HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Արցախցի պատգամավորը հորդորում է չօգտագործել «ազատագրված տարածքներ» ձևակերպումը

Ադրբեջանից բռնատեղահանվածներին Արցախում, մասնավորապես ազատագրված տարածքներում վերաբնակեցնելու ուղղությամբ ԼՂՀ իշխանությունները կոնկրետ ի՞նչ քայլեր են ձեռնարկում: Այսօր «Տեսակետ» ակումբում հյուրընկալված Արցախի ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանին հարցրին լրագրողները: «Նախ` խորհուրդ եմ տալիս չօգտագործել «ազատագրյալ կամ ազատագրված տարածքներ» արտահայտությունը: Գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի սահմաններ: Այդ տարածքն ամրագրված է ԼՂՀ Սահմանադրությամբ, և այլևս պետք է շրջանառությունից դուրս գան «ազատագրված տարածքներ», «բռնատեղահանվածներ», «վերաբնակիչներ» և նմանատիպ ձևակերպումները»,- ասաց վարդան Աթանեսյանը: Վերջինիս կարծիքով` պետք է զերծ մնալ նաև «վերաբնակեցում» տերմի կիրառումից. «Մենք պետք է խոսենք հայրենադարձության մասին, որովհետև 1923 թվականից մինչև 1988 թ., գտնվելով Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը ենթարկվել է դեմոգրաֆիական ագրեսիայի: 1923 թ., ունենալով 145 հազար հայ բնակիչ, 1988 թ. Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն ունեցել է նույնքան հայ բնակիչ: Փաստորեն, Ադրբեջանի կազմում գոյության 65 տարիների ընթացքում Արցախի հայ բնակչությունը չի աճել»: Բանախոսը նշում է, որ նույն ժամանակահատվածում հակառակ գործընթացն է տեղի ունեցել ադրբեջանցիների դեպքում: Վերջիններիս թիվը 1923 թ. ԼՂ ինքնավար մարզում եղել է 7 հազար, իսկ 1989 թ. պաշտոնական մարդահամարի տվյալներով` այն արդեն կազմել է բնակչության 23 տոկոսը: «Այնպես որ, այսօր խոսքը պետք է վերաբերի նախ հայրենադարձությանը, որովհետև ԼՂՀ-ի ներկա սահմաններից դուրս` ամբողջ աշխարհում, մասնագետների գնահատմամբ, շուրջ 600-700 հազար ծագումով ղարաբաղցիներ են ապրում»,- հավելում է արցախցի պատգամավորը: Նրա խոսքերով` այսօր ԼՂՀ կառավարությունը անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում, Աթանեսյանի որակմամբ, հայրենադարձությունն ապահովելու համար: Սակայն հիշյալ քայլերը տեղավորվում են միայն Արցախի պետական բյուջեի հնարավորությունների սահմաններում: «Ավելին Արցախի կառավարությունն այս պահին անել չի կարող: Բայց այդ քաղաքականությունն իրականացվում է: Ավելին` ուրախալի է, որ նախկինում վերաբնակեցվող կոչվող շրջաններից մեկում` Շահումյանի շրջանում, վերջին տարիներին նկատվում է բնակչության ներքին բնական աճ»,- ասում է Վահրամ Աթանեսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter