HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նրա պատկերած քաղաքում չկան բնակիչներ

«Բոլորը եւ հատկապես քաղաքական գործիչներն ու պետական այրերը գիտեն, որ արվեստագետը կարող է փոխել ամեն ինչ, ու դա էլ հենց վտանգավոր է: Դրա պատճառով են հաճախ ճնշումներ կիրառվում արվեստագետների նկատմամբ: Այդպես եղել է, եւ հիմա էլ շարունակում է մնալ այդպես: Դա չի փոխվի, քանի որ արվեստագետները միշտ ավելի շատ են մտածում նրա մասին, ինչ նրանց շուրջը կատարվում է»,- կարծում է նկարչուհի Մերի Մունը (Ամիրխանյան):

Չնայած այս ամենին` ինքը որեւէ քաղաքական ուժի չի հարում: Նրա կարծիքով` մարդիկ կան, որ խոսում են` ինչն է իրենց դուր գալիս, ինչը` ոչ: Արվեստագետը նույնն իր գործով է ասում, իսկ ասելու ձեւն արդեն արվեստագետին տրված շնորհն է` կլինի կերպարվեստ, երաժշտություն, թե արվեստի մեկ այլ ճյուղ: Մերիի համար այդ ձեւերից մեկը նկարչությունն է: Մերին նկարում է մեր քաղաքը, վայրերը, որտեղ մենք հաճախ ենք լինում, շենքերը` հին ու նոր, փողոցները: Նրա ստեղծագործության նպատակը քարտեզագրությունը չէ, այլ քաղաքի պատկերումը:

Նայելով նրա կտավները` առաջին հայացքից կարելի է կարծել, թե նկարչուհին անդրադառնում է զուտ քաղաքաշինությանը, սակայն խորքում դարձյալ ընկած է քաղաքականությունը. ի վերջո, քաղաքի տեսքը երկրում տարվող քաղաքականության հետեւանք է: Եվ, այնուամենայնիվ, նրա ասելով` իր արվեստը քաղաքական չէ նեղ իմաստով, այն քաղաքային նկարչություն է. «Գնում էի էտյուդների: Պատկերը միանգամից եկավ: Տեսա քաղաքը վերեւից` Կասկադից: Մի էսքիզ, երկու, երեք... Մինչեւ դարձավ նկարների շարք: Սկսեցի քաղաքներ նկարել, ոչ միայն Երեւանը, այլեւ այլ քաղաքներ: Քաղաքը ֆիքսել, դարձնել դոկումնետալ, պահել էնպես, ոնց որ կա իմաստային առումով` թողնելով հենց քաղաքի էությունը, բնական տեսքը: Սա եմ դնում հիմքում»,- ասում է Մերին:

Այս առումով Մերին կարծես գտել է իր ուզածն արտահայտելու լավագույն ձեւը. գույնը պասիվ է, նախընտրած նյութերից են` յուղաներկ, պաստել, սոուս, մատիտ, իսկ տեխնիկան` հաճախ մետաքսատպագրությունը, քանի որ այն լավագույնս ներկայացնում է քաղաքի համայնապատկերը` լուսանկարի տպավորություն թողնելով:

Նկարչուհու համար նկարելու թեմա են դառնում հատկապես քաղաքում կատարվող անընդհատ փոփոխությունները. «Սկզբում չէի հասկանում` վրաս ազդեցությու՞ն է թողնում քաղաքում կատարվող շինարարությունը, փոփոխությունը: Ես դա ուշ հասկացա, քանի որ այդ պահին չես զգում` ինչն է իրականում քեզ վրա ազդում»: Նրա ասելով` նկարելուց առաջ միտքն է գալիս, որ պետք է մշակես, մաքրես, հղկես, հետո այն արտահայտես` արդեն կտավի վրա:

«Նախ` դրանք առաջին հերթին էմոցիաներ են, որ հետո հանգեցնում են որեւէ մտքի: Իսկ ո՞նց է էդ միտքը դուրս գալիս: Այն շաղախվում, ծեծվում է, էնքան, մինչեւ դուրս է գալիս մեկ այլ բան: Դրանից չի կարող վատ բան դուրս գալ, որովհետեւ երկար մշակման արդյունքում այն մաքրվում է, զտվում ու ավելի հասանելի դառնում, ավելի մաքուր: Ու էդ մաքուր միտքն է, որ պիտի հաղորդես դիտողին, մաքուր ասելիքը` առանց ավելորդությունների»,-ասում է նկարչուհին:

Երբ Մերին սկսեց նկարել քաղաքը եւ դրա էսքիզները ցույց տալ իր ծանոթներին, նրանք չէին ճանաչում Երեւանը. «Քաղաքը ոչ մեկը վերեւից չէր ճանաչում: Մարդիկ չէին և չեն ճանաչում քաղաքը, որտեղ ապրում էին, եւ սա ավելի շատ քաղաքը վերեւից չդիտելու ու փոփոխության արդյունք էր»:

Երբ նկարչուհուն հարցրի, թե ինչ է մտածում Երեւանի նորակառույց թաղամասերի եւ շենքերի մասին, ասաց. «Անընդհատ փոխվում է ամեն ինչ եւ վերջնական տեսքի չի գալիս: Գնում ես ամեն օր դասի, աշխատանքի, զբոսնելու, աչքդ սովորում է եւ այլեւս չես նկատում` ինչից ինչ է դառնում: Մարդը տեսնում է, որ քանդում են, բայց չգիտի` ինչ են կառուցելու դրա տեղը: Ես պարզապես նկարում եմ նախկինն ու նորը ու զոռով ասում` տեսեք, սա է, դու՞ր է գալիս: Նույն Հյուսիսային պողոտան կամ այլ մեքենայացված նորակառույց շենքերը: Ոչ մի բնականություն: Չկա մարդ: Սա եմ ես ցույց տալիս»: Մերիի պատկերած քաղաքում չկան բնակիչներ: Քաղաքն ամայի է: Սա, նրա ասելով, հենց իր վերաբերմունքի արտահայտությունն է:

«Մարդն էնքան է իր ստեղծածի մեջ փոքրացել, որ ինքն այլեւս չկա: Իր ստեղծածի մեջ մարդն այլեւս չի երեւում: Մենք այլեւս չկանք»:

Հ.Գ. Ինչու՞ Մերի Մուն: Մերին կարծում է, որ կանայք կամ կրում են իրենց հայրերի ազգանունները, կամ վերցնում իրենց ամուսինների ազգանունները, իսկ իրենք պարզապես չունեն ազգանուններ: Եվ ահա նա ընտրել է Մուն ազգանունը:

Մարիամ Մուղդուսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter