HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

«Հայ-թուրքական հարաբերություններում մենք առեւտրի չենք գնալու»

Այսօր ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Փաստարկ» ակումբում խոսեց տարածաշրջանային գործընթացների` մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների մասին: ՀՀԿ խմբակցության ղեկավարն իր առաջին իսկ նախադասությամբ Հայաստանի իրավիճակը միջազգային հարաբերությունների ոլորտում որակեց դրական, սակայն հավելեց նաեւ. «Սա չի նշանակում, որ մենք մեծ աշխատանքներ չունենք անելու: 

Ամենաառաջինը պետք է կարողանանք մեր ազգի միջից հանել վախի սինդրոմը: Բացի այդ իշխանատենչության «մարմաջները» մեր հասարակությունը պետք է իր միջից դուրս հանի»,- ասում է Սահակյանը: Գալուստ Սահակյանն անդրադաձավ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ  Թայիփ էրդողանի արած վերջին (Թուրքիայում ապօրինի բնակվող 100000 հայերին արտաքսելու մասին) հայտարարությանն` ասելով. «Մեր կողմից այդ հայտարարությունն անմիջապես հակահարված ստացավ, իսկ երեկ արտգործ նախարար Նալբանդյանը իր բնութագրական հակահարվածը տվեց:

Այսօր հնչեց Գյուլի պատասխանը, որ Էրդողանը դա ասել է ոչ նրա համար, որ իրոք 100.000 հայեր կան, այլ ինչ-ինչ այլ պատճառներով: Այսինքն նրանք արդեն «սվաղած» քաղաքականություն են վարում»:

Սահակյանը հավաստիացրեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Մադրիդյան սկզբունքների ընդունումն է ապահովում Հայաստանի ամուր դիրքերը հարաբերություններում. «Հայ-թուրքական հարաբերություններում մենք շուկայական առեւտրի երբեք չենք գնալու, քանի որ դրանք դիվանագիտական հարաբերություններ են, իսկ Ղարաբաղի կամ ցեղասպանության հետ կապված հարցերը մեր երկրի կարեւորագույն օրակարգային խնդիրներն են եւ որեւէ կապ չունեն այս հարաբերությունների հետ»,- ասում է Գալուստ Սահակյանը:

Դիվանագիտական հարաբերություններում կայուն դիրք ունենալու գրավականներից  մեկն էլ Սահակյանը համարեց երկրի ներքին կայունությունը. «Մենք նաեւ բավականին լուրջ ներքին խնդիրներ ունենք` կապված ճգնաժամի հետ: Շատ դժվար է ցամաքային ճանապարհներ չունեցող փակ երկրին այս իրավիճակից դուրս բերել: Իրավիճակը կարգավորվում է. նախորդ տարվա այս ժամանակահատվածի համեմատ 2.5 տոկոս տնտեսական աճ ենք գրանցել»:

Սակայն պատգամավոր Գ. Սահակյանը չմոռացավ տեսնել նաեւ տնտեսական աճի պայմաններում հասարակության իրական իրավիճակը. «Չնայած իրական կյանքը ցույց է տալիս, որ մենք ունենք անընդհատ խորացող սոցիալական խնդիրներ: Սոված փորով մարդկանց չես կարող միայն գաղափարներով սնել. սա է պատճառը, որ ամեն ինչ արվելու է կայուն տնտեսական վիճակ ունենալու համար»,-նշում է պատգամավորը: Տնտեսության մասին  խոսել եւ չանդրադառնալ գազի գնի թանկացումներին, այս օրերին անհնար է:

Չնայած թանկացումների  հետ կապված լրատվամիջոցների եւ հասարակության մեծ անհանգստությանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն առաջարկեց այդ փաստին վերաբերվել առավել հանգիստ. «Թանկացումներն օրինաչափ են, չնայած բնական է, երբ մարդու գրպանին ես խփում, իրեն էլ չի հետաքրքրում մնացածը: Գազը Հայաստանի սարերից չի դուրս գալիս, այլ գնում ենք դրսից: Եւ պետք է կարողանանք միջազգային առեւտրային կոմպանիայի որդեգրած քաղաքականության հետեւանքները կրել նաեւ քո պետության, քո ժողովրդի վրա»: Սահակյանը հայտնեց  նաեւ, որ Կառավարությունն այժմ ծրագիր է մշակում թանկացումների հասցեագրված փոխհատուցումների մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter