HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օվկիանոսի հատակի գույները նա տեղադրում է իր քանդակներում

«Փարաջանովի հետ ծանոթացա նրա տանը` Թիֆլիսում: Դեռ երիտասարդ էինք: Լսել էի նրա անունը, բայց չէի ճանաչում: Այն ժամանակ չգիտեի` ով է նա, ծանոթ չէի նրա արվեստին: Մի գիշեր մնացի նրա տանը, առավոտյան նա նվիրեց մի լուսանկար: Հետ գալուց հետո տեսա նրա ֆիլմերը, գործերը, նրա հանճարն ինձ ապշեցրեց: Իսկ նրա նվիրած լուսանկարի հիման վրա հետո քանդակեցի մի արձան` անվանելով հենց «Փարաջանով», այն ուղղակի արվեստագետի կերպար էր, թռչող ֆիգուրա:

Այն ժամանակ մի ցուցահանդես եղավ, որից հետո այդ քանդակը գնեցին պետական թանգարանի համար»,- պատմում է քանդակագործ Սպարտակ Գեւորգյանը: Նվիրած լուսանկարի ետեւի կողմում Փարաջանովի կողմից արված ինքնադիմանկարն է: Քանդակագործն ասում է, որ տարիներ առաջ խոսակցություն է եղել Փարաջանովի քանդակը Երեւանում տեղադրելու մասին, սակայն արձագանք չգտնելով` այդպես էլ չի տեղադրվել: «Նախ` դրա համար գումար էր պետք, հետո` քաղաքապետարանի թույլտվությունը: Մի քանի տարի առաջ ինձ Փարաջանովի արձանը քանդակելու առաջարկություններ արվեցին, բայց այդպես էլ չիրագործվեցին: Հիմա արդեն Վրաստանում այդ նույն լուսանկարի հիման վրա մի արձան կա կանգնեցված»,- ասում է քանդակագործը: Ս. Գեւորգյանի ասելով` իր քանդակներից շատերը նման հանդիպումների հետեւանք են, սակայն, այս ամենով հանդերձ, բազմաթիվ այլ ֆիգուրների կողքին` նրա արվեստում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում կինը: «Ինձ միշտ ոգեշնչել է կինը, կանացի պլաստիկան: Ես միակը չեմ, ում ոգեշնչել է կինը: Այդպես եղել է դարեր շարունակ եւ շարունակում է մնալ, որովհետեւ անսպառ է նաեւ կնոջ հմայքը»,- ասում է քանդակագործը:

Հարցին, թե որտեղից է գտնում այդքան սլացիկ կազմվածքով բնորդուհիներ, ասաց. «Հիմա արդեն առանց բնորդների եմ նկարում, որովհետեւ երիտասարդ տարիքից սկսած` այնքան եմ կնոջ արձան քանդակել, որ մեջս մնացել է էն հիմնական կերպարը, որին քանդակում եմ»: Ս. Գեւորգյանի ստեղծած կերպարները բազմաթիվ են, իր ասելով` եթե տեսնում է մի գեղեցիկ կին, անպայման իր արվեստում անդրադառնում է նրան: Քանդակագործի կինը` տիկին Անժելան, ասում է, որ այս փաստն իրեն միայն ուրախացնում է: «Ես ինքս էլ գնահատում եմ գեղեցիկը, ու եթե հանկարծ Սպարտակը չի նկատում մի գեղեցիկ կնոջ, ես անպայման նրան ցույց եմ տալիս: Գուցե նոր քանդակ ստեղծվի այդ պատահական հանդիպումից»,-ժպտալով ասում է տիկին Անժելան: Քանդակագործը պատմում է, որ իր արձաններից մեկը գոյություն ունի հենց տիկին Անժելայի շնորհիվ: «Նոր էինք ամուսնացել: Գնացինք ՌԴ: Այնտեղ ես քանդակեցի մի մերկ կնոջ արձան: Բնորդուհին ազգությամբ ռուս, երիտասարդ ու գեղեցիկ մի կին էր: Ֆիգուրը պլաստիլինից էր, եւ ես չէի ուզում բերել այն Հայաստան, քանի որ պետք է փաթեթավորեի, արկղ գտնեի, բայց Անժելան մեծ հոգածությամբ, իր ձեռքով ամեն ինչ պատրաստեց, զգուշորեն փաթեթավորեց եւ բերեցինք այդ արձանը: Այդպես փրկվեց «Բնորդուհին»»,- պատմում է Ս. Գեւորգյանը: Քանդակագործն իր բրոնզաձույլ փոքր ծավալի քանդակները համադրում է բնական այլ քարերի հետ` հասպիս, նռնաքար, օբսիդիան, գրանիտ, ագաթ:

«Բրոնզն առանց դժվարության արտահայտում է իմ ուզածը` ստանալով այն ֆորման, որը պետք է: Իսկ քարեր օգտագործում եմ, քանի որ դրանք ժամանակի ընթացքում սկսում են հարստացնել իրենց գույները, մնում են բնական, մի կողմից դիտելիս այլ գույն ունեն, մյուս կողմից` այլ: Դրանք բերում են օվկիանոսի հատակի գույները, ժամանակն է դրանց հղկում, նոր գույն տալիս: Այս դեպքում այդ քարերի բնական գույնն օգնում է ավելի ընդգծելու քանդակը»,- բացատրում է քանդակագործը: Նա ասում է, որ գեղեցիկի կողքին կյանքում կարող ես հանդիպել շատ բացասական երեւույթների, որոնք փոխելը մեզնից է կախված: Եթե ինչ-որ բան մարդու դուրը չի գալիս, նա պետք է աշխատի փոխել այն: «Մենք բողոքում ենք, ասում ենք, բայց նստած ենք, անտարբեր նայում ենք: Ի՞նչ ենք անում մեզ դուր չեկած բանը փոխելու համար: Ոչ մի բան: Իրոք, խորքում ամեն վատ բան հենց անտարբերության ծնունդ է, եւ սա է մեր իրականության ամենաբացասական կողմը»,- ասում է Ս. Գեւորգյանը:

Մարիամ Մուղդուսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter