HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Վահրամ Աթանեսյան. «Ոչինչ չի խանգարում, որ Աբխազիան և Արցախը հաստատեն դիվանագիտական հարաբերություններ»

Արցախի նախագահ Բակո Սահակյանն անցյալ ամսվա սկզբին մեկնել էր Սուխում և մասնակցել Աբխազիայի նախագահի պաշտոնում վերընտրված Սերգեյ Բաղապշի երդման հանդիսավոր արարողությանը: ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանին այսօր լրագրողները հարցրին, թե արդյոք հնարավո՞ր է, որ այս երկրները ճանաչեն միմյանց անկախությունը: «Մենք արդեն իսկ Աբխազիայի անկախությունը ճանաչել ենք, քանի որ ԼՂՀ նախագահը 2008 թ., երբ Աբխազիան Ռուսաստանի կողմից ճանաչվեց, ողջույնի հեռագիր է ուղարկել Աբխազիայի նախագահին: Եվ ներկա գտնվելով Սերգեյ Բաղապշի երդմնակալության արարողությանը, կարող եմ ասել, որ երևույթն ինքնին արդեն փոխադարձաբար մեկը մյուսին ճանաչելու իմաստ ունի: Կարծում եմ` հնարավոր է, որ այդ փաստն ինչ-որ ժամանակ հետո նաև ստանա դիվանագիտական անհրաժեշտ ձևակերպում, այսինքն` արարողակարգային ձևակերպում, և ոչինչ չի խանգարում, որ Աբխազիան և Արցախը հաստատեն դիվանագիտական հարաբերություններ»,- ասաց Վահրամ Աթանեսյանը: Արցախցի պատգամավորն անդրադարձավ նաև Թուրքիայի արդգործնախարար Ահմեդ Դավութօղլուի երեկվա հայտարարությանը: Հիշեցնենք, որ վերջինս, պատասխանելով թուրքական «Ռադիկալ» օրաթերթի հարցին, թե ինչու Անկարան չի համաձայնում բացել սահմանները մինչև ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորումը, հայտարարել է. «Ասենք թե, արձանագրությունները մտցրեցինք խորհրդարանի օրակարգ, իհարկե, դիմադրություն կլինի, սակայն 3 օրվա ընթացքում կհասնենք վավերացման, իսկ եթե ԼՂ-ում 3 ամսից պատերազմ սկսվի, ի՞նչ է, կրկին պետք է փակե՞նք սահմանները»: Աթանեսյանի խոսքերով` այս հայտարարությունն ուղղակի նշանակում է, որ Թուրքիան միանշանակորեն հանդես է գալիս որպես կոնֆլիկտի կողմ, իբրև Ադրբեջանի հետ մեկ միասնական պետություն: «Փաստորեն, Թուրքիայի արտաքին գործերի նախարարը խոստովանում է, որ 1993 թ. Հայաստանի սահմանն իրենք փակել են որպես թշնամական ակցիա Հայաստանի հանդեպ ու եթե վաղն ինչ-որ իրավիճակ ստեղծվի, ապա կրկին ստիպված կլինեն փակել սահմանը: Եվ դա արդեն Թուրքիայի խնդիրն է, թե ինչպես է միջազգային հանրությանը ներկայանալու իբրև կոնֆլիկտի կողմ: Չէ՞ որ կոնֆլիկտի կողմը միայն իրավունք չէ, այլև պատասխանատվություն է»: Ըստ Վահրամ Աթանեսյանի` Թուրքիան պետք է միջազգային հանրության առջև մեկնաբանի իր այն կեցվածքը, որ Հայաստանի հանդեպ գործադրում է պատերազմական իրավիճակին հարիր գործողություն, «որովհետև սահմանի փակումը, երկրի շրջափակումը, պատերազմական իրավիճակի հարիր գործողություն է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter