HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ով է կանգնեցնելու «Գլենդել Հիլզին»

2009-ի դեկտեմբերին պարզվեց, որ բյուջեով Գյումրիում անօթեւանների համար նախատեսված շենքերը «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն կառուցել է անորակ:  Այնքան անորակ, որ որոշվեց շենքերը չհատկացնել եւ պարտադրել ընկերությանը որոշ աշխատանքներ նորից կատարել: Օրինակ` ընկերությունը ստիպված է քանդել  մոտ 30 հազար քմ գաջած պատերը եւ նորից գաջել: 

Սակայն դեկտեմբերյան սկանդալից  «Գլենդել Հիլզը» ամենեւին դասեր չի քաղել: Հերթական սկանդալն է հասունանում Սպիտակում, որտեղ նույն ընկերությունը շահագործման պիտի հանձնի 300 բնակարան: Պարզվել է, որ շենքերի վերջին հարկերի առաստաղները կառուցվել են պենոպլաստից: Շատերին զարմացրել էր ոչ թե այն, որ առաստաղը պենոպլաստից է, այլ թե ինչպես են շինարարները հաջողել դրա վրա տանիք կառուցել: 2004 թ.-ից Կառավարության տարբեր որոշումներում կարելի է հանդիպել «Գլենդել Հիլզի» եւ նույն սեփականատերերին պատկանող այլ ընկերությունների անունները:

«Գլենդել Հիլզի» սեփականատերերից մեկը սփյուռքահայ Վահե Յաղուբյանն է: Մասնագիտությամբ իրավաբան Վ. Յաղուբյանը վերջին 12 տարիներին իշխանություններին մոտ կանգնած անձնավորություն է: Սակայն դա բավարար չէ  նման ձեւով շինարարություն իրականացնելու եւ գերշահույթներ ստանալու համար: Ընկերության շինհրապարակները փակ են ոչ միայն լրագրողների, այլեւ քաղաքաշինության նախարարի համար: Այստեղից կարելի է հետեւություն անել, որ ընկերության սեփականատերերը մեծ լծակներ ունեն եւ դիրք` իշխանական բուրգում: Ընկերությունը փակ բաժնետիրական է, եւ բոլոր սեփականատերերի անունները հայտնի չեն: Բացի Վ. Յաղուբյանից, շրջանառվում են նաեւ երկու այլ սեփականատերերի՝ ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի եւ Լիբանանից մի արաբի անունները:

Սեփականատերերը իսկապես ազդեցիկ են, որովհետեւ նրանք կարողացել են Գյումրիի շինարարության համար բյուջեից նորից փող «պոկել»: Հակառակ դեպքում ընկերության նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառվեին: Մի բարձրաստիճան պաշտոնյա, ով եղել էր Սպիտակում եւ տեսել նորակառույց շենքերի տանիքները, ասաց` նույնիսկ թշնամին այսպիսի շինարարություն չէր անի: Թե ինչու՞ է այս ընկերությանը թույլատրվում շարունակել մսխել բյուջեի փողերը, այս հարցին հավանաբար վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter