HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Վարդանյանի կարծիքով` ՏՏ ոլորտում Հայաստանին թռիչք է հարկավոր

«Հետքի» հարցերին պատասխանում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը

Պրն Վարդանյան, ըստ Ձեզ, որո՞նք են անցնող տարվա ՏՏ ոլորտի ձեռբերումները և կորուստները:

ՏՏ ոլորտն այնքան մեծ ու տարբեր է, որ ես դժվարանում եմ ասել: Ես ավելի շատ ուշադրություն եմ դարձնում ոչ թե բիզնես խնդիրներին, այլ կոնսոլիդացիային: Կոնսոլիդացիան դրական է գնահատվում: Որքան ոլորտը կոնսոլիդանում է, այնքան ազդեցությունը մեծանում է: Նույն ՊԵԿ-ի հետ հաջողությունը կապված է ոլորտի մեծանալու հետ: Այսինքն` ինչքան ոլորտը կոնսոլիդանում է, այնքան ավելի հետաքրքիր համագործակցություն է ստեղծվում երկրի տարբեր ճյուղերի հետ: Պետք է նշել, որ տարվա վերջին ինտերնետի գներն իջան, բայց միևնույն ժամանակ որակն ընկավ: Այսինքն` այս տարի ինտերնետի որակը պետք է բարձրացնել, որը մեր առաջնահերթություններից մեկն է:

Համաձայն Գլոբալ տնտեսական ֆորումի զեկույցի` Հայաստանը ՏՏ ոլորտում 2009թ-ին 114 հորիզոնականն է զբաղեցրել: Ի՞նչու ենք նման ցուցանիշ ապահովել:

Ես կարծում եմ, որ այս տարի մենք մոտ 10 հորիզոնականով կբարելավենք մեր դիրքերը` մոտնենալով գոնե 100-րդ հոիզոնականին: Պետք է մտածել, թե որն է մեր ռազմավարական խնդիրը, որպեսզի հասկանալ, թե ինչն այնպես չէ: Մենք լավ արտադրանք ենք առաջարկում թե' մեր երկրում, թե' դրսում, բայց դժվար կամ դանդաղ ենք առաջ շարժվում:

114-րդ հորիզոնականը, այնուամենայնիվ, փաստ է մնում, իսկ հարևան Ադրբեջանն ու Վրաստանը զբաղեցրել են համապատասխանաբար 60 և 88-րդ տեղերը: Ինչպիսի՞ համեմատական կարող եք տալ:

Կարծում եմ` համեմատությունը սխալ է: Երբ մենք սկսում ենք համեմատվել հարևանների հետ, մենք մնում ենք այդ ճղճիմ տեղերում: Խոսքը պետք է վերաբերի թռիչքին, որովհետև մենք այդ հարևաններից սովորելու բան չունենք: Պետք է սովորել լավագույն երկրներից և թռիչք կատարել: Սա նաև այն խորհուրդն էր, որ Սինգապուրի նախագահը տվեց մեզ, երբ եկել էր Երևան: Պետք է ֆիքսենք, որ մենք այսօր այս կետում ենք և ֆիքսենք, թե 15 տարի հետո որտեղ ենք ուզում լինել, և բոլորս միասին քրտնաջան աշխատենք:

Ձեր կարծիքով` Հայաստանը գոնե 60-րդ հորիզոնականին քանի՞ տարի հետո կարող է մոտենալ:

Նայած տրամադրության. եթե տրամադրությունը բարձր լինի, կարող է մեկ տարվա մեջ էլ հասնենք: Այսինքն` մենք հասարակական տրամդրություն պետք է ստեղծենք, որ մարդիկ ունակ են լուրջ ձեռքբերումների, որ մարդիկ պետք է նպատակներ դնեն և հասնեն այդ նպատակներին, և քաջալերենք բոլոր այն մարդկանց, ովքեր նպատակներ են դրել դրական դաշտերում և հասել են, այլ ոչ թե գրենք սենսացիոն կամ PR գործերի մասին: Ինչքան մենք գրում ենք PR անելով, այնքան մենք խրվում ենք: Սա բոլորի խնդիրն է, ոչ մեկը չկա, որ խաղից դուրս է:

Այդ դեպքում, չե՞ք կարծում, որ Հայաստանում ՏՏ ոլորտի վերաբերյալ դրական գնահատականները չափազենցված են և չեն համապատասխանում իրական վիճակին:

Կա երկու բան. կա 6 հազար ինժեներ, որոնց արտադրողականությունը շատ բարձր է, մոտ է ամենաբարձր երկրների ինժեներների արտադրողականությանը, և նրանք տալիս են բարձր տեխնոլոգիական լուծումներ, և դա արտահանվում է: Եվ կա Հայաստան, որը չի օգտագործում դա: Օրինակ` մենք ունենք ասֆալտի գործարան, բայց ասֆալտը փռում ենք Պարսկաստանում, մեր ճանապարհների վրա ասֆալտ չենք փռում: Բայց եթե խոսքը վերաբերում է մեր ասֆալտի գործարանին, մերի որակը լավն է: Այս երկու խնդիրը պետք է իրարից զատել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter