HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Նիկոլ Փաշինյանը «շփոթել էր» դատարանին

Վերաքննիչ քրեական դատարանում դատախազության` արդարացման մասով բերած բողոքին առարկություններ ներկայացնելու հնարավորություն տրվեց նաև «ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին: Վերջինս հիշեց, որ ոստիկանության կողմից ներկայացված վկաները, հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած իրադարձությունները նկարագրելիս, ցուցմունք էին տվել, թե իբր ինքը հայհոյել է ոստիկանությանը, պետությանը, ազգին և դրոշին:

«Ինչպե՞ս կարող է պետության կայացման համար պայքարող անձը հայհոյել պետությանը կամ ազգին, գուցե նյարդերը տեղի տան և նա հայհոյի պետության կայացմանը խոչընդոտողներին, բայց ոչ երբեք պետությանը»,- ասաց Փաշինյանը և նշեց, որ ասվածը հիմնավորվել է նաև տեսաձայնագրությամբ, որտեղ իրադարձությունները ներկայացված են սկզբից մինչև վերջ: Փաշինյանի մեկնաբանմամբ` նույնիսկ տրամաբանության ամենալայն շրջանակներում չի տեղավորվում այն հանգամանքը, որ այդ տեսաձայնագրությունն առաջին ատյանի դատարանի կողմից ոչ մի որակման չի արժանացել: Նրա խոսքերով` սա արդեն իրավական ոլորտից դուրս է, գտնվում է քաղաքական հարթությունում և ամենևին զարմանալի չէ, որ այսքանից հետո դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել. «Ուղղակի ասել են` բողոք տարեք, բերել են»: Փաշինյանը հիշեցրեց, որ տեսաձայնագրությունում հստակ երևում է, թե ինչպես է Կենտրոն համայնքի ներկայիս փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանը հարվածում լրագրող Գոհար Վեզիրյանին, գցում գետնին ու արցունքաբեր գազ փչում դեմքին: Սակայն դատախազությունն այս կադրերը նայելիս չգիտես որտեղից տեսնում է քաղաքացիների կողմից ոստիկանության նկատմամբ կիրառված բռնություն: «Գուցե դատախազությունը նկատի ունի, որ քաղաքացիներն իրենց մտքում ոստիկանության նկատմամբ բռնությո՞ւն են գործադրում, բայց դա արդեն ուրիշ բան է: Ցանկությունն ու գործողությունը նույնը չեն»,- ասաց Փաշինյանը: Նա խոսելիս մեծամասամբ նայում էր մեղադրողնների ուղղությամբ, և նախագահող դատավոր Սերժիկ Ավետիսյանը խնդրեց, որ Փաշինյանը «մեկ-մեկ էլ դատարանի կողմը նայի»: «Դու՞ք եք դատարանը, կներեք, ես շփոթել էի»,- հակադարձեց Փաշինյանը: Նիստի ընթացքում փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդեց, որպեսզի հոկտեմբերի 23-ի իրադարձությունները պատկերող տեսագրությունը դատարանի կողմից ճանաչվի որպես ապացույց, իսկ եթե, այնուամենայնիվ, դատարանը դրա վերաբերյալ կասկածներ ունի` ուղարկի այն փորձաքննության, թեև արդեն իսկ գործում առկա է հիշյալ սկավառակի վերաբերյալ փորձագետի եզրակացությունը: Դատարանը միջնորդության քննությունը հետաձգեց մինչև «գործով էական հանգամանքների պարզումը» և պաշտպանական կողմին խնդրեց ներկայացնել իր վերաքննիչ բողոքը: Փաստաբանները նկատեցին, որ իրենց բողոքը վերաբերում է դատավճռի Մարտի 1-ի իրադարձություններին վերաբերող մասին և տարակուսեցին, թե դրա ներկայացմամբ դատարանը ինչպե՞ս կարող է նոր հանգամանքներ պարզել հոկտեմբերի 23-ի մասով: Ուստի խնդրեցին միջնորդության քննությունը չհետաձգել և հոկտեմբերի 23-ին վերաբերող տեսանյութի վերաբերյալ դիրքորոշում արտահայտել: Դատարանը միջնորդությունը չբավարարեց` նշելով, որ իր այդ որոշումը պաշտպանական կողմը կարող է բողոքարկել: Բայց իրականում այդ որոշումը վերջնական է ու ենթակա չէ բողոքարկման: Իսկ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ շատ լավ հասկանում է «այս դատական-քաղաքական ֆարսի նպատակը»: Ըստ նրա` իշխանությունները պարզապես փորձում են պատժել Համաժողովրդական շարժման երևացող դեմքերին, որպեսզի հետագայի համար դաս տան մյուս քաղաքացիներին: Սակայն, ըստ նրա, ընդդիմության կազմակերպած վերջին հանրահավաքը ցույց տվեց, որ իշխանությունն իր նպատակին չի կարող հասնել, ուստի «մեր պայքարն անքակտելի է, հաղթանակը` անխուսափելի»,- ավարտեց Փաշինյանը: Պաշտպանական կողմի խնդրանքով դատավարությունը հետաձգվեց մինչ վաղը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter