է, երբ նստում ու անընդհատ սպասում ես, թե ինչ պետք է անի Թուրքիան, ուրիշ բան է, որ անընդհատ դու քայլեր ես կատարում, և Թուրքիան հետևում է դրան, կա´մ պատասխանում է, կա´մ սկսում է արդարանալ: Մենք պետք է նկատի ունենանք ոչ միայն Թուրքիայի, այլև մեր գործընկերների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոպայի վերաբերմունքը, որոնք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ամբողջ ընթացքում մեզ համար եղել են գործընկերներ, և բոլորն իրենց դիրքորոշումներում արտահայտել են այն տեսակետը, որը համահունչ է ՀՀ արտաքին քաղաքականությանը»,- ասում է Ս. Նիկոյանը: Ինչ վերաբերում է վավերացման համար նշվող «ողջամիտ ժամկետներ» ձևակերպմանը, ԱԺ փոխնախագահը դեմ է, երբ նշվում են կոնկրետ ամսաթվեր. «Ոմանք նշում են, որ մարտ-ապրիլ ամիսներին պետք է վավերացվի: Եթե համոզված լինենք, որ դա տեղի է ունենալու մայիս ամսին, ի՞նչ է, պետք է հրաժարվենք դրանից: Մենք պետք է հետևաենք գործընթացներին, դրանք դրակա՞ն ուղղությամբ են զարգանում, թե՞ լճացել են, թե՞ հետընթաց են ապրում: Դրանից կախված` ողջամիտ ժամկետը կարող է տարբեր ընկալում ունենալ: Ողջամիտ ժամկետի ընկալումը նաև պետք է համահունչ լինի միջազգային հանրության` ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ռուսաստանի ընկալումներին»,- նշում է բանախոսը: Նիկոյանը մանրամասնում է, որ այս փուլում նախաձեռնողական քաղաքականության շարունակություն ասելով նկատի ունի, որ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկի արձանագրությունների վավերացման հարցը: Իսկ վավերացումը, ըստ նրա, պետք է լինի Թուրքիայի պառլամենտի կողմից արձանագրությունների վավերացումից հետո: «Իսկ ինչո՞ւ ենք սպասում Թուրքիային» հարցին ի պատասխան` Ս. Նիկոյանը նշեց. «Սա կախված է նաև որոշակի անվստահությունից Թուրքիայի գործողությունների նկատմամբ, թե արդյոք նա անկե՞ղծ է իր ցանկությունների մեջ»: Ըստ նրա` մի կողմից մենք Թուրքիային հնարավորություն ենք տվել, որպեսզի ապացուցի, թե ինչքանով է եվրոպական արժեքների կրողը, մյուս կողմից` Եվրոպային ասում ենք` այս գործընթացը մենք միասին ենք անցնում, սա հնարավորություն է, որ դուք հասկանաք և գնահատեք` Թուրքիան ձեր արժեքային համակարգը կիսո՞ւմ է, թե՞ ոչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter