HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Աթարը դառնում է քաղաքական կատեգորիա

«Մարդկությունը անհիշելի ժամանակներից գոյություն ունի եւ այդ 20-30 հազար տարիների ընթացքում գազ չի վառել: Հիմա ՀՀ-ում, արի ու տես, որ բոլորը հուզված են, ուզում են գազ վառել: Գնացեք ձեր տներում աթար վառեք»,- գազի թանկացման մասին լուրերը հայտնի դառնալուց հետո մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

Երկար տարիներ խորհրդարանում «նստելուց» հետո տնտեսագետ Բոստանջյանը գտել է տնտեսագիտական բանաձեւը` թող աթար վառեն: Սա աթար վառելու պատրաստ ընտրողների պատգամավորներից մեկն է:

Ընտրել եք` ուրմեն պատրաստվեք աթար վառելուն: Վաղը նա ասելու է` ի՞նչ պարտադիր է միս, հաց ուտեք, գարուն է, խոտը դուրս է եկել, գնացեք կանաչ կերեք: Մյուս օրը մեկ ուրիշ պատգամավոր էլ կասի` ինչո՞ւ եք շոր հագնում, մի թզի տերեւ դրեք ու էդպես ման եկեք: Իսկ Ինտերնետն ինչների՞դ է պետք, հեռախոս էլ մի օգտագործեք:

Սրանք են մեր պատգամավորների խորհուրդները` այսօր, վաղը, մյուս օրը, որովհետեւ նրանք հացի խնդիր չունեն, նրանք ընդհանրապես շատ հեռու են սովորական մահկանացուներից եւ վաղուց ուրիշ տարածքում են ապրում: Նրանք արդեն դժոխքի դարպասներն են ոսկեզոծում, հատակն են սալիկապատում, այնտեղ «ջակուզի» կառուցում, որովհետեւ այս աշխարհում արդեն բոլոր «բարձունքները» նվաճել են:

Էկոնոմիկայի նախարարն անցած շաբաթ հայտարարեց, թե մենք պատվով դուրս եկանք ճգնաժամից: Իսկ ես ասում եմ` ճգնաժամը Հայաստանին ամենաուժեղ հարվածը կհասցնի երեք ամիս հետո: Եթե նախարարը ցանկանա իմանալ, թե ինչու եմ համոզված, կարող եմ ներկայացնել իմ հաշվարկները:

Նախարարի համար արդեն դուրս ենք եկել ճգնաժամից, որովհետեւ ինչ-որ հոդված է գտել Ինտերնետից եւ կարդալով` կատարել եզրակացություն, թե մենք դուրս ենք եկել, այն էլ` պատվով: Իսկ գուցե եկե՞լ է Ինտերնետից դուրս գալու ու մի քիչ էլ իրական Հայաստանում ապրելու, նոր միայն գնահատականներ ու վերլուծություններ անելու ժամանակը: Հուսով ենք` ճանապարհները նորից չեն բերի աթարին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter