HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ներսես Նազարյան. «Նրանք չեն կարողացել ապացուցել իրենց մեղքը»

Անցյալ տարվա մայիսին Մարգարյան փողոցի թիվ 20/3 շենքի 1-ին մուտքի մոտ երկու անձինք ծեծի էին ենթարկել «Շանթ» հեռուստաընկերության հաղորդավար Նվեր Մնացականյանին: Մամուլում գրվեց, որ դեպքի վայրում եղել են «Գրանդ Քենդի» ընկերությանը պատկանող մեքենաներ, և հայտնի գործարար Հրանտ Վարդանյանի որդու` ԱԺ պատգամավոր Կարեն Վարդանյանի անունը, որպես բռնության պատվիրատու, կապվեց միջադեպի հետ: Այսօրվա ասուլիսի ժամանակ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանին լրագրողները հարցրին, թե իրավապահներն ի՞նչ քայլեր են ձեռնարկել միջադեպին Վարդանյանների առնչության վարկածը ստուգելու ուղղությամբ: «Իր (Նվեր Մնացականյանի) կողմից մատնացույց արված անձի մեքենան, որը մենք ստուգեցինք և պատկանում էր «Գրանդ Քենդի» ընկերությանը, բերվեցին, ստուգվեցին նրանք, նույնիսկ քննության էինք բերել, բայց իսկապես չապացուցվեց, թե, ասեմ այսպես` մեր ուժերը չհերիքեցին, որովհետև շատ դժվար է այսօր հանցագործություն կատարած անձին ստիպել, որ նա ինքը խոստովանի դա»,- ասում է Ն. Նազարյանը: Վերջինիս խոսքերով` կան գործեր, այդ թվում` Նվեր Մնացականյանինը, որոնց դեպքում ոչ թե ցանկության բացակայության, այլ ապացույցների անբավարարության պատճառով հնարավոր չի լինում բացահայտման աշխատանքներն ավարտին հասցնել. «Իսկապես, մեր կողմից այդ վարկածը ստուգվել է, և մենք 100 տոկոսանոց չենք կարողացել ասել, որ էդ մարդիկ են: Այսօր քննությունը շարունակվում է»: Հիշեցնենք, որ դեպքից հետո, ինչպես միշտ, բարձրաստիճան ոստիկանները վստահեցնում էին, որ ամեն ինչ անելու են գործը շատ արագ բացահայտելու համար: Մոտ 4 ամիս անց ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարեց, թե Նվեր Մնացականյանի դեմ կատարված բռնարարքի հեղինակները հայտնի են. «Ուղղակի ասեմ, որ Նվեր Մնացականյանի որդուն ներկայացրել են երկու անձանց (մեկը համալսարանի ուսանող է), որոնք պատմում են մանրամասներ, դեպքի վայրն են նույնիսկ ցույց տալիս, որտեղ կատարել են հանցագործությունը»: Ոստիկանապետը վստահեցրեց, որ հանցագործությունն ամենեւին կապված չէ Ն. Մնացականյանի լրագրողական գործունեության հետ. «Ես էլ կասկածում էի, որ նրա մասնագիտական գործունեության հետ է կապված: Բայց բանից պարզվեց` անհեթեթ մի պատմություն է, որի հետ այդ մարդն ընդհանրապես կապ չունի: Ինչ որ աղջկա պատմություն է, Նվեր Մնացականյանին շփոթել են մեկի հոր հետ»,- ասել էր Ալիկ Սարգսյանը: Սակայն հանցագործությունն այդպես էլ մնաց չբացահայտված. ոստիկանապետի մատնանշած հիշյալ երկու անձանց մասով մեղադրանքը չհիմնավորվեց, և քրեական գործի վարույթը կասեցվեց` հանցագործությունը կատարած անձի (անձանց) ինքնությունը հայտնի չլինելու պատճառով: «Հետքն» այսօր Ներսես Նազարյանին հարցրեց, թե պարզե՞լ են` ինչո՞ւ էին ոստիկանապետի նշած երկու անձինք ներկայացել հանցագործությունը կատարելու «ինքնախոստովանությամբ», և արդյոք նրանք պատասխանատվություն կրե՞լ են սուտ ցուցմունք տալու համար: «Իսկապես, այդ տղաները եկել են, և ինչ-որ միջադեպ էր դրանից առաջ եղել, բայց նրանց մատնանշած միջադեպը մեզ այդպես էլ չհաջողվեց հայտնաբերել, այսինքն` տուժող չկար, որ ասեր` իսկապես իմ աղջկա հետ կապված վեճ է եղել. նման միջադեպ մենք ի հայտ չենք բերել: Այդ երկուսն ազատ են արձակվել, և քանի որ նրանք չեն կարողացել ապացուցել իրենց մեղքը, մենք արհեստական նման քայլի չենք գնա, որ պատասխանատվության ենթարկենք ու փորձենք ցույց տալ, որ բացահայտվել է: Նրանք չեն եղել ու բաց են թողնվել»,- ասաց Երևան քաղաքի վարչության պետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter