HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Օրաթերթ-տպարան վեճը շարունակվում է

Այսօր Վերաքննիչ քաղաքացիական դատարանում, Ամրահի Պետրոսյանի նախագահությամբ, մեկնարկեց «Չորրորդ իշխանություն» թերթի հրատարակիչ «Օգոստոս» գործակալության և «Կողմանակի անձանց Մ» ՍՊԸ-ի բողոքի քննությանը` ընդդեմ «Գինդ» տպարանի: Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, Գագիկ Խանդանյանի նախագահությամբ, «Գինդ» տպարանի հայցն ընդդեմ «ՉԻ» օրաթերթի բավարարել էր մասնակի: Համաձայն վճռի` «Օգոստոս» գործակալությունը 2.6 մլն դրամ գումարի չափով պարտքը` տույժերի հետ միասին, պետք է վճարեր տպարանին: Մինչև վճռի կատարումը, այսինքն` գումարի վճարումը, դատավոր Գագիկ Խանդանյանն անփոփոխ է թողել նույն դատարանի կողմիցն մինչ այդ ընդունված` թերթի տպագրությունն արգելելու մասին որոշումը: «Չորրորդ իշխանություն» օրաթերթի տպագրությունն արգելելուց հետո այդ պարտավորությունը ստանձնել էր «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ն` վերանվանելով օրաթերթը` «Չորրորդ ինքնիշխանություն»: Նիստի սկզբում դատարանը կողմերից հետաքրքրվեց, թե կա՞ արդյոք հաշտության հնարավորություն: «Կողմանակի անձանց Մ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Հովիկ Արսենյանն ասաց, թե` այո, հաշտության հնարավորություն կա, եթե միայն «Գինդ» տպարանը հրաժարվի ներկայացրած նոր գնացուցակից: Իսկ «Գինդի» ներկայացուցիչ Թերզյանը, մինչ այս պատասխանը լսելը, արդեն իսկ տվել էր բացասական պատասխան: «Օգոստոս» գործակալությունը Վերաքննիչ բողոքով պահանջում է բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և հայցը բավարարելու մոսով` մերժել: Հաշվի առնելով, որ պատասխանողը` «Գինդ» տպարանը դատարանին բողոքի պատասխան չի ներկայացրել, նիստը նախագահող Պետրոսյանը տպարանի ներկայացուցչից խնդրեց շարադրել իրենց դիրքորոշումը: Թերզյանն ասաց, թե «Օգոստոս» գործակալության բողոքում նշված ոչ մի բառն իրականությանը չի համապատասխանում: Նա մանրամասնեց, որ տպարանը գործակալությանը թեև գնացուցակը ներկայացրել է 2005 թ., սակայն յուրաքանչյուր տարի կողմերի միջև կնքվել են պայմանագրեր, որոնցում ֆիքսվել է, որ հաշվի են առնվում ոչ թե գնացուցակները, այլ հաշիվ ապրանքագրերը: «Այսինքն` գործի շրջանակներում վճարումները և սակագները պետք է որոշվեին 2008-2009 թթ. կնքված պայմանագրերով»,- հարցրեց դատավոր Ա. Պետրոսյանը և տպարանի ներկայացուցչից դրական պատասխան ստանալուց հետո նկատեց, որ այդ պայմանագրերում որևէ հիշատակում չկա սակագնի մասին: Ուրեմն ինչո՞վ էր պայմանավորված 1 թերթի տպագրման գնի թանկացումը մոտ 5 դրամով: «Մենք նամակ ենք գրել գործակալությանը, որտեղ պարզաբանել ենք, որ դոլար-դրամ փոխարժեքի փոփոխության պատճառով ստիպված ենք տպագրման գինը բարձրացնել»,- հայտարարեց «Գինդի» ներկայացուցիչը, ինչին դատարանը հակադարձեց, որ «գործում նման նամակ չկա»: Այնուհետև դատարանը հետաքրքրվեց, թե ինչ կարգով է տպարանը գործակալության նկատմամբ հաշվարկել տույժերը: Դատավորն ասաց, որ դրանց հաշվարկումից առաջ, ըստ պայմանագրի, կան նախապայմաններ` ընդհուպ տպագրության դադարեցում, նոր միայն տույժերի կիրառում: Սակայն «Գինդը», առանց նախապայմանները կատարելու, սկսել է հաշվարկել տույժերն ու ներկայացրել է գործակալությանը: Ավելին, եղել են ամիսներ, որ գործակալությունը մուծել է գերավճարներ, բայց տպարանը դրանք ընթացիկ ծախսերի մեջ ներառելով, անփոփոխ է թողել պարտքի գումարը և տույժերը հաշվարկել ըստ դրա: «Գինդի» ներկայացուցից Թերզյանը նշեց, որ իրենք այդպես չեն վարվել, ինչին ի պատասխան` դատարանը նկատեց, որ գործի նյութերը, մասնավորապես հենց տպարանի ներկայացրած հաշվարկների տեղեկանքն այլ բան է վկայում: Թերզյանն ասաց, որ գործակալության պարտքը 2008-2009 թթ. համար կազմել է 4 մլն 161 հազար դրամ, որը տույժերի կիառմամբ անցել է 5 մլն դրամից: Սակայն դատավոր Պետրոսյանը հրապարակեց «Գինդի» կողմից «Օգոստոս» գործակալությանն անցյալ տարվա հունիսի 22-ին ուղարկված նամակի այն հատվածը, որտեղ տպարանը հայտնում է, որ այդ պարտքը գոյացել է միայն 2009 թվականի ընթացքում: Դատարանը միաժամանակ նկատեց, որ տույժ-տուգանքների կիրառմամբ գոյացած ավելի քան 5 մլն դրամի պարտքի մոտ կեսը գործակալությունը վճարել է տպարանի կողմից դատարան դիմելուց դեռ 6 օր առաջ: Դատավարությունը կշարունակվի մարտի 25-ին: Լուս.` Գ. Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter