HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Գորիսում մարդիկ կարողացել են քարը յուրովի ոճով շարել

Հայաստանի գողտրիկ բնակավայրերից մեկի` Գորիս քաղաքի ինքնատիպությունը նրա ճարտարապետությամբ է պայմանավորված, որը որոշ կարծիքների համաձայն` ընդօրինակվել է եվրոպականից: Ճարտարապետ Սեւադա Զաքարյանը, ով շուրջ 17 տարի զբաղեցրել է Գորիս քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը (1983-2000 թթ.), պնդում է, որ Գորիսի ժողովրդական ճարտարապետությունը եվրոպական ճարտարապետության հետ կապ չունի:

Ճարտարապետը նշում է, որ քաղաքի կառուցապատման այս սկզբունքը` լայնական ու երկայնական փողոցներով, ընդունված է եղել հին Հռոմում, իսկ ավելի ուշ` ռուսական քաղաքներում: Գորիսի կառուցապատումը սկսվել է 1830-ական թվականներին, Վարագն գետի աջ հատվածում, պատմական մի ժամանակաշրջանում, երբ Ռուս-պարսկական պատերազմի արդյունքում 1828 թ. կնքված Գյուլիստանի պայմանագրով Զանգեզուրն ու Ղարաբաղը միացրին Ելիզավետպոլի նահանգին: Ռուսական տիրապետության շրջանում կառուցված այս քաղաքի կառուցապատողները` ճարտարագետները, եղել են ե՛ւ հայեր, ե՛ւ ռուս բարձրաստիճան զինվորականներ: Բնակիչներից ոմանք մինչեւ հիմա պահպանել են մոմլաթի թղթի վրա արված իրենց տան նախագծերը, որոնցից երեւում է, որ նախագծումները կատարել են հայերն ու ռուսները: Գորիս քաղաքի հիմնադրման տարեթիվն ընդունված է թվագրել 1880 թ.-ը: Չնայած, ինչպես գորիսյան տարեգրությունը ներկայացնելիս նշեց զրուցակիցս, որպես բնակավայր հին Գորիսը 3000-4000 տարվա պատմություն ունի: Այս տարածաշրջանում բոլոր հին բնակավայրերը, այդ թվում եւ գյուղերը, ունեցել են ժայռափոր կացարաններ, իսկ նրա դիմաց կառուցվել են տներ, որոնք ավելի լուսավոր էին, ավելի հարմարավետ:

Ճարտարապետ Ս. Զաքարյանն ասում է, որ Գորիսում քաղաքաշինության առումով լավագույն պայմաններն են: «Եթե Հայաստանի մյուս քաղաքների հետ համեմատելու լինենք, Գորիսը շատ ավելի կանաչ է, կան իրար հատող փողոցներ, եւ այդ ցանցի մեջ առանձնատներն են: Քաղաքաշինության սկզբունքը շատ հետաքրքիր է նրանով, որ առանձնատները պետք է բակ ունենային, փողոցից բակ մտնող մարդկանց համար` մուտք եւ կամարաձեւ դարպասներ, որոնք նախատեսվել են ձի կամ կառք ներս տանելու համար, եւ մարդը տանն ապրելով` իրեն պետք է զգար այգում նստած: Դրա համար ունեցել են բաց սրահներ, որտեղ ամռանն են նստել, իսկ ձմռանը` սենյակներում»: Ճարտարապետի դիտարկումով` 1850-ական թվականներին կառուցապատված տների արտաքին հարդարանքը, պատուհանների ձեւերը եւ այլն, նախագծերին համապատասխանում են, եւ դեռեւս այդպիսի տներ պահպանվել են: Դրանցից մեկը Ակսել Բակունցի տուն-թանգարանն է: Հետագայում մարդիկ այդ սրահները վերածել են սենյակների, եւ այդպես աղճատվել է տների նախնական հիմնական ճարտարապետական սկզբունքը: Գորիսի ժողովրդական տան տիպի համար օգտագործված շինանյութը տեղի բնական քարերն են: Մարդիկ կարողացել են քարը յուրովի ոճով շարել` իրար մեջ ագուցված, շաղախը ծեփիչով (մալա) քաշում են, ու այն խճանկարի տեսք է տալիս պատին: «Իսկ ի՞նչն է հմայք հաղորդում քարի ու շաղախի այդ միասնությանը» մեր հարցին Սեւադա Զաքարյանը պատասխանում է Սյունիքի նշանավոր գրողներից Համո Սահյանին մեջբերելով. «Նրան հարցրել են, թե գորիսեցիներն ինչպե՞ս են կարողանում պատը այսքան գեղեցիկ շարել, պատասխանել է. «Ինչպես Բակունցն էր հատիկ-հատիկ բառերով իր նախադասությունները կազմում, այնպես էլ բնիկ գորիսեցին էր կարողանում քարը քարին դնել»»: Ազգային ճարտարապետությունը Հայաստանում մերժվեց անցյալ դարի կեսերից, յուրօրինակ ճարտարապետական ոճով, նախշապատկերներով կառուցված երկհարկ եւ եռահարկ շենքերը փոխարինվեցին բազմահարկ շինություններով, վերջին տարիներին` անգամ մարմարյա անճաշակություններով: Այս մոլուցքից, թեկուզեւ ոչ մեծ չափերով, այնուամենայնիվ, զերծ չմնաց նաեւ Գորիս քաղաքը: Հասցրե՞լ է այն աղավաղել քաղաքի հին տեսքը. «Իհարկե, կան ամբողջությամբ սրբատաշ քարից սարքված տներ, որոնք չէի ասի, թե խաթարում են քաղաքի ճարտարապետական տեսքը, բայց տիպիկ չեն մեր քաղաքի համար: Գորիսեցիները սիրում եւ պահպանում են այդ շարվածքը: Այս ոճը միշտ էլ ժամանակակից է, եւ երկհարկ ու եռահարկ շինությունների համար այն միշտ էլ կարելի է պահպանել»,- ասում է ճարտարապետ Ս. Զաքարյանը: «Քաղաքի երկարամյա գլխավոր ճարտարապետը լինելով` բնակիչներին ուղղորդե՞լ է կոլորիտը պահպանելու հարցում»,- փորձեցինք ճշտել պրն Զաքարյանից: Նա պատասխանեց, որ երբ Գորիսում որեւէ տուն կառուցելիս իր խորհրդատվությանն էին դիմում` հնարավորություն էր տալիս մասնակցելու նախագծմանը: «Ես ուղղակի նրանց պետք է շարժեի, որ ավելի գեղեցիկ կառուցեին: Ուզում էի, որ պատկերացնեին, թե ես իրենց մտածած տունն եմ նախագծում»,- ասում է ճարտարապետը:

«Այս տան մեջ ե՛ւ տխրություն կա, ե՛ւ պատմություն»

Գորիսյան ինքնատիպ ճարտարապետության դրոշմը կրող տներից մեկը պատկանում է հանրապետությունում հայտնի բժիշկներ Յոլյանների տոհմին: Գորիսի առաջին շինությունը համարվող այս տունը ներկայումս վթարային վիճակում է, այն պահպանում են նույն տոհմից Հայկ Պարոնյանի թոռն ու որդին, որոնք ճակատագրի դիպվածով են ներկայումս բնակվում այդ տանը: «Տունը պապիս պապին է պատկանել, պապիկս Գորիսում հայտնի գինեգործ է եղել: Նրան Յոլունց Հայկ են անվանել, նրանք նաեւ Պարոնյան ազգանունն են կրել»,- պատմում է Փառանձեմ Ասրյանը, որը նրա դստեր` Սեդայի աղջիկն է: Տկն Փառանձեմն առանձնակի գորովանքով է պատմում իր նախնիների` այդ տան տերերի զբաղմունքի, նրանց ազնվական կենցաղի ու արածի մասին, որոնց պահապանն է դարձել ինքն ակամայից: Ճաշասեյակը, ուր բնակվում է նրա ընտանիքը, կահավորված է դարուկեսի հնություն ունեցող կահույքով, կենցաղային իրերով ու առարկաներով, որոնք երբեմնի հարուստ ու բարգավաճ ընտանիքի կենցաղի վկայությունն են: Դրանցից յուրաքանչյուրի պատմությունը լսել է տան պահապան տատից ու գորովանքով փոխանցում է մեզ: Յոլյան-Պարոյանների ընտանիքը ճաշակել է ստալինյան տարիների բոլոր դառնությունները: Կուլակաթափության շրջանում` 1937 թ.-ին, տունը բռնագրավել են եւ բնակության համար ընտանիքին թողնվել է միայն երկհարկանի տան ճաշասենյակը: Շուրջ 45 տարի այդ ընդարձակ շինությունը ծառայեցվել է հանրային նպատակների` խորհրդային տարիներին եղել է որբանոց, այնուհետեւ սենյակներից մեկում տեղակայվել է պատանի տեխնիկների կայանը, հրշեջ ծառայության կամավոր ընկերությունը, իսկ ավելի ուշ, երբ հրդեհվել է 4-րդ միջնակարգ դպրոցը, աշակերտները 2 հերթափոխով դասերն անցկացրել են այստեղ: Փառանձեմը պատմում է, որ բոլշեւիկյան իշխանությունն այնքան է հալածել պապին, որ նա առանց փաստաթղթային ձեւակերպումների, կամովին հանձնել է տունն ու ունեցվածքը: Կուլակաթափության տարիներին կրած հալածանքների հետեւանքով նրանց ազգականները տարագրվել են տարբեր երկրներ: Սակայն տատիկը տասնամյակներ խնամքով պահպանել է մոմլաթի թղթի վրա արված տան նախագիծը եւ սեփականության մասին հավաստող փաստաթղթերը, որոնց հիման վրա Ռուսաստանում բնակվող որդին եկել եւ 1981 թ. տունն ամբողջությամբ ետ է վերցրել պետությունից: «Չէինք պատկերացնում, որ հնարավոր կլիներ տունը ետ բերել, մեզ համար սա անհավատալի բան էր: Քանի որ այն իրականություն դարձավ, տատս քեռուս խնդրում էր` տես բաղերն էլ կտա՞ն»,- պատմում է Փառանձեմը: Պապը` Հայկ Պարոնյանը, մահացել է 1964 թ.: Փառանձեմը պատմում է, որ երկու աղջիկներին ամուսնացնելուց հետո տատը մենակ է ապրել այդ տանը: Սակայն մի քանի տարի մի որդու մոտ էր ապրում` Ստավրոպոլում, մի քանի տարի մյուսի մոտ` Բաքվում, բայց կյանքի վերջին տարիներին չէր ուզում ոչ մի տեղ գնալ: Բայց երբեք գիշերները մենակ չէր մնում, երեկոները 3 քույրերիցս մեկը գալիս էր նրա մոտ: Տատս մահացավ 1987 թ., 87 տարեկան հասակում: Փառանձեմն առանձնակի գորովանքով է պատմում տատի` Մարիա Ալեքսանդրովնա Պարոնյանի մասին, որին հարազատները Մաշո են անվանել: Ծնվել էր Բաքվում, նա կրթություն չուներ, դերձակ էր ու դրանով է պահել 4 երեխաներին: «Պապիկս զավակներին դպրոց չի ուղարկել, տանը մասնավոր դասեր են առել եւ ռուսական կրթություն են ստացել»: Որդիներից մեկը 1941 թ. մեկնել էր պատերազմ եւ անհայտ կորած է համարվում: Մյուս որդին կրթությունը 7-րդ դասարանից հետո Բաքվում է շարունակել, այնուհետեւ տեղափոխվել է Ռուսաստան, վաստակավոր շինարար էր: «Նա իր երեխաներից բացի խնամել է նաեւ տեգրոջ 2 աղջիկ երեխաներին, ամուսնու առաջին կնոջից ունեցած երեխաներին: Լիքը երեխեք ուներ, աշխարհի տարբեր ծայրերից ծանրոցներ էր ստանում»,- վերհիշում է Փառանձեմը, ապա ավելացնում, որ տատի կարած զգեստները, վերմակը եւ այլն, մասունքներ են իրենց համար, եւ թոռներից ամեն մեկն այդ մասունքից մի բան ունի իր տանը: «Այս տան մեջ ե՛ւ տխրություն կա, ե՛ւ պատմություն»,- Պարոնյան գերդաստանի մասին իր թախծոտ պատմությունն այսպես է ավարտում Փառանձեմը: Վերջին տարիների իրադարձությունները ընտանիքի ցրված անդամներին կրկին համախմբել են այս օջախի տակ: Փառանձեմն այստեղ է տեղափոխվել իր բնակարանի հրդեհվելուց հետո, իսկ քեռին ընտանիքով Հայաստան է վերադարձել Բաքվի 1988 թ. հայկական ջարդերից հետո: Այնուհետեւ մահացել է կինը, ու հիմա նա իր ծերությունն անցկացնում է հայրական տանը` ամեն ինչ կորցրած, ծայրահեղ աղքատության մեջ:

Գորիսի գուբերնատորի անձնական իրերն այսօր մեծ հետաքրքրություն են ներկայացնում

Գորիսում կառուցված առաջին երեք առանձնատներից մեկում, որ պատկանել է քաղաքի 1918-21 թթ. գուբերնատոր Շամխալ Բեկ Մելիք-Հուսեինյանին, ներկայումս բնակվում է նրա թոռներից Բենիկ Հարությունյանի ընտանիքը: Տանտերերն այն ժառանգել են Շամխալ Բեկ Մելիք-Հուսեինյանի դուստր Վարդիթերից: Վերջինիս թոռնուհին` մասնագիտությամբ հոգեբան Վարսենիկ Հարությունյանը, պատմում է, որ Մելիք Հուսեինյանները Գորիս են եկել 17-րդ դարի վերջերից եւ 18-րդ դարում սկսել են քաղաքի շինարարությունը: Երեք եղբայրները` Աղաբեկ Բեկը, Շամխալ Բեկ Մելիք-Հուսեինյանը եւ Մանուչար Բեկը, ակտիվ մասնակցություն են ունեցել քաղաքի հիմնադրմանը: Նրանք են կառուցել նաեւ Որոտան-Կապան ճանապարհի կամարը: Տան շինարարությունն ավարտվել է 1895 թ., ներսում նաեւ խորան են կառուցել: Տունը հետագայում վերանորոգվել է, սակայն ճաշասենյակի մի մասում նույնությամբ պահպանվում է աղոթատեղին: Սենյակներից մեկում պահպանվում է քաղաքի հիմնադիրներից Շամխալ բեկի ընտանիքին պատկանող կահույքը, կահ-կարասին, անձնական որոշ իրեր, փաստաթղթեր, սպասքի նմուշներ եւ ճաշասենյակը զարդարող ջահը, որը տեսնելու համար հաճախ են այցելուներ ունենում: «Տատս պատմում էր, որ Որոտանի խաղողի այգիները, թթենու այգին Շամխալ բեկին են պատկանել, բայց երբ սկսել է կուլակաթափությունը, նախկին գուբերնատորը հողերը կամովին հանձնել է, որպեսզի իրենց չաքսորեն: Սակայն ընտանիքի մի մասին, այնուամենայնիվ, աքսորել են Սիբիր, որից հետո նրանք բնակություն են հաստատել Տաշքենդում: Վարսենիկը, որ Շամխալ բեկի կնոջ անունն է կրում, ասում է, որ Մելիք Հուսեինյանների տոհմում տղա ժառանգորդները շատ քիչ են եղել, իսկ եթե եղել են` վաղ մահացել են: Այս տոհմի արական սեռի ժառանգորդները, որոնցից մեկն իր հայրն է, հիմնականում աղջիկների որդիներն են: Նա ներկայացնում է Շամխալ բեկ Մելիք-Հուսեինյանի թղթապանակը, որի մեջ դեռեւս բավականին մեծ թվով փաստաթղթեր են պահվում` դրանք ժամանակի վավերագրություններն են: Վարսենիկն ասում է, որ իրենց տանը պահպանվում էին բազմաթիվ պատմական փաստաթղթեր, ինչպիսին, օրինակ, Գորիս քաղաքի հատակագիծն էր, որոնք անցնող տարիներին հանձնվել են տարբեր թանգարանների:

«Գորիսը Հայաստանի միակ քաղաքն է, ուր սովետական ճարտարապետությունը զիջում է տեղային ճարտարապետությանը»

Գորիսի ավանդական ճարտարապետությունն ու կենցաղն ամփոփված են քաղաքի նորակառույցներից «Միրհավ» հյուրանոցում, որը քաղաքի կոլորիտն ամբողջացնող շինություններից մեկն է: Հյուրանոցի տնօրեն, գերմանահայ Շահեն Զեյթունցյանը եւ նրա սփյուռքահայ գործընկերները հյուրանոց կառուցելու համար նախապատվությունը տվել են Գորիսին: «Սա Հայաստանի միակ քաղաքն է, ուր սովետական ճարտարապետությունը զիջում է տեղային ճարտարապետությանը: Մարդիկ այստեղ իրենց պապենական մեթոդներով են կառուցել տները, եւ դա նրա ամենամեծ գրավչությունն է»,- իրենց ընտրությունն այսպես է բացատրում «Միրհավ» հյուրանոցի տնօրենը: Ըստ Շ. Զեյթունցյանի` Գորիսը այլ առավելություններ էլ ունի. այն միակ քաղաքն է Հայաստանում, որ կառուցվել է քաղաքաշինական նորմերի պահպանումով, այսինքն` քաղաքը կառուցելիս լուծել են ջրահեռացման խնդիրը: Շահեն Զեյթունցյանին հաջողվել է ժամանակակից կառույցի մեջ կենդանացնել զանգեզուրյան ավանդական կենցաղը, որն էլ հյուրանոցը դարձրել է ամենագրավիչը տարածաշրջանում: Հյուրանոցի կահավորման հարցում զանգեզուրյան ավանդական ոճի ընտրությունը, պրն Զեյթունցյանի ասելով, ինչ-որ տեղ ենթագիտակցաբար է արվել, որոշ բաներ` գիտակցաբար: «Այն, ինչ ենթագիտակցաբար արվեց` թելադրեց գորիսյան կենցաղը, մնացյալը պետք էր ստեղծագործել: Մտածում էինք, որ մեր կառուցածը պետք է համահունչ լինի քաղաքի կենցաղին, որն, իհարկե, դժվար բան էր. պետք է կարողանայինք վերարտադրել այն` առանց կեղծելու: Այստեղ ոչինչ պատահական չի արված, ամեն դետալը ստեղծագործական մոտեցում է պահանջել` ջահը, աթոռները, վարագույրը եւ այլն»,- պատմում է նա: Տեղացի արհեստավորների հետ համագործակցությունը բարեհաջող ընթացք է ունեցել: «Ստեղծագործող ժողովուրդ է, խայծը որ տալիս ես` ինքը սկսում է ստեղծագործել»,- քաղաքի արհեստավորների հետ իր արդյունավետ համագործակցության ու շփումներից ստացած տպավորությունն է փոխանցում տնօրենը: Այնուհետեւ սկսել է տեղացիներից հավաքել հնաոճ կահույք, կահ-կարասի, որոնք շատերի համար ավելորդ, գուցեեւ տան մի անկյունում նետված անպետք իր էին արդեն կամ ուզում էին վաճառել` այն նորով փոխարինելու համար: Սակայն, հյուրանոցում դրանք գտել են իրենց տեղը եւ իբրեւ թանկագին նմուշ երկրի տարբեր ծագերից այստեղ իջեւանողներին հաղորդակից են դարձնում Հայաստանի այդ փոքրիկ հատվածի մշակույթին ու ավանդույթներին, որտեղ հյուր են մեկ-երկու օրով:

«Օրեր» ամսագիր, 2009 թ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter