HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Ամերիկուհի հայտնի հիպին եւ Հայաստանը

Ամերիկուհի կինոպրոդյուսեր Մերլին Գիարդինոյին (նաեւ հանրահայտ «Մերլին Մակարոնի» կոմիկ կերպարը) հանդիպեցի Մոսկվա կինոթատրոնի բացօթյա պատշգամբում: Արտաքնապես արտասահմանցու էր նման, բայց վստահ էր զգում իրեն Հայաստանում: Միանգամից հետաքրքրվեցի նրանով. սկսեցինք խոսել, հեռախոսահամարներ փոխանակեցինք եւ մի քանի օր անց հանդիպեցինք նկարիչների միության մոտ տեղակայված սրճարաններից մեկում:

Նա Հայաստան էր եկել Գոռ Կիրակոսյանի “Lost and Found in Armenia” Ֆիլմի նկարահանումները կազմակերպելու համար: Ապրում էր նկարիչների միության սենյակներից մեկում:

Մերլինն իր ժամանակների հայտնի հիպիներից է եղել ԱՄՆ-ում. նա մինչ այսօր էլ շարունակում է ապրել, ստեղծագործել, հագնվել հիպիական ավանդույթներով: Նա լքել է հայրական տունը, մեկնել Սան Ֆրանցիսկո, երբ շատ երիտասարդ էր:

Երբ ծնողներիդ թողնում ես, նրանք ակնկալում են, որ կվերադառնաս ամուսնացած, իրենց համար թոռնիկներ ունեցած... Ծնողներս ինձ չարգելեցին մեկնել. նրանք միշտ ասում էին «Գնա, դու գնա», բայց դա ինձ համար էր շահավետ: Միգուցե ես այն ժամանակ ցավեցնում էի նրանց, միգուցե նրանք մենակ մնալ չէին ուզում... Հիմա ես էլ երեխաներ ունեմ եւ թողնում եմ նրանց գնալ: Մտածում եմ` ես ամուսին ունեմ, մենք միասին վատ չենք ապրում, ուրեմն երեխաները թող ազատորեն գտնեն իրենց ճանապարհը, որովհետեւ եթե իմ ծնողները կանգնեցնեին ինձ, միգուցե ես այն մարդը չլինեի, ով կամ հիմա: Պրոդյուսեր լինելու փոխարեն միգուցե փոքրիկ քաղաքում բժիշկ, ինժեներ կամ տեխնիկ աշխատեի, ունենայի 5 երեխա, չգիտեմ (ժպտում է):

Երկար ճանապարհորդություններից հետո Մերլինը հայտնվում է կինոաշխարհում, որտեղ էլ ստեղծում է իր պատմությունը:

Ես կինոաշխարհ մտա երկու տիպի կրթություն ստանալուց հետո. առաջինը Լոս Անջելեսի կինեմատոգրաֆիայի քոլեջն ավարտելն էր, երկրորդը` ընկերներիս հետ շփվելը: 1970-ականներին Լոս Անջելեսում հանդիպեցի մի խումբ ուսանողների` տարբեր քոլեջներից: Նրանք բոլորն էլ ֆիլմ նկարել սիրում էին: Մենք միասին տեղափոխվեցինք մի տուն, որտեղ էլ սկսեցինք ստեղծել մեր ֆիլմ-համայնքը: Մեկն ասաց, որ ինքը պրոդյուսերը կլինի, մյուսը` ռեժիսորը, հաջորդը` ձայնային օպերատորը, ես էլ որոշեցի աշխատել պրոդյուսերի եւ ռեժիսորի հետ, օգնել նրանց: Առաջին ֆիլմը, որ միասին նկարեցինք, «16 միլիմետր»-ն էր: Մեր հին տեսախցիկներով գնացինք Լոս Անջելեսից դուրս ու սկսեցինք նկարել կարճամետրաժ ֆիլմեր: Մեր ֆիլմերը տարանք "A&M Records" ու խնդրեցինք` հովանավորեն մեզ` ավելի մեծ ֆիլմեր նկարելու: Նրանք համաձայնեցին, այդպիսով սկսվեց մեր կարիերան: Մենք թիմ էինք, մեզնից յուրաքանչյուրն անում էր ամենատարբեր գործեր. երբեմն  ես տեսախցիկն էի ձեռքս վերցնում, երբեմն հաշվարկներ անում: Բոլոր նկարահանված կադրերը մենք տանում էինք տուն, սկսում աշխատել. կտրում էինք նեգատիվները, կադրերը ճշգրտորեն կպցնում իրար եւ այլն: Մեր ֆիլմերը սկսեցին ցուցադրվել հեռուստացույցով. դա մեծագույն ուրախություն էր մեզ համար: Իմ հաջողության գաղտնիքն այն էր, որ աշխատում էի հանճարեղ ու պրոֆեսիոնալ արտիստների հետ: Եթե ուզում ես հաջողակ լինել, պիտի իմանաս ավելին, քան գիտես, իսկ դրա միակ ձեւը պրոֆեսիոնալ մարդկանց հետ աշխատելն է:

Դու Հոլիվուդում Լոս Անջելեսի կինոդպրոցի տնօրենն ես, նաեւ դասավանդում ես այնտեղ: Քո դասախոսությունները ոչ միայն կինոարվեստի, այլ նաեւ բուդիզմի, պատմության, հին աշխարհի մասին են: Հայաստանը հայտնի է որպես «ոչ հայտնի» երկիր. ի ՞նչ կա մեր կողմերում:

Ես ուզում եմ շուտ վերադառնալ ԱՄՆ ու պատմել իմ ուսանողներին այս վայրի մասին, ասել, որ դրախտը դեռ գոյություն ունի: Եթե ուզում եք փրկվել, պիտի իմանաք Հայաստանի մասին, պիտի սիրեք այս վայրը, որը մի փոքրիկ երկիր է այս մեծ աշխարհում: Ի ՞նչ տեսա ես այստեղ. տեսա մեր բոլոր հայրերի տունը: Տեսա քաղաքակրթության արարիչներին, տեսա լեռներ, որտեղից ջուր է հոսում` մեր երկրագնդի կյանքը պատկերելով: Հայաստանը այն քիչ դրախտավայրերից է, որ մնացել է այս մոլորակում: Այստեղի խոտը դարերի հոտն ունի. արեւի հոտը: Ուրիշ երկրներում էլ կանաչ վայրեր կարելի է գտնել, նույնիսկ ավելի կանաչ, քան Հայաստանում, բայց դրանք արեւի ու բնության հոտը չունեն, քանի որ արդեն աղտոտված են: Ես նատուրալիստ եմ եւ ինձ համար դժվար է ապրել աղտոտված մոլորակում:

On set, The Blue Lagoon, Fiji, 1979Միգուցե միջնադարի մեծություններին գտնես եվրոպական թանգարաններում, բայց հայկական թանգարանում դու գտնում ես մարդկության ողջ պատմությունը. ամենաառաջին քայլող մարդուց մինչեւ բրոնզե, քարե դար եւ այլն: Դու ծանոթանում ես տիեզերքի բաշխողականությանը, առաջին աստվածներին, այնուհետեւ քրիստոնեության գաղափարին ու դրա տարածմանը: Տեսնում ես իրական քրիստոնեական եկեղեցիները: Եւ փաստը, որ կինը մեռնում է` հանուն քրիստոնեության տարածման, խոսում է այն մասին, որ դեռ դարեր առաջ ֆեմինիստական գաղափարն է առաջ քաշվել այստեղ` քրիստոնեության հետ մեկտեղ:

Այսօր այցելեցի հանճարեղ հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի թանգարան, ով հիմա իմ ուսուցիչն է, իմ հերոսը: Նրա աշխատանքներից ես հասկանում եմ, որ նրա սերունդը մի մեծ երազանք է տվել իմ սերնդին` սյուրռեալիզմի եւ այն կոնցեպցիայի, որ կարող ես ճանապարհորդել քո իսկ մտքում, քո իսկ ուղեղում: Դալին, այնուհետեւ Ֆելլինին եւ Անտոնիոնին արեցին այդ գործը, բայց այստեղ ես հայտնաբերեցի նաեւ հայազգի կինոռեժիսորին: Ես վերադառնալու եմ եւ իմ դպրոցում պատմելու ու ցուցադրելու եմ Փարաջանովի արվեստն ուսանողներիս:

Մերլինը ձեռք էր բերել Փարաջանովի մասին ողջ տեղեկություններն ու հարցազրույցները: Նա իր ճամպրուկում սրբորեն պահում էր կինոռեժիսորի 4 ֆիլմերը` հպարտանալով, որ հայտնաբերել է այդ ամենը: Նա նաեւ ուներ լուսանկարներ 1960-ականների սովետահայ ֆիլմերի նկարահանումներից, որոնք պեղել էր «Հայֆիլմ» ստուդիայի պատերից:

Այս լուսանկարները կարծես թե ոչ ոքի պետք չէին, բայց ինձ համար դրանք շատ թանկարժեք են, քանի որ պատմություն են մեր սերընդակից հայ կինոռեժիսորների աշխատանքի մասին:   

Դու խոսեցիր հին քաղաքակրթության ստեղծման, հայ մշակույթի, կրոնի ազդեցիկության մասին: Այո, ես էլ գիտեմ, որ այս տարածաշրջանը քաղաքակրթության եւ միջնադարյան արվեստի ստեղծման համար մեծ պատմություն է տվել, որի դեռ շատ քիչ հատվածն է բացահայտված ու ճանաչված, բայց չե ՞ս կարծում, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան կտրվել է: Զարգացման թելը կարծես թե մի տեղ կտրվել ու վերափոխվել է մեկ այլ հարթություն: Այսօրվա հայ հասարակությունն այնքան էլ չի արտացոլում իր արմատները, մշակույթը, քաղաքակրթությունը: Հասարակության վարքը տեսնելիս` չես մտածի, թե նրանց նախնիները քաղաքակրթության եւ ֆեմինիզմի արմատներ են գցել: Ի ՞նչ ես կարծում, ո ՞ւր է կորել հայ հասարակության կապը մեր մշակութային արժեքների հետ:

Summer Lovers, Santorini, 1982Ես մի վավերագրական ֆիլմ եմ նայել, որ նկարահանվել է ամերիկացի ու իտալացի գենետիկների կողմից, կոչվում է «Journey of Man»: Այս ֆիլմը սկսում է դեռ սառցե դարից, երբ ողջ Եվրոպան սառույցի տակ էր: Նույնիսկ Ռուսաստանում որեւէ մարդկային կյանք չկար: Այդ ժամանակաշրջանում Աֆրիկան այն վայրն էր, որտեղ մարդիկ ապրում էին: Ջուրը հալվեց եւ Աֆրիկայում ապրող մարդիկ սկսեցին տեղափոխվել բոլոր այն վայրերը, ուր նախկինում սառույց էր: Փաստացի, Եվրոպան ամենավերջին տարածաշրջանն էր, ուր մարդկությունը բնակվեց: Քաղաքակրթությունը սկսվել է մեկ կամ մի քանի տեսակի մարդկանցից, բայց այդ ամբողջ ճանապարհորդությունը նրանց մուտացիայի է ենթարկել: Այժմ հստակ գիտենք, որ շեկ ու կապուտաչյա մարդիկ իրականում աֆրիկացիների հետնորդներն են: Գիտնականներն արդեն գենետիկորեն դա ապացուցել են: Բայց մարդիկ, իրականում, այնքան գոռոզ են եւ հակված` ուրիշներին իշխելու, որ փոխարեն տեսնեն, թե որտեղ է իրենց արմատը, տեսնում են միայն այն, ինչ իրենց քթի տակ է:

Նրանք սկսում են կենտրոնից, որն իրենք են. ասում են ԵՍ, իմ ընտանիքը, իմ ընտանիքի ընտանիքը… եւ սա է նրանց` աշխարհն ընկալելու ձեւը: Սա մկան բնավորություն է. մուկը տեսնում է միայն այն, ինչ իր քթի  առջեւ է եւ հեշտ է հոտոտել: Մեզ տրված են աչքեր, բայց նաեւ տեսիլք, մտապատկեր. որոշ մարդիկ տեսնում են մեծ պատկերներ, որոշներն` այն, ինչ իրենց քթի առաջ է:

Մի բան, որ ինձ վախեցնում է, հետեւյալն է. 1960-ականներին գիտնականները հայտնեցին, որ մենք սպառում ենք այնքան, որ շուտով կկորցնենք բոլոր բնական պաշարները եւ ճգնաժամի առջեւ կհայտնվենք: Դրան ի պատասխան` արտադրողները նշեցին, որ չէ, պետք է ունենալ նոր ատոմակայաններ ու գործարաններ: Գիտնականներին ուղղակիորեն ասացին. «ՁԱՅՆՆԵՐԴ ԿՏՐԵՔ»: Մենք այն ժամանակ ասում էինք ատոմակայանների փոխարեն բնական էներգիայի աղբյուրներ ստեղծեք, իրենք պատասխանեցին. «ՁԱՅՆՆԵՐԴ ԿՏՐԵՔ, ՀԻՊԻՆԵՐ»:

Բայց հիմա արդեն նրանք են վախեցած. գիտե ՞ս ինչու: Որովհետեւ արդեն հասկացել են, թե ատոմակայանների գործարկումը որքան մեծ, համաշխարհային սխալ էր: Հիմա նրանք գիտեն, որ մենք գիժ չէինք ու ճիշտ էինք ասում: Հիմա արդեն գլոբալ տաքացման խնդրի առջեւ են կանգնած: Եւ կան մի շարք հիմար մարդիկ, որ ասում են, թե սա բնական է, քանի որ Աստվածաշնչում էր գրված: Ոչ, Աստվածաշնչում ասված է, որ մարդ, քեզ տալիս են ուղեղ` մտածելու եւ գործելու կարողություն: Պետք չէ քո հիմար սխալներն Աստվածաշնչի վրա բարդել: Հիմա ես վախենում եմ, որ մի օր ամեն ինչ կկործանվի ու որեւէ մեկը ողջ չի մնա: Չնայած` մենք դեռ ժամանակ ունենք սխալներն ուղղելու: Ուղղակի հիմա հարուստները մտածում են, որ եթե փող ունեն, ուրեմն պաշտպանված են: Սա մի կողմից հասկանալի է. հարուստները միշտ ունեցել են այդ տեսակետը: Թագավորները միշտ մտածում էին, որ ինչքան շատ հարստություն ունենան, այնքան մեծ բանակ կունենան եւ այնքան հեռվում կանգնած կլինեն եւ կփրկվեն: Եւ սա, այո, միշտ էլ հարուստ մարդու մտածելակերպն է եղել, որ երբեք չի փոխվել: Սա մի ձեւ է, որով մարդ արարածն ապրում է (հուզվում է): Որն է ապագան, չգիտեմ:

Հուսալքվե ՞լ ես:

Ե ՞ս, չէ: Ես չեմ կարող երբեք հուսալքվել, որովհետեւ ես քրիստոնյա եմ եւ հավատում եմ «հույս, հավատ, սեր» գաղափարին: Ես հույս ունեմ, որ այս ամենն անցողիկ է, հավատում եմ ավելի լավ ապագային եւ սիրում եմ ինձ պես մարդկանց, որ ուզում են` երկրագունդն ավելի լավը տեսնել:

Համ էլ ես մտածում եմ, որ մի օր կտեղափոխվեմ Հայաստան, կապրեմ մի գյուղում, մաքուր օդ կշնչեմ ու ջուր կխմեմ, եւ ինձ ոչ ոք չի գտնի: Ողջ աշխարհում ջուրը ոսկու գինն ունի, իսկ այստեղ շատ ավելի մաքուր ջուր կխմեմ փողոցում` ցայտաղբյուրից: Երեւանում, որն իրականում ավելի գեղեցիկ է, քան Փարիզը, ես կարող եմ գիշերվա կեսին միայնակ զբոսնել ու ինձ հետ ոչինչ չի պատահի: Սա իրոք հիանալի երկիր է, որում դուք ապրում եք:

Մեկնաբանություններ (3)

Ձեր անունը Աննա
Մեկնաբանությունը...Անի ջան, ապրես, նյութդ և' թեմաթիկ, և 'մասնագիտական առումով շատ լավն է:
Արմինե
Անի ջան, Աստված տա այսպիսի հանդիպումներ շատ ունենաս ու մեզ հրամցնես ամենահետաքրքիր հարցազրույցներդ: Շատ սիրուն ու հետաքրքրաշարժ էր:
Անուշ
Տոնուսս բարձրացավ...Ապրես,Անի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter