HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Տիգրան Գրիգորյանը կաշառակերության համար նախկինում դատվե՞լ է

Կաշառակերության մեջ մեղադրվող Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության արդեն նախկին պետ Տիգրան Գրիգորյանի և նրա տեղակալ Արսեն Պետրոսյանի գործը մտել է դատարան: Վերջիններս իրենց մեղավոր չեն ճանաչում, իսկ նրանց փաստաբանները հայտարարել են, որ դատավարության ընթացքում ներկայացնելու են ուշագրավ փաստեր: Այս կապակցությամբ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Հունան Պողոսյանը նկատեց, որ բնապահպանական պետական տեսչության պետի նախկին տեղակալ Արսեն Պետրոսյանն իրավապահների կողմից մերկացվել է հենց հանցակազմի պահին: «Ավելի հիմնավոր քրեական գործ` կաշառակերության ներկայացման առումով, չեմ կարծում, որ վերջին շրջանում եղել է: Իսկ դատապաշտպանները կարող են օրենքով իրենց վերապահված լիրազորությունների շրջանակում պաշտպանել իրենց պաշտպանյալի շահերը: Գործն ուղարկվել է դատարան, սպասենք դատաքննության ավարտին»,- ասաց Հ. Պոսոսյանը` ավելացնելով, որ նախաքննության ընթացքում ի հայտ է եկել նաև Արսեն Պետրոսյանի կողմից կաշառք վերցնելու երկրորդ դրվագը: Ասուլիսի ընթացքում լրագրողները Հունան Պողոսյանի խնդրեցին պարզաբանել, թե ճի՞շտ է այն տեղեկությունը, որ կաշառակերության մեջ մեղադրվող Տիգրան Գրիգորյանը նախկինում աշխատել է ոստիկանությունում` զբաղեցնելով կադրերի վարչության պետի պաշտոնը, բացի այդ, ժամանակին դատապարտվել է այլ հանցագործություններ կատարելու, մասնավորապես կաշառակերության համար: «Տիգրան Գրիգորյանը նախկին դատապարտվածության մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց որ ոստիկանության համակարգում աշխատել է, այո, հենց նշված պաշտոնում»,- ասաց գնդապետ Պողոսյանը: Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Արսեն Պետրոսյանը 2009 թ. «Դելտա ֆրագմենտ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող «Երեւան քաղաքի Աստղիկի գիպսատար կավերի եւ բազալտների հանքավայր»-ում հայտնաբերված բնապահպանական բնագավառի օրինախախտումներն ստուգման ակտում չարձանագրելու եւ գանձման ենթակա  տուգանքի չափը նվազեցնելու համար ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Ասլանյանից պահանջել եւ ստացել է 400 հազար դրամ կաշառք (սա Հունան Պողոսյանի նշած` կաշառակերության երկրորդ դրվագն է, որը հաստատվել է նախաքննության ընթացքում): Բացի այդ` Արսեն Պետրոսյանը, իր անմիջական ղեկավար Տիգրան Գրիգորյանի հետ համաձայնության գալով, «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի օգտին բնապահպանության բնագավառում գործող օրենսդրության պահանջների խախտումները ստուգման ակտում ոչ ամբողջությամբ արձանագրելու եւ այդ կերպ պետական բյուջե վճարման ենթակա գումարը պակաս հաշվարկելու, ինչպես նաեւ ՓԲԸ-ի` Լոռու մարզի Այրում-Ճոճկան ձորում գտնվող շրջանառու ջրամատակարարման համակարգը շահագործման հանձնելու ժամկետը երկարաձգելու թույլտվություն տալու համար այդ ընկերության խորհրդի նախագահի օգնական Հրանտ Ավագյանից պահանջել եւ դեկտեմբերի 28-ին իր աշխատասենյակում ստացել է 5 մլն դրամ կաշառք: Այդ մասին Հ. Ավագյանի գնալուց հետո Ա.Պետրոսյանն անմիջապես տեղեկացրել է  տեսչության պետ Տ. Գրիգորյանին եւ իր աշխատասենյակում վերջինիս տվել  գումարի նրա մասնաբաժինը` 3 մլն 790 հազար դրամ: Մնացած 1 մլն 210 հազար դրամը Ա. Պետրոսյանը պահել է իր մոտ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter