HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Եզդի Թամոյանն ասում է` Հայաստանում քուրդ չկա

Քուրդ Մամեն էլ վստահեցնում է, որ եզդիներն իրականում քրդեր են

Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչ Ալիխանե Մամեն և Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանն այսօր մեկը մյուսից հետո հյուրընկալվեցին «Հայելի» ակումբում` ներկայացնելու եզդի-քուրդ հարաբերությունների սրման պատճառները: Նրանք Հայաստանի բարձրագույն ղեկավարներին ներկայացնել են դիմում-բողոքներ. քուրդ Մամեն պահանջում է պատասխանատվության ենթարկել Թամոյանին, եզդի Թամոյանն էլ` Մամեին:

Քրդալեզու թերթի գլխավոր խմբագիր Ալիխանե Մամեն ասում է, որ եզդի ազգ գոյություն չունի. «եզդին» կրոնի անուն է: «Քուրդ ժողովուրդը կրոնական հատկանիշով բաժանված է 4 հատվածների` քուրդ-եզդիներ, քուրդ-մուսուլմաններ, քուրդ-քրիստոնիաներ և քուրդ-ալաբիներ: Ալաբիներն ավելի մաքուր զրադաշտականներ են, քան եզդիները, որովհետև եզդիները 12-րդ դարում ենթարկվել են փոփոխության` ռեֆորմացիայի»,- ասում է նա` ընդգծելով, որ օրինակ ինքը` էթնիկապես քուրդ է, կրոնով` եզդի: «Ես դրա համար նրան դատի եմ տալու»,- քիչ անց հայտարարեց «Հայելիում» հյուրընկալված Ազիզ Թամոյանը` Եզդիների միության նախագահը` շեշտելով, թե ոչ ոք իրավունք չունի կպնել եզդիների արժանապատվությանը` անվանելով քուրդ»: Նրա խոսքերով` ինքն արդեն իսկ գրավոր բողոքներ է ուղարկել Հայաստանի նախագահին, ԱԺ խոսնակին եւ գլխավոր դատախազին` պահանջելով, որ միջոցներ ձեռք առնվեն եզդիերեն լեզվով, բայց քրդական կոչվող ռադիոհաղորդումները (հեռարձակվում է հանրային ռադիոյի եթերով) և դադարեցվի Ալիխանե Մամեի խմբագրմամբ հրատարակվող թերթի տպագրությունը: «Դրանք խոսում են մեր լեզվով` եզդիերենով, բայց կոչվուն են քրդական ու պաշտպանում են քրդերի շահերը»,- պարզաբանում է եզդի Թամոյանը ու նշում, որ իրականում «քրդերը խոսում են գորանի,սորանի լեզուներով», որը եզդիների համար ընդհանրապես հասկանալի չէ: «Անձի ինքնորոշումը շատ ամուր հասկացողություն է, եկեք բաժանում չանենք` եզդի-քուրդ: Ես էթնիկապես քուրդ եմ, և այստեղ ապրում են իմ նման մեծ համայնքներ: Հայաստանում քրդական համայնք կա 21 գյուղերում, որոնք իրենց համարում են քուրդ, իսկ կրոնով` եզդի: Քսանյոթ կնիքով գյուղապետերի և դպրոցների տնօրեններ կան, որոնք նույնպես գտնում են, որ իրենք ազգությամբ քուրդ են: Եթե որոշ մարդիկ ուզում են եզդիիզմի հիմքի վրա ազգ ստեղծեն, թող գնան ստեղծեն, մենք չենք խանգարում,- ասում է Ալիխանե Մամեն, ապա ընգծում,- եզդի ազգ չկա, իրականում բոլորը քրդեր են: Քուրդ է նաև Ազիզ Թամոյանը. մինչև 1989 թվականն ինքը ի՞նչ էր»: Ալիխանե Մամեն պարզաբանում է, որ 1989 թ. անցկացված պաշտոնական մարդահամարի տվյալներով` հայաստանում բնակվել է 42 հազար քուրդ, իսկ արդեն 2001 թ. տվյալներով` 42 հազար եզդի, 1500 քուրդ. «Հետևություն` ազգը և լեզուն ձևավորվում է դարերի և հազարամյակների ընթացքում, ոչ թե մարդահամարից մարդահամար ընկած ժամանակահատվածում»: Նրա խոսքերով` 2001 թ. «երևի նույն մարդիկ», այսինքն` քրդերը, մարդահամարն անցկացնողներին արդեն ներկայացել են իբրև եզդի: «Կամ էլ որոշ բաներ կեղծվել են»,- ասում է նա ու բերում 2001 թ. մարդահամարի ժամանակ իր հետ կատարված օրինակը, երբ իր ազգության դիմաց մատիտով գրել են «քուրդ», հետո պարզվել է, որ այն դարձրել են «եզդի», ինչը հետագայում ինքը նորից «ջնջել ու տեղը գրել է «քուրդ»»: Սակայն Ազիզ Թամոյանը վստահեցնում է, որ Ալիխանե Մամեի ասածներն իրականության հետ կապ չունեն: Ըստ Թամոյանի` 1989 թ. մարդահամարի տվյալներով` Հայաստանում ապրել է 53 հազար եզդի և 4200 քուրդ, ովքեր «ղարաբաղյան շարժման ժամանակ 150 հազար ադրբեջանցիների հետ թողել-գնացել են»: Իսկ 2001 թ. մարդահամարով, Թամոյանի հավաստմամբ` Հայաստանում եղել է մոտ 41 հազար եզդի և 1500 քուրդ, ովքեր նույնպես հետագայում հեռացել են: «Մենք` եզդիներս, քրդերի հետ չենք կարող ապրել. քրդերը մեզ ֆիզիկպես կոտորել և կոտորում են: Անցյալ տարի Իրաքի հյուսիսային մասում` Եզդստան կոչվող տարածքում, եզդիական երկու գյուղեր վառեցին. 1000 բնակիչ ֆիզիկապես բնաջնջվեց»,- ասում է Ազիզ Թամոյանը և շեշտում, որ այսօր Հայաստանում քուրդ չկա, բացի աբովյանցի Կնյազից: Թամոյանը նշում է, թե իրեն քուրդ համարող Ա. Մամեն նույնպես ազգությամբ եզդի է, սակայն անձնական շահից ելնելով` եզդի ժողովրդին անվանում է քուրդ: «Այս մարդն առաջ ինձ մոտ էր աշխատում` մեր թերթում: Տեսա` չի կարողանում, հանեցի գործից: Հիմա գնացել այս թերթում է աշխատում ու քրդական անվանում: Թերթ են տպում, փող ստանում: Իրենց շահը դա է»,- ասում է նա: Ասուլիսի ընթացքում Ալիխանե Մամեն հրաժարվեց մանրամասնել, թե ինչի կապակցությամբ է բողոք ներկայացրել Ազիզ Թամոյանի դեմ` պատճառաբանելով, որ «հետաքննություն է ընթանում»: Բայց Թամոյանը մանրմասնեց, որ բողոքը պայմանավորված է իր այն հայտարարությամբ, թե «քրդերը թուրքական մի ցեղ են»: «Ես բազմաթիվ անգամ լսել եմ, որ Թուրքիայի պառլամետի պատգամավորներն ասում են, որ իրենք Քրդստան չեն ստեղծի, որովհետր իրենք թուրքերի հետ մի ժողովուրդ են: Քուրդ բառը նշանակում է հովիվ, սարեցի: Դրա համար են ինձնից բողոքում: Բայց ես ինչ լսել եմ, այն էլ ասում եմ»,- նշում է Ազիզ Թամոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter