HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Մեղադրողը պահանջեց բեկանել դատավճռի արդարացման մասը և սահմանել մեղադրական դատավճիռ

Շարունակվում է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ վերաքննիչ բողոք է ներկայացրել ոչ միայն պաշտպանական, այլ նաև մեղադրական կողմը: Դատարանը քիչ առաջ դատախազ Հ. Հարությունյանի ներկայացմամբ լսեց դատախազության վերաքննիչ բողոքի հիմնավորումները, ըստ որի` այս տարվա հունվարի 19-ին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը սխալ դատավճիռ է կայացրել` արդարացնելով իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքը:

Մեղադրող Հ. Հարությունյանի հիմնավորմամբ` իրականում 2007թ.-ի հոկտեմբերի 23-ին Նիկոլ Փաշինյանն իր համախոհների ուղեկցությամբ խոչընդոտել է երթևեկությանը, երթի մասնակիցները թռիցիկներ են նետել տրանսպորտային միջոցների բաց պատուհաններից ներս` վտանգելով երթևեկության մասնակիցների կյանքը: Բացի այդ` փակել են հետիոտնի` անցում տանող ճանապարհը և չեն ենթարկվել ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին: Մեղադրողի խոսքերով` նաև վկաների ցուցմունքներով է ապացուցվել, որ երթի մասնակիցները, այդ թվում` Նիկոլ Փաշինյանը, բռնություն են գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, պոկել են շատերի ուսադիրները, պատռել համազգեստները, իսկ անձամբ Փաշինյանը մարմնական վնասվածք է հասցրել գործով տուժող ճանաչված ոստիկանության աշխատակից Վազգեն Դաբաղյանին: Մեղադրական կողմի գնահատմամբ` դատարանն ուսումնասիրել և հետևություն է արել այն տեսաձայնագրության հիման վրա, որը ներկայացրել է կատարված իրադարձությունների ընդամենը մի մասը: Մինչդեռ, ըստ դատախազիմ, նախաքննության և դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները բազմակողմանի և համակողմանի ուսումնասիրելու դեպքում դատարանը նման հետևության չէր հանգի: Ուստի` Հ. Հարությունյանը միջնորդեց բեկանել դատավճռի արդարացման մասը և այդ մասով ևս Փաշինյանի նկատմամբ սահմանել մեղադրական դատավճիռ: Նիկոլ Փաշինյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը առարկեցին մեղադրողի բողոքի դեմ` նշելով, որ այն անհիմն է և հակասում է առաջին ատյանում ձեռք բերված ապացույցներին: Ըստ նրանց` դատարանում միանշանակ հիմնավորվել է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի կապ չունի իրեն մեղսագրվող արարքի հետ և նրա գործողություններում բացակայում է հանցակազմը: Լուսինե Սահակյանի ներկայացմամբ`այդ օրը ոստիկանության աշխատակիցները մի դեպքում պահանջել են դադարեցնել երթը, մեկ այլ դեպքում` տրամադրել բարձրախոսը: Մասնավորապես` Արայիկ Պետրոսյանը (հիշյալ իրադարձություններից հետո վերջինիս պաշտոնը բարձրացվել է, և նա նշանակվել է Կենտրոն համայնքի փոխոստիկանապետ-հեղ.) Տերյան փողոցում պահանջել է դադարեցնել երթը, իսկ Կորյուն և Աբովյան փողոցների խաչմերուկում երթի մասնակիցներին մոտեցել է արդեն Սաշիկ Աֆյանը (այդ իրադարձություններից հետո վերջինիս պաշտոնը ևս բարձրացվել է, այժմ նա Հայաստանի փոխոստիկանապետն է) և պահանջել է երթն անցկացնել առանց բարձրախոսի: Լուսինե Սահակյանը հղում արեց նախաքննության և դատաքննության ընթացքում հարցաքննված բազմաթիվ վկաների խոսքերին, համաձայն որոնց` Նիկոլ Փաշինյանը, Պետրոս Մակեյանը և Դավիթ Մաթևոսյանը Ս. Աֆյանին խնդրել են հիմնավորել, թե որ օրենքի համաձայն է վերջինս պահանջում տրամադրել բարձրախոսը: Ներկայիս փոխոստիկանապետն ափերից դուրս է եկել, ասել է, որ օրենքն ինքն է, հայհոյանքներ տվել երթի մասնակիցների հասցեին, ապա նշան է արել իր ենթականերին, ինչից հետո վերջիններս հարձակվել են երթի մասնակիցների վրա, դիմել բռնության և մի քանիսին, այդ թվում Նիկոլ Փաշինյանին, բերման ենթարկել բաժին: Հիշեցնենք, որ այդ իրադարձություններց հետո` հոկտեմբերի 26-ի հանրահավաքին Նիկոլ Փաշինյանի ձախ աչքի տակ կապտած էր, ինչը, ըստ գործով հարցաքննված վկաների, հենց ոստիկանական բռնարարքի արդյունքն էր: Լուսինե Սահակյանը հիշեցրեց, որ տուժող Վազգեն Դաբաղյանը նույնիսկ դատարանում հարցաքննվելու ժամանակ ասել և ցույց է տվել, որ Նիկոլ Փաշինյանը հարվածել էր իր աջ ոտքի հետևի հատվածին: Մինչդեռ դատաբժիշկը եզրակացրել էր, որ վնասված է նրա աջ սրունքի առջևի մասը (փոքրիկ քերծվածք): Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ նկատեց, որ մեղադրող կողմի միջնորդությամբ դատակոչված վկաների ցուցմունքները հակասում են միմյանց և տպավորություն է ստեղծվում, որ նրանք առհասարակ այդ օրը նույնիսկ դեպքի վայրի մոտակայքում չեն եղել:  Ե. Վարոսյանը հղում արեց դատարանին ներկայացրեց կատարվածի ամբողջ տեսաձայնագրությանը և նշեց, որ դրանով ևս հիմնավորվում է, որ Փաշինյանը կապ չունի մեղադրանքի հետ: Վարոսյանի գնահատմամբ` բացառիկ երևույթ է, երբ մեղադրող կողմը բացարձակ անուշադրության է մատնում այդ տեսաձայնագրությունը, որը պատկերում է կատարված իրադարձությունները սկզբից մինչև վերջ: Փաստաբանը հավելեց, որ մեղադրանքը շինծու է և միջնորդեց, որ Վերաքննիչ դատարանը ամբողջությամբ բեկանի առաջին ատյանի դատավճիռը և կարճի գործի վարույթը` հանցակազմի բացակայության հիմքով: Դատավարությունն ընդհատվել է. հայտարարեվել է 15 րոպե ընդմիջում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter