HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Հերքել, թե չհերքել Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակումը

Վերաքննիչ դատարանը իր որոշումը կհայտնի մարտի 5-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը փետրվարի 19-ին քննության առավ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոն հ/կ-ի վերաքննիչ բողոքը, որով խնդրում էր բեկանել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը եւ գործն ուղարկել նոր քննության: «Արարատ» ռազմավարագիտական կենտրոն հ/կ-ն դատարան էր դիմել ընդդեմ  «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի` 2008 թ.-ին նրա հրատարակած «Կովկասյան հարեւանություն. Թուրքիան եւ Հարավային Կովկասը» գրքում հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակման հերքումը պատասխանողին պարտավորեցնելու, ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումն արգելելու եւ բարոյական վնասը հատուցելու պահանջի մասին հայցով: Ընդհանուր իրավասության դատարանը քաղ. գործի վարույթը կարճել էր պատճառաբանելով, որ հիշյալ վեճը ենթակա չէ դատարանում քննության: Հայցվորները նշում են, որ եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության, ապա դատարանը պարտավոր էր մատնանշել օրենսդրական այն արգելքը, որը դատարանին թույլ չի տալիս քննության առնել նման կատեգորիայի հայցերը, ինչպես նաեւ պարտավոր էր մատնանշել այն մարմինը, որին պատկանում է տվյալ վեճը լուծելու իրավասությունը: Հայցվորի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը երեկ դատարանում դարձյալ շեշտեց իր անհամաձայնությունը ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի վերաբերյալ եւ ավելացրեց, որ եթե դատարանի կարծիքով չկա իրավական նորմ, որը հնարավորություն տա լսելու իրենց ներկայացրած քաղ. հայցը, ապա միեւնույն է, հայցը պետք է մերժվի եւ ոչ թե կարճվի: Ըստ հայցվորի` հայոց ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքականության եւ ազգային անվտանգության ռազմավարության բաղկացուցիչ մասը, հետեւաբար, որեւէ կերպ դրա հերքումը, ժխտումը, մեղմացումը, դրա կատարված լինելու վերաբերյալ ցանկացած կասկածի դրսեւորումը, այդ թվում ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումը ոտնձգություն են՝ -Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության, -հանրային շահի, -հանրության բարքերի, -սահմանադրական կարգի, -ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործում շահագրգիռ անձանց, ներառյալ ՀՀ քաղաքացիների իրավունքների ու օրինական շահերի դեմ: Ինչպես նաեւ` Ցեղասպանության հերքումը հանդիսանում է միջազգային նախադեպային եւ սովորութային իրավունքի խախտում, դատական պրակտիկայի անտեսում: Ցեղասպանության հերքումը ճանաչվում է ցեղասպանության անբաժանելի մաս, որը եւս քրեականացված է մի շարք երկրներում: Այսինքն, ցեղասպանությունն արգելված է նաեւ միջազգային սովորութային իրավունքով, որը հավելյալ պարտականություններ է նախատեսում եւ պետությունների, եւ անհատների համար: Նախագահող դատավոր Արսեն Մկրտչյանի հարցին, թե ինչու է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը հետամուտ այդ հարցին, հայցվոր Արմեն Այվազյանը հայտնեց, որ իր ղեկավարած կենտրոնի կանոնադրություն է այն պարտավորեցնում: Կենտրոնի նպատակներից մեկն էլ այն է, որ «չեզոքացնեն միջազգային ասպարեզում ադրբեջանա-թուրքական լայնամասշտաբ քարոզչությունը, հետեւողկանորեն եւ անընդհատ քարոզեն Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տեսակետները…»: Եվ, քանի որ Հայոց ցեղասպանությունն ուղղակիորեն հերքելով եւ չակերտների մեջ առնելով՝ պատասխանողը ոտնահարել եւ անտեսել է վերոնշյալ իրավական պահանջները, դա  իրենց հիմք է տալիս ենթադրելու, որ պատասխանողը միջնորդավորված կերպով նպաստում է Թուրքիայի հակահայկական ռազմավարության իրականացմանը: Ըստ այդմ, ցեղասպանության երեւույթը կանխարգելելու եւ դատապարտելու նպատակով պետք է բացառել Հայոց ցեղասպանությունը որեւէ ձեւով հերքելը, այդ թվում՝ այն չակերտների մեջ առնելը: Ինչ վերաբերում է հայցադիմում ներկայացված բարոյական վնասի հատուցման պահանջին, ապա հայցվորի ներկայացուցիչ Ա. րիգորյանը նշեց, որ ընդհանուր իրավասության դատարանը նախ իրավացիորեն նշել է, որ դա նախատեսված է միջազգային իրավունքի նորմերով, մասնավորապես, Կոնվենցիայով, այդուհանդերձ եկել է այն համոզման, որ այս հարցը ՀՀ օրենսդրությունում չունի իր կարգավորումը եւ գործի վարույթն այս մասով ես ենթակա է կարճման: «Նման հետեւությունը, առաջին հերթին, պայմանավորված է Սահմանադրության 6-րդ հոդվածի 4-րդ մասի չկիրառմամբ, որի համաձայն, միջազգային պայմանագրերը ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Ավելին, եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը»,- նշեց փաստաբանը: Գործով պատասխանող ճանաչված «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամը հայցվորի վերաքննիչ բողոքին առարկություններ չէր ներկայացրել եւ նախագահող դատավորի հարցմանն ի պատասխան հիմնադրամի ներկայացուցիչ Վահագն րիգորյանը պատասխանեց, որ պետք է հիմք ընդունել ընդհանուր իրավասության դատարանում ներկայացրած միջնորդությունը: Քաղաքացիական վերաքննիչ դատարանն իր վճիռը կհրապարակի մարտի 5-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter