HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Արամ Սարգսյան. «Խավարի դեմ պայքարելու իմ մոմն եմ վառում»

Քիչ առաջ Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած հանրահավաքին իր ելույթն ավարտեց 1999-ի հոկտեմբերի 27-ին զոհ դարձած վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արամ Սարգսյանը: Անդրադառնալով ՀՀ իշխանությունների կողմից վարվող արտաքին քաղաքականությանը, մասնավորապես` հայ թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, նա նշեց, որ մինչ օրս այդ չկայացած հարաբերությունների տված միակ արդյունքը Սերժ Սարգսյանի երկու տարվա իշխանավարությունն է:

Ըստ նրա` այս ամբողջ գործընթացի ընթացքում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը փորձում է ձերբազատվել իր ժողովրդի անցյալի խայտառակ էջերից, իսկ Սերժ Սարգսյանը` ներկայից: Ինչ վերաբերում ԼՂ հակամարտությանը, ապա Արամ Սարգսյանը տարակուսում է, որ Հայաստանի իշխանությունները մի կողմից Թուրքիային խնդրում են աջակցել ԼՂ կարգավորմանը, մյուս կողմից նշում են, թե ԼՂ հարցը որևէ կերպ կապված չէ հայ-թուրքական հարաբերությունների հետ: Ա. Սարգսյանի խոսքերով` ամբողջ պատմության ընթացքում առաջին անգամ Ադրբեջանն «այո» է ասել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկին, իսկ Հայաստանը մինչ օրս պատասխան չի տվել, որովհետև «այո» ասելու դեպքում պետք է պատասխան տա Արցախի և Հայաստանի ժողովրդին, «ոչ»-ի պարագայում` միջազգային հանրությանը:

Իր ելույթում Ա. Սարգսյանը նշեց, որ «խավարի դեմ պայքարի իր մոմն է վառում» և այդ պայքարում պատրաստ է համագործակցել ցանկացածի հետ: Մինչդեռ, նրա խոսքով, իշխանությունները սեփական ժողովրդի փոխարեն հույսը դրել են միջազգային հանրության վրա:

Իր ելույթում Ա. Սարգսյանն անդրադարձավ նաև երկրի սոցիալական վիճակին: Մասնավորապես` նա նշեց, որ երկու օր առաջ էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, թե Հայաստանը հաղթահարել է ֆինանսատնտեսական ճգնաժամը, և տարվա վերջում կարձանագրի 2 տոկոս տնտեսական աճ:

«Շնորհակալ ենք, որ 22 տոկոսանոց աճ չեն արձանագրել»,- ասաց Ա. Սարգսյանը` նշելով, որ եթե ճգնաժամը հաղթահարված է, ինչպե՞ս է, որ ապրանքները թանկանում են, իսկ գործազրկությունն` աճում: Հանրահավաքը շարունակում է, այս պահին ելույթ է ունենում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter