HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ոսկե ծիրանի» «ներսն ու դուրսը»

Կարմիր գորգ: Փակման արարողություն: Փողային նվագախումբը «Մոսկվա» կինոթատրոնից» մինչև հրապարակ թնդեցնում է «Ոսկե ծիրանի» հետ առանձնապես կապ չունեցող «День победы»-ն, և կինոփառատոնի փակմանը մի քանի ժամ է մնում: «Ոսկե ծիրանի» ներսում Էդգար Բաղդասարյանի «Արարատից Սիոն» ֆիլմը այս տարի «Ոսկե ծիրանի» շրջանակում համարվեց ամենաշատ հանդիսատես ունեցող ֆիլմերից մեկը: Մինչ կինոփառատոնը այս ֆիլմը երկար ժամանակ ցուցադրվել է երևանյան կինոթատրոններում և աղմուկ հանած «Ավատար» ֆիլմից ավելի հանդիսատես հավաքել Հայաստանում: Չնայած սրան` ֆիլմի ցուցադրությունը 30 րոպեով հետաձգվեց, քանի որ դահլիճ մտնող մարդկանց հոսքը չէր դադարում: Ու քանի դեռ դահլիճում լսվում էր «սա մեր տեղն ա» արտահայտությունը, և դիմացս նստած օտարերկրացիները վայելում էին հայկական հանքային ջուրը, զրուցում էի կողքիս երիտասարդ կնոջ հետ: «Այս տարի ծիրան կերել եմ, բայց քիչ: Հիմա ամեն օր ձմեռվանից մնացած ծիրանի սոկ եմ խմում, որ կարոտս առնեմ, իսկ «Ոսկե ծիրանի» ֆիլմեր շատ նայեցի էս շաբաթ»,- ասում է կինը: «Արարատից Սիոն» փաստագրական ֆիլմում մանրամասն ներկայացված է հայերի ներկայությունը Ավետյաց երկրում` Երուսաղեմում: Ֆիլմը ազդեցիկ էր մանավանդ հայ հանդիսատեսի համար: Դիմացիս օտարերկրացիները հարմարավետ տեղավորվել էին և բոբիկ ոտքերը վեր մեկնած` արհամարհական հայացքով էկրանին էին նայում: Ֆիլմից հետո շատերը որոշ ժամանակ նստած մնացին, թեև քննարկում չէր լինելու: Օտարերկրացիներից չհնչեց ավանդական «amazing» (հրաշալի է) արտահայտությունը, իսկ այս ամառ ծիրանի հյութով բավարարվող կինը գլուխը կախ լուռ աղոթում էր: Դրսում անձրև էր… «Ոսկե ծիրանը»` դրսից Այս մեկ շաբաթվա ընթացքում երեկոներին Ազնավուրի հրապարակում ջազ էր հնչում, որը զուգակցվում էր վարդերի, պաղպաղակների և հյութերի վաճառքի, երիտասարդների տարբեր խմբերի, օպերատորների, ֆոտոլրագրողների ջանասիրության և ոստիկանների խաղաղ դեմքերի հետ: Իսկ Ազնավուրի հրապարակից մի քիչ հեռու մարդիկ փառատոնի մասին շատ քիչ տեղեկություն ունեն: «Ես չգիտեի, որ բոլորը կարող են մասնակցել փառատոնին»,- այս միտքը շատերից կարելի է լսել: «Ինձ շատերն են հրավիրել, բայց չեմ կարծում, որ հետաքրքիր ֆիլմեր են ցուցադրվում. դժվար նայվող ֆիլմեր են ցուցադրվում»,- ասում է 22-ամյա Վլադը: Մինչդեռ շատերը հենց այս տեսակի ֆիլմերի են սպասում ողջ տարվա ընթացքում: «Փառատոնային ֆիլմերը սովորական ֆիլմերից շատ են տարբերվում, իսկական իմաստ ունեն»,- ասում է տիկին Մարգարիտան: Իսկ «պոպկորնային» ֆիլմերի սիրահարները չեն փորձում դիտել փառատոնային ֆիլմերը: Երիտասարդների շրջանում վերջինիս հանդիսատեսը հիմնականում Թատերական ինստիտուտի ուսանողներն են: 7-րդ ամենամյա «Ոսկե ծիրան» կինոփառատոնն ավարտված է: Ու թեև այս տարի այն այնքան էլ մրգառատ չէր, քաղաքի համար նորից մեծ իրադարձություն էր: Իրադարձություն էր ոչ միայն կինոարվեստի ներկայացուցիչների և կինոսիրահարների համար, այլև վաճառականների, տաքսու վարորդների և անգամ մուրացկանների համար: Մարինե Քոչարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter