HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Հունան Պողոսյան. «Հավատում եմ, որ պետք է բացահայտվի ցանկացած հանցագործություն, ուղղակի կան հանցագործություններ, որոնք չեն բացահայտվում»

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետն այս միտքն արտահայտեց այսօրվա ասուլիսի ընթացքում` անդրադառնալով «Շանթ» հեռուստաընկերության հաղորդավար Նվեր Մնացականյանի դեմ կատարված բռնարաքին: Հարց տվողը «Շանթ» հ/ը լրագրողն էր: Նա փորձում էր պարզել` արդյոք «ոստիկաններն ի վիճակի՞ են բացահայտել այդ գործը»:

«Ոստիկաններն ի վիճակի են բացահայտել շատ ավելի ծանր և լուրջ հանցագործություններ, և բացահայտվում են: Մենք էլ լրջորեն զբաղվում ենք Նվեր Մնացականյանի հետ կապված դեպքի բացահայտման աշխատանքներով»,- ասաց Հ. Պողոսյանը` նշելով, որ աշխատանքներն այսօր էլ շարունակվում են, սակայն բացահայտման առումով լուրջ ձեռքբերում առայժմ չկա: «Ակնկալվող պատասխանը, որ ասեմ` բացահայտվել է, դեռ ոչ: Բայց աշխատանքներն ինտենսիվ շարունակվում են: Որ ասեմ` մոտ ապագայում կբացահայտվի կամ բացահայտման եզրին ենք, ոչ»,- ավելացրեց գնդապետ Պողոսյանը: «Իսկ ինչո՞վ է պայմանավորված Ձեր թերահավատությունը»,- հարցրեց «Շանթի» լրագրողը: «Թերահավատություն չէ. ես հավատում եմ, որ պետք է բացահայտվի ցանկացած հանցագործություն, ուղղակի կան հանցագործություններ, որոնք չեն բացահայտվում: Հիմա, եթե Դուք ունեք լուրջ, հավաստի տվյալներ, որ ինչ-որ մեկը թերանում է, չի բացահայտում, սա այլ խնդիր է: Ինտենսիվորեն աշխատանքները շարունակվում են»,- ասաց Հունան Պողոսյանը: Հիշեցնենք, որ Նվեր Մնացականյանին ծեծել են երկու անձինք` անցյալ տարվա մայիսին Մարգարյան փողոցի թիվ 20/3 շենքի 1-ին մուտքի մոտ: Իրավապահներին Մնացականյանը պատմել էր, որ այդ օրն իրեն հետևելիս, այնուհետև դեպքի վայրում տեսել է «Գրանդ Քենդի» ընկերությանը պատկանող մեքենան, իսկ մամուլում լույս տեսան հրապարակումներ, որոնցում հայտնի գործարար Հրանտ Վարդանյանի որդու` ԱԺ պատգամավոր Կարեն Վարդանյանի անունը, որպես բռնության պատվիրատու, կապվեց միջադեպի հետ: Բարձրաստիճան ոստիկաններից նախորդ ասուլիս տվողը Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանն էր: Այն ժամանակ էլ «Շանթի» նույն լրագրողը հարցրեց, թե իրավապահներն ի՞նչ քայլեր են ձեռնարկել միջադեպին Վարդանյանների առնչության վարկածը ստուգելու համար: «Իր (Նվեր Մնացականյանի) կողմից մատնացույց արված անձի մեքենան, որը մենք ստուգեցինք և պատկանում էր «Գրանդ Քենդի» ընկերությանը, բերվեցին, ստուգվեցին նրանք, նույնիսկ քննության էինք բերել, բայց իսկապես չապացուցվեց, թե, ասեմ այսպես` մեր ուժերը չհերիքեցին, որովհետև շատ դժվար է այսօր հանցագործություն կատարած անձին ստիպել, որ նա ինքը խոստովանի դա»,- պատասխանել էր Ներսես Նազարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter