HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Արթուր Բաղդասարյանը` ՕԵԿ ներկա ու նախկին նախարարների մասին

«Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհուրդը կիրակի որոշել էր հետ կանչել արտակարգ իրավիճակների և տրանսպորտի ու կապի նախարարներ Մհեր Շահգելդյանին ու Գուրգեն Սարգսյանին: Կուսակցությունը որոշել, իսկ հանրապետության նախագահը երեկվա հրամանագրով նրանց փոխարեն նախարարներ է նշանակել համապատասխանաբար փոխոստիկանապետ Արմեն Երիցյանին ու Կադաստրի կոմիտեի նախկին պետ, նախագահի խորհրդական Մանուկ Վարդանյանին: Այսօրվա ասուլիսում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, թե «որևէ արտառոց բան տեղի չի ունեցել», պարզապես արդեն նախկին նախարարներին հետ են կանչել կուսակցությունն ուժեղացնելու նպատակով: «ՕԵԿ-ը ներկայացված է ողջ երկրում, կան բազմաթիվ խնդիրներ, կուսակցական կառույցներ, կա նրանց հետ կապն ակտիվացնելու անհրաժեշտություն, մեր գաղափարները նրանց հասցնելու խնդիրներ, որոնք պետք է լուծեն ոչ թե երիտասարդ, սկսնակ մարդիկ, այլ փորձառություն ունեցող գործիչներ, ինչպիսիք են Մհեր Շահգելդյանը և Գուրգեն Սարգսյանը»,- ասաց ՕԵԿ նախագահը: Նրանց փոխարեն Ա. Երիցյանին ու Մ. Վարդանյանին նախարար նշանակելը Բաղդասարյանը պայմանավորեց նրանով, որ, օրինակ, Երիցյանի հետ միասին իրենք երկար տարիների ընկերներ ենք, ՌԴ նախագահին առընթեր պետական կառավարման ակադեմիայում միասին պաշտպանել ենք դոկտորական ատենախոսություն, տևական ժամանակ միմյանց շատ լավ ճանաչում ենք, նույնիսկ համատեղ հրատարակել են գիրք: «Այնպես որ, կա բարեկամություն Ա. Երիցյանի և թե´ իմ, թե´ կուսակցության առանցքային քաղաքական դեմքերի հետ»,- ասաց Ա. Բաղդասարյանը: Ինչ վերաբերում է Մանուկ Վարդանյանին, ՕԵԿ առաջնորդը նշեց, թե վերջինիս հետ 1995 թվականից միասին եղել են ԱԺ պատգամավորներ, համագործակցել են ու «միասին անեցել շատ լավ ճանապարհ»: Մամուլում հրապարակումներ են եղել, ըստ որոնց, այս փոփոխությունները պարտադրված քայլ էին, ինչն Ա. Բաղդասարյանը որակում է իբրև անհեթեթություն: Նա շեշտում է, որ փոփոխությունները նախապես համաձայնեցրել են նախագահ Սերժ Սարգսյանի հետ: «Որովհետև մենք քաղաքական թիմ ենք և մեզ համար շատ կարևոր է, որ մեր նախարարների թեկնածուները հավանության արժանանան նաև հանրապետության նախագահի կողմից, առավել ևս, որ Մանուկ Վարդանյանը նախագահի խորհրդականն էր, իսկ Արմեն Երիցյանը ոստիկանության պետի առաջին տեղակալը: Ես դա համարում եմ թիմային աշխատանքի փայլուն դրսևորում` իմ, մեր թիմի և ՀՀ նախագահի միջև»,- ասում է ՕԵԿ ղեկավարը: Արմեն Երիցյանը և Մանուկ Վարդանյանը երեկ երեկոյան անդամակցել են «Օրինաց երկիր» կուսակցությանը: Իսկ որքանո՞վ են ՕԵԿ-ում վստահ, որ նրանք կդառնան հավատավոր կուսակցականներ` հաշվի առնելով նախկին փորձը, երբ ՕԵԿ քվոտայով նախարար նշանակվողը հետագայում դառնում էր հանրապետական, ինչպես, օրինակ, բնապահպանության ներկայիս նախարար Արամ Հարությունյանը: «Շուրջ 15 տարի ճանաչում եմ Երիցյանին և Վարդանյանին, երկուսն էլ իրենց գործի գիտակներ են, քաջատեղյակ են այդ համակարգերին, ունեն կառավարման աշխատանքի վիթխարի փորձ, և կարծում եմ` նրանք կկարողանան իրենց վստահված ոլորտները փայլուն ղեկավարել ու լինել ՕԵԿ հավատարիմ անդամներ: Աստված թող լինի դատավոր յուրաքանչյուր մարդու քայլերի համար: Ի վերջո, նրանք լուրջ մարդիկ են, կայացրել են լուրջ վճիռ և կյանքում առաջին անգամ որոշել են դառնալ կուսակցական` 50 տարեկան հասակում»,- ասաց Արթուր Բաղդասարյանը: Լրագրողները վերջինիս հարցրին նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ունեցած հարաբերություններից, քանի որ մամուլում գրվել է, որ դրանք լարվել են վարչապետի կողմից ՕԵԿ-ական նախարար Գերասիմ Ալավերդյանին խիստ նկատողություն անելուց հետո: «Ես իմ առօրյա աշխատանքային գործընթացում իմ աշխատակիցներին շատ հաճախ նկատողություն եմ տալիս կամ արժանացնում եմ խրախուսանքի: Այսինքն` որևիցե լարվածություն իմ և Տիգրան Սարգսյանի միջև չկա: Սովորական, բնականոն աշխատանքային գործընթաց է, և պետք չէ փոքր բաներից սարքել մեծ պատմություն, մանավանդ, որ Գերասիմ Ալավերդյանն ինքն ահազանգել էր այն խնդիրների մասին, որ կար»,- ասաց Ա. Բաղդասարյանը` նշելով, որ գյուղնախարար Ալավերդյանին հետ կանչելու խնդիր չի կարող առաջանալ, քանի որ նրան լիարժեք վստահում է ՕԵկ-ի քաղաքական թիմը: «Գերասիմ Ալավերդյանը կազմակերպված, փորձառու գործիչ է: Մենք կարծում ենք, որ որպես նախարար նույնպես բավականին արդյունավետ է աշխատում և, ավելին ասեմ` ՕԵԿ-ը պատվիրել է հարցում, դրա համար վճարել է անկախ սոցիոլոգների խմբին և պարզել, որ Գ. Ալավերդյանը Գյուղատնտեսության նախարարության և նրա ենթակա ձեռնարկություններում վայելում է լավ, բարի համբավ, և ի վիճակի է այն ծրագրերը, որ մենք նրա առջև դրել ենք, իրականացնել»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter