HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Եթե դատախազությունը չասի` ով է տղայիս սպանել, ես դա կանեմ իմ օրենքներով

Ասում է զինվորի հայրը

Այսօր Վերաքննիչ դատարանում, Արշակ Խաչատրյանի նախագահությամբ, մեկնարկեց ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի քննությունը: Տիգրանը մահացել է կասկածելի հանգամանքներում` 2007 թ. օգոստոսի 30-ին Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում:

Նախաքննական մարմինը հիմնավորված է համարել, որ Տիգրանը մահացել է էլեկտրահարումից` պարանոցով և ձախ ձեռքի դաստակով հպվելով զորամասի մոտ գտնվող ռադիոռելեային կայանի ձգալարին: Կայանի շահագործման պատասխանատուներին` կապիտան Ռուստամ Ասատրյանին եւ ենթասպա Կարեն Թովմասյանին, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու համար առաջադրվել է մեղադրանք: Ս

ակայն Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այս տարվա հունվարին ամբաստանյալներին լիովին արդարացրեց, նրանց ճանաչեց անպարտ, իսկ քրեական գործը վերադարձնեց Զինվորական դատախազություն` նոր քննություն կատարելու հանձնարարությամբ: Բայց մեղադրող կողմը դատավճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք: «Ես գտնում եմ, որ այն ենթակա է բեկանման, իսկ ամբաստանյալները պետք է դատապարտվեն իրենց կատարած արարքների համար»,- այսօր դատարանում հայտարարեց մեղադրող-դատախազ Հարություն Հարությունյանն ու մատնանշեց բողոքը հիմնավորող փաստարկները:

Մեղադրողը նշեց, թե առաջին ատյանի դատարանն ապացույցները գնահատելիս ցուցաբերել է ընտրական մոտեցում: Օրինակ` փորձագետը նշել է, որ կայմի ձգալարերում առկա է 120-180, նույնիսկ մինչև 200 վոլտ հոսանք, որը մարդու կյանքի համար վտանգավոր չէ, իսկ դատարանը հաշվի է առել միայն վերջին արտահայտությունը, այն դեպքում, երբ, ըստ մեղադրողի, հարցաքննության ժամանակ փորձագետը պարզաբանել է, որ մարդու կյանքի համար վտանգավոր է 50 վ տատանվող և 120 վ հաստատուն հոսանքը` կապվածմի շարք հանգամանքներից` սկսած էլեկտրահարման մեխանիզմից, անձի կրած կոշիկի ու հագուստների բնույթից: «Իրականում ձգալարերում չպետք է լիներ թեկուզ 1 վ հոսանք, քանի որ այն նախատեսված է միայն ալեհավաքը ուղիղ, ձիգ պահելու համար»,- ասաց դատախազ Հարությունյանը: Նա նշեց նաև, որ չկան հակասություններ վկաների ցուցմունքների և այլ ապացույցների միջև, ինչպես գտել է դատարանը: Օրինակ, մեղադրողի խոսքերով, տարօրինակ կլիներ, եթե վկաները, որպես կատարվածի ժամ, մատնանշեին կոնկրետ կամ նույն ժամը, քանի որ նրանք ժամանակը նշել են առանց ժամացույցին նայելու` իրենց սուբյեկտիվ ընկալմամբ ասելով, թե ժամը քանիսը կլիներ: «Այս փաստը չի կարող դիտվել իբրև չփաստարկված հանգամանք»,- ասում է դատախազը: «Վկաների մեծ մասը հարցաքնվելիս նշել է, որ դեպքը տեղին է ունեցել ժամը 20-ի սահմաններում: Քայց հետագայում այս թիվն ուղղվել է, ու գրիչով դարձրել են 23-ի սահմաններում»,- իր խոսքում հակադարձեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մոնիկա Մարգարյանը: Տուժող կողմը գտնում է, որ բողոքաբերի վերլուծությունները հիմնազուրկ են, և վերաքննիչ բողոքը պետք է մերժվի:

«Հենց առաջին օրվանից նախաքննական մարմինն առաջ է քաշել հոսանքահարման վարկածը, սակայն չգիտես ինչու, ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել միայն 8 ամիս անց: Իսկ դրանից 1 ամիս հետո նախաքննությունն արդեն ավարտվել է»,- ասաց Մ. Մարգարյանը: Իսկ նրա գործընկեր Սեդա Սաֆարյանը նշեց, որ երբ Տիգրան Օհանջանյանի դիակը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որպես զինվորի մահվան պատճառ շրջանառվել են տարբեր վարկածներ, ինչի մասին հարցաքննության ժամանակ ասել են բժիշկները: «Սակայն քննիչը հարց չի տվել, թե ինչ վարկածի մասին է խոսվել: Նրան այդ հարցը չի հետաքրքրել»: «Դատարանում հարցաքննության ժամանակ մեղադրող Հարությունյանը փորձագետներին ուղղակի հակում էր այնպիսի ցուցմունքներ տալուն, որ Տիգրան Օհանջանյանը հոսանքահարվել է: Իսկ երբ նրանց ասածները հոսանքահարման շրջանակներից դուրս էին գալիս, դատախազն ուղղակի սպառնում էր քրեական պատասխանատվությամբ»,- ասաց Մոնիկա Մարգարյանը: Սեդա Սաֆարյանն էլ նշեց, որ փորձագետներին ներկայացված լուսանկարներում գոնե առերևույթ նկատելի է, որ Տիգրանի ականջի շրջանում առկա է ուռած հատված, մարմնի վրա կան հետքեր, վնասվածքներ ու կապտուկներ, որոնք չէին կարող առաջանալ էլեկտրահարումից: Ի վերջո, պատռված է եղել զինվորի հագուստը, «դարձյալ հոսանքահարման պատճառով»,- տարակուսում են տուժողի ներկայացուցիչները: Մ. Մարգարյանը նկատեց նաև, որ անհասկանալի է, թե ինչպես է կայմին ամուր ամրացված ձգալարը հպման արդյունքում փաթափվել զինվորի պարանոցին ու թողել 19 սմ երկարությամբ վնասվածք: Փաստաբան Սեդա Սաֆարյանը 5 հատորանոց քրեական գործում առկա ապացույցները բաժանեց 4 խմբի: Ապացույցներ, որոնք հերքում են էլեկտրահարման վարկածը: Երկրորդ` դրանք կապ չունեն մեղադրանքի և հոսանքահարման վարկածի հետ: Երրորդ` դրանք ձեռք են բերվել Քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտումներով: Եվ վերջինը` ապացույցներ, որոնք պետք է ձեռք բերվեին, բայց այդպես չի արվել: «Թող նախաքննական մարմինը նեղություն կրի և այլ վարկած քննության առնի: Կամ էլ հիմնավորված ներկայացնի, որ զինվորը մահացել է էլեկտրահարումից»,- ասաց փաստաբան Սաֆարյանը: Զինվորի հայրը` Սուրեն Օհանջանյանը, դատարանին պատմեց, որ իրեն 2 անգամ ահաբեկել են. առաջին դեպքում 3, երկրորդում` 4 հոգով: Երկրորդ անգամ նույնիսկ ծեծել են` սպառնալով, որ եթե շարունակի որդու մահվան կապակցությամբ բողոքել, իր ընտանիքի համար հետևանքները ծանր կլինեն: Կատարվածի կապակցությամբ ԱԱԾ-ում ցուցմունքներ տալուց, ըստ Ս. Օհանջանյանի, գեներալ Զարգարյանի զանգահարել է Գեղարքունիքի մարզի  ԱԱԾ աշխատակցին ու բարձրախոսը միացրած հարցրել` «զինվորի ծնողներն ինձ մոտ են ու ասում են, որ օգոստոսի 30-ին` ժամը 20-ի սահմաններում, իրենց որդուն զորամասից կանչել են դուրս, ու զինվորն այլևս չի վերադարձել: Ճի՞շտ է»,- հետաքրքրվել է Զարգարյանը, ինչի ի պատասխան լսափողից այն կողմ ասել են` այո: Սակայն կարճ ժամանակ անց գործն ուղարկվել է դատարան հոսանքահարման վարկածով, իսկ ԱԱԾ-ց զինվորի ծնողների ասել են, թե գործին միջամտելու իրավունքով օժտված չեն: «Ես համոզված եմ, որ իմ որդուն դաժանաբար սպանել են, այն էլ` մի քանի հոգով: Ես ուզում եմ, որ դատախազությունն ասի, թե ով է դա արել և ինչի համար: Այլապես, ես իմ օրենքներով դա կկատարեմ ու կանեմ այն, ինչ կարող եմ,- ասաց զինվորի հայրը և նայելով ամբաստանյալների կողմը, հավելեց,- այս միամիտ մարդիկ ոչ մի կապ չունեն գործի հետ, ալեհավաքում հոսանք չի եղել, ես իմ աչքով եմ դա տեսել»: Դատարանը տուժող կողմից հետաքրքրվեց, թե նրանք ի՞նչ են պահանջում: Եթե ուզում են, որ առաջին ատյանի դատավճիռը մնա ուժի մեջ, այսինքն` ամբաստանյալներն արդարացվեն, ո՞ր գործի շրջանակներում է քննությունը շարունակվելու, «որովհետև Վերաքննիչ դատարանը լիազորված չէ գործն ուղարկել նախաքննության»,- պարզաբանեց դատավորներից Սերժիկ Ավետիսյանը: Հարցադրումից ելնելով կարելի է ենթադրել, որ Վերաքննիչը գործը կվերադարձնի առաջին ատյանի դատարանին` նոր քննություն կատարելու: Մինչդեռ մեղադրողի բողոքը բեկանելու դեպքում, եթե առաջին ատյանի արդեն իսկ արձակված վճիռն օրինական ուժ ստանա, նախաքննական մարմինը ոչ թե կմնա ձեռնունայն, ինչի մասին ակնարկում էր դատավորը, այլ պետք է լծվի զինվորի մահվան հանգամանքների բացահայտմանը` արդեն բացառելով հոսանքահարման վարկածը: Քանի որ առաջին ատյանն իր վճռում արդեն իսկ հանձնարարել է գործը վերադարձնել Զինվորական դատախազությանը` նոր քննություն կատարելու: Բայց Վերաքննիչը, ըստ էության, որոշելու է գործը թողնել դատարանների շրջապտույտում` էլեկտրահարման վարկածով:

Դատարանի լուսանկարները` Գ. Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter