HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Եվրադատարանը կնմանվի Ֆրանց Կաֆկայի հայտնի դղյակին

Այսպիսի տպավորություն է ստացել «ԱՐՆԻ Քնսալթ» ընկերության իրավաբան Արա Ղազարյանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի օրերս ընդունած Հռչակագրից, որով էապես փոխվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին (ՄԻԵԴ) գանգատներ ներկայացնելու կարգը:

Շվեյցարիայի Ինտերլեքեն քաղաքում փետրվարի 18-19-ը Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Նախարարների կոմիտեն հրավիրել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բարեփոխումներին նվիրված կոնֆերանս` «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ապագան» թեմայով: Նախարարների կոմիտեն (ՆԿ) կոնֆերանսի մասնակիցների քննարկմանն էր ներկայացրել 14-րդ արձանագրությունը, որով Եվրադատարանի համար գանգատներ ընդունելու նոր չափանիշներ են սահմանվել: ՆԿ-ն իր մտահոգությունն է արտահայտում, որ ՄԻԵԴ ներկայացվող անհատական գանգատների շարունակական աճը կարող է լրջորեն վտանգել Կոնվենցիայի արդյունավետությունը, նախադեպային իրավունքի որակը, դատարանի հեղինակությունը եւ այլն: Որպեսզի դատարանին հնարավորություն տրվի գործերը քննել ողջամիտ ժամկետներում, մասնավորապես մարդու իրավունքների լուրջ խախտումների հետ կապված, եւ բարձրացվի Նախարարների կոմիտեի կողմից իրականացվող վճիռների նկատմամբ վերահսկման արդյունավետությունը` շեշտում են ընդունելիության չափանիշների հստակ կիրառման կարեւորությունը, գանգատների արդյունավետ ֆիլտրման եւ կրկնվող գանգատների համար լուծումներ գտնելու անհրաժեշտությունը: Կոնֆերանսի ընդունած Հռչակագրով անդամ պետություններին կոչ է արվում` ամբողջովին կատարել դատարանի վճիռները, մասնավորապես ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք կարող են համանման խնդիրներ առաջացնելու հնարավորություն ունեցող իրավիճակներին լուծում տալ: Ներպետական դատարանների եւ դատարանների միջեւ հետագա համագործակցության ամրապնդման համար ՆԿ-ին կոչ է անում ստեղծել մի համակարգ, որով ներպետական դատարանները կարող են դիմել Եվրադատարան` Կոնվենցիայի մեկնաբանման հետ կապված իրավական հարցերին առնչվող խորհրդատվական կարծիք ստանալու համար: Անընդունելի ճանաչված մեծաթիվ գանգատների վերաբերյալ կոնֆերանսը ՆԿ-ին հրավիրում է քննարկելու, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն, որպեսզի Եվրադատարանը հնարավորություն ունենա կենտրոնանալ իր` մարդու իրավունքների երաշխավորի հիմնական դերի վրա եւ բավարար արագությամբ քննի հիմնավորված, մասնավորապես մարդու իրավունքների ենթադրյալ կոպիտ խախտումներին առնչվող գործերը: Ինչ վերաբերում է դատարանի մատչելիությանը, կոնֆերանսը կոչ է անում Նախարարների կոմիտեին ուսումնասիրել նոր կանոններ կամ պրակտիկա ներդնելու հնարավորությունը եւ հետեւանքները, որոնք կպահանջեն, օրինակ, դատական տուրքերի վճարում, դատավարության բոլոր փուլերում փաստաբանի պարտադիր մասնակցություն, դատարանի պաշտոնական լեզուների պարտադիր օգտագործում, ինչպես նաեւ ցանկացած այլ համանման միջոց, որը կարող է նպաստել արդարադատության բնականոն իրականացմանը: Անընդունելի գանգատների մեծ քանակը կրճատելու եւ այդ գանգատներն արդյունավետորեն ուսումնասիրելու համար Նախարարների կոմիտեին առաջարկվում է մեկ դատավորի ընթացակարգից զատ դատարանում ստեղծել ֆիլտրման մեխանիզմ` հնարավոր այլընտրանքներով: Շեշտում է անընդունելի ճանաչված գանգատների առնչությամբ դատարանի պրակտիկան հանգամանալից ուսումնասիրելու կարեւորությունը:

Հայաստանցի իրավաբաններ Արա Ղազարյանն ու Արտակ Զեյնալյանը Հռչակագրի նախագծի վերաբերյալ իրենց նկատառումներն էին ներկայացրել Նախարարների կոմիտեին: Ողջունելով Եվրադատարան ներկայացվող գանգատները ողջամիտ ժամկետներում քննելու ՆԿ-ի նախաձեռնությունը` իրավաբանները միաժամանակ նշել են, որ Հռչակագրի նախաբանում արտահայտված մտահոգությունները հաստատեցին Հայաստանի փաստաբանների կասկածները ՄԻԵԴ-ի վճիռների որակի հետեւողական անկման մասին, որը նկատելի էր վերջին տարիներին:

«Սակայն, մեր կարծիքով, Հռչակագրի նախագծում առաջարկված միջոցառումներն էլ ավելի են հեռացնում ՄԻԵԴ-ը հասարակ քաղաքացիներից` նրանց համար դատարանը դարձնելով Ֆրանց Կաֆկայի հայտնի դղյակը` որքան մարդիկ ձգտում էին մոտենալ դղյակին, այնքան վերջինս ավելի էր հեռանում նրանցից»,- իրենց մտահոգությունը պատկերավոր արտահայտել են նրանք: Հայ իրավաբանները նշել են, որ համաձայն վիճակագրության` Եվրադատարան ներկայացված գանգատների 20%-ն ակնհայտ անհիմն չէ, իսկ Հայաստանից ներկայացված գանգատների 80%-ն ակնհայտ անհիմն չէ, սակայն գանգատների ընդամենը 4%-ն է, որ քննվում է ըստ էության: Պետք է հաշվի առնել, որ դատարան ներկայացված գանգատների քանակն այսօր հասնում է 150 հազարի:

Ողջունելով վճիռների կատարման նկատմամբ ՆԿ-ի դերի բարձրացումը` ակնկալվում է, որ կոնվենցիայի մեկնաբանության խնդրանքով ներպետական դատարանները ՆԿ-ին պետք է դիմեն կոնկրետ գործի շրջանակում: Կոնկրետ գործ կարող է հանդիսանալ նաեւ Եվրոպական դատարանի վճռի հիման վրա հարուցված վերանայման վարույթը:

Եթե դա այդպես է, ապա անհասկանալի է, թե ինչու ներպետական դատարաններին հնարավորություն տրվում է դիմելու ՆԿ-ին` Կոնվենցիայի մեկնաբանման հետ կապված իրավական հարցերին առնչվող խորհրդատվական կարծիք ստանալու համար, իսկ դատարանում գործը շահած քաղաքացուն` ոչ:

Նրանց կարծիքով` մեկնաբանություն ստանալու համար դիմելու հնարավորություն պետք է տրվի բոլոր քաղաքացիներին, հատկապես հաշվի առնելով, որ Եվրադատարանը, որպես կանոն, մեկնաբանության համար ներկայացրած դիմումները մերժում է (դատարանն իր ամբողջ պատմության մեջ ընդամենը երեք այդպիսի որոշում է կայացրել):

«Կտրականապես դեմ ենք, որ ՄԻԵԴ-ը սահմանի պետական տուրք, փաստաբանի պարտադիր մասնակցություն եւ դատարանի պաշտոնական լեզուների պարտադիր օգտագործում գանգատ ներկայացնելու համար: Այդ ընթացակարգերը էապես կդժվարացնեն դատարան դիմելը, կմեծացնեն ծախսերը:

Եվրադատարան գանգատ ներկայացնելը նույնիսկ այսօրվա մատչելիության պայմաններում, այնուամենայնիվ, ծախսատար է` փաստաբանի վարձատրություն, փոստային ծախսեր եւ այլն»,- հայտնել են իրավաբանները: Անընդունելի ճանաչված գանգատների առնչությամբ դատարանի պրակտիկան հանգամանալից ուսումնասիրելու հեռանկարը հետաքրքիր նախաձեռնություն է, հատկապես, երբ գանգատներն անընդունելի համարելու մասին որոշումները եւ դրանց հիմքում ընկած դատարանի քարտուղարությունում ստեղծված փաստաթղթերը գանգատի հեղինակներին չեն տրամադրվում:

Թիվ 14 արձանագրության ամենաշատ քննադատված դրույթը, ըստ իրավաբանների, «ծանր հետեւանք» անվանված նոր ընդունելիության չափանիշն է, որի կիրառությանը դեմ են արտահայտվել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր առաջադեմ կազմակերպություններն ու անձինք:

Այդուհանդերձ, դատարանի ծանրաբեռնվածությունը համարելով գերակա խնդիր` որոշվեց ներդնել այդ չափանիշը, որով ստացվում է, որ դատարանը կարող է անընդունելի համարել նույնիսկ այն դիմումները, որտեղ մարդու իրավունքների խախտում տեղի է ունեցել, սակայն էապես ծանր հետեւանք չի առաջացրել անձի համար: Արա Ղազարյանն ու Արտակ Զեյնալյանը իրավացիորեն նշել են, որ քաղաքացիների համար Եվրոպական դատարանի առջեւ բարձրացված խնդիրները չեն տարբերակվում իրենց մեծությամբ, եթե դրանք վերաբերում են Կոնվենցիայի խախտմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter