HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Փաստաբանը խոստանում է ներկայացնել ուշագրավ փաստեր

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց կաշառակերության համար մեղադրվող Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության արդեն նախկին պետ Տիգրան Գրիգորյանի և նրա տեղակալ Արսեն Պետրոսյանի դատավարությունը: Նիստը սկսելուն պես հետաձգվեց, քանի որ գործով 6 վկաները, ինչպես դատավոր Ժորա Վարդանյանը բնորոշեց, «անհարգալից չեն ներկայացել», իսկ մեղադրող-դատախազ Հարություն Հարությունյանը գրությամբ տեղեկացրել էր, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի կարող մասնակցել այսօրվա նիստին` խնդրելով իր բացակայությունը համարել հարգելի: Ամբաստանյալների փաստաբաններ Մկրտիչ Վասակյանը և Սամվել Միրզոյանը զերծ մնացին գործի հետ կապված մեկնաբանություններ անելուց: Միայն նշեցին, որ Գրիգորյանն ու Պետրոսյանն իրենց մեղավոր չեն ճանաչում, հույս հայտնեցին, որ կընթանա արդար դատաքննության, ինչի պարագայում, ըստ պաշտպանների, լիովին կապացուցվի մեղադրյալների անմեղությունը: Այս համատեքստում փաստաբան Սամվել Միրզոյանը խոստացավ դատավարության ընթացքում ներկայացնել ուշագրավ փաստեր: Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Արսեն Պետրոսյանը 2009 թ. «Դելտա ֆրագմենտ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող «Երեւան քաղաքի Աստղիկի գիպսատար կավերի եւ բազալտների հանքավայր»-ում հայտնաբերված բնապահպանական բնագավառի օրինախախտումներն ստուգման ակտում չարձանագրելու եւ գանձման ենթակա  տուգանքի չափը նվազեցնելու համար ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Ասլանյանից պահանջել եւ ստացել է 400 հազար դրամ կաշառք: Բացի այդ` Արսեն Պետրոսյանը, իր անմիջական ղեկավար Տիգրան Գրիգորյանի հետ համաձայնության գալով, «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի օգտին բնապահպանության բնագավառում գործող օրենսդրության պահանջների խախտումները ստուգման ակտում ոչ ամբողջությամբ արձանագրելու եւ այդ կերպ պետական բյուջե վճարման ենթակա գումարը պակաս հաշվարկելու, ինչպես նաեւ ՓԲԸ-ի` Լոռու մարզի Այրում-Ճոճկան ձորում գտնվող շրջանառու ջրամատակարարման համակարգը շահագործման հանձնելու ժամկետը երկարաձգելու թույլտվություն տալու համար այդ ընկերության խորհրդի նախագահի օգնական Հրանտ Ավագյանից պահանջել եւ դեկտեմբերի 28-ին իր աշխատասենյակում ստացել է 5 մլն դրամ կաշառք: Այդ մասին Հ. Ավագյանի գնալուց հետո Ա.Պետրոսյանն անմիջապես տեղեկացրել է  տեսչության պետ Տ. Գրիգորյանին եւ իր աշխատասենյակում վերջինիս տվել  գումարի նրա մասնաբաժինը` 3 մլն 790 հազար դրամ: Մնացած 1 մլն 210 հազար դրամը Ա. Պետրոսյանը պահել է իր մոտ: Լուս.` Գ. Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter