HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Նաիրի Բադալյանը պահանջում է, որ նախագահը ներողություն խնդրի

Նա մեղադրվում էր Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանն օժադակելու մեջ Լրագրող Նաիրի Բադալյանը երկու հայցով մտել է դատարան, իսկ երրորդը պատրաստվում է ներկայացնել մոտ օրերս: Նա նշում է, որ Հոկտեմբերի 27-ի գործով իրեն «ձերբակալելու, այնուհետև խոշտանգումների ենթարկելու մոտիվացիան եղել է քաղաքական», և առաջին հայցով բողոքարկում է նախաքննությունն իրականացնող մարմնի անգործությունը, քանի որ այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվում իր հանդեպ քրեական օրենսգրքով արգելված արարքներ թույլ տված անձինք: Այսօր «Ուրբաթ» ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում Նաիրի Բադալյանը պատմեց, որ 1999 թ. եղել է «Լոգոս» հետազոտական կենտրոնի տնօրենը ու զբաղվել քաղաքական, սոցոլոգիական հետազոտություններով: «Իմիջայլոց, շատ լավ հարաբերություններ եմ ունեցել երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի հետ: Կարող եմ անհամեստաբար ասել, որ իմ հետազոտությունների հիման վրա են Վ. Սարգսյանին առաջարկել միավորվել Կ. Դեմիճյանի հետ: Նախքան միավորումը հանդիպել եմ Կ. Դեմիրճյանին, փաստարկել, թե ինչու է նրան ձեռնտու միավորվել Վ. Սարգսյանի հետ: Իսկ 1999 թ. մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել եմ «Միասնություն» դաշինքի հետազոտական կենտրոնի ղեկավարը»,- պատմում է Բադալյանը: Հոկտեմբերի 27-ից հետո նա ձերբակալվել է ահաբեկչությանն օժանդակելու մեղադրանքով: Ն. Բադալյանի հավաստմամբ` դա արվել է միայն «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Վիկտորիա Աբրահամյանի ցուցմունքի հիման վրա, ըստ որի` լրագրողների դուրսբերումը դահլիճից կազմակերպել է ինքը: «Բայց դահլիճում 150 մարդ է եղել, տեսախցիկներն արձանագրել են ամեն ինչ, ինչպե՞ս էր, որ ուրիշ ոչ ոք դա չէր տեսել»,- հարցնում է Բադալյանն ու հավելում, որ բացի այդ բազմաթիվ այլ անձինք ցուցմունք են տվել, որ ինքը եղել է այլ սենյակում. «Ես հո Թուլատը չէ՞ի, որ լինեի մի սենյակում և գործողություն կատարեի մեկ ուրիշ տեղ»: Արդեն դեկտեմբերի 22-ին, ըստ բանախոսի, առերեսման ժամանակ Վիկտորիա Աբրահամյանն ասել է, որ թեև Բադալյանին դահլիճում տեսել է, սակայն նա չի ասել կամ արել այնպիսի բան, որից ենթադրեր, որ նա կապ ունի ահաբեկչության հետ: Իսկ 2000 թ. հունավրի 14-ին «Ա1+»-ի լրագրողը նշել է, որ Բադալյանին տեսել է միջանցքում: «Եթե մինչ այդ կատարվածը կարելի էր համարել մոլորություն, ապա դրանից հետո, երբ զինդատախազությունը շարունակեց պահել իմ մեղադրանքը, սա արդեն հստակ դիտավորություն էր»,- ասում է նախկին մեղադրյալն ու մանրամասնում, որ դեռ 2000 թ. հունվարի 4-ին իրեն ընդունել է այն ժամանակվա զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, ասել, որ ուղղակի չէին կարող Վ. Աբրահամյանի ցուցմունքի առկայությամբ իրեն չձերբակալել և խոստացել է, որ 2 օրից իրեն ազատ կարձակեն: «Հունվարի 5-ին աղմուկով, թամաշա սարքելով ձերբակալեցին Հարություն Հարությունյանին (նա վերջերս է ազատվել «Հայլուր» լրատվական ծառայության ղեկավարի պաշտոնից), և նույն օրն էլ առաջին իսկ հարցաքննության ժամանակ պարզվեց, որ հիմարություն են արել: Որովհետև Հարություն Հարությունյանն Ալեքսան Հարությունյանին (ներկայումս Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահն է) ծանոթ էլ չէ: Նրանք, Հարությունյան ազգանունից ելնելով, ենթադրել էին, որ պետք է բարեկամ լինեն: Մի խոսքով` արդյունքում ստացվում է, որ այնտեղ կա մեկը, որը պլաստիրինի տեղ կարող է օգտագործվել»,- ասում է Նաիրի Բադալյանը: Վերջինիս խոսքերով` ինքը «պլաստիրինի տեղ օգտագործվել է», քանի որ «ոչ բարով ծանոթ է» թե´ Ալեքսան Հարությունյանին, թե´ մյուսին` Նաիրի Հունանյանին: Մինչդեռ «էլեմենտար իրավագիտության մակարդակում» կարող էր ծագել այն հարցը, թե ո՞ւմ էր ձեռնտու կատարված ահաբեկչությունը: «Ինձ հաստատ ձեռնտու չէր»,- ասում է Բադալյանը և մանրամասնում, որ վարչապետ Վազգեն Սարգսյանի հոկտեմբերի 26-ին ստորագրած երկու որոշումներից մեկով ինքը նշանակվել էր «Արմենպրեսի» տնօրեն: 2000 թ. հունիսի 27-ին Նաիրի Բադալյանն արդարացվել է` ապացույցների անբավարարության հիմքով: Նա նշում է, որ «ապացույցների անբավարարություն դիսպոզիցիան» գործում է միայն նախկին ԽՍՀՄ երկրներում և այն պարզապես իրավական անգրագիտություն է, քանի որ «չապացուցված հանցագործությունն ապացուցված անմեղություն է»: 2000 թ. հունիսի 30-ից նա բարձրաձայնել է իրեն ապօրինի ազատությունից զրկելու և խոշտանգելու մասին: «Հուլիսի 6-ին դիմել եմ նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովին` առաջին անգամ մանրամասն ներկայացնելով ինձ հետ կատարվածը: Հուլիսի 14-ին հանձնաժողովը դիմել է գլխավոր դատախազություն` պահանջելով այդ կապակցությամբ հարուցել քրեական գործ»,- պատմում է Բադալյանը: Երեք օր անց նա հրավիրվել է ոստիկանություն և ցուցմունք է տվել կատարվածի մասին: Սակայն օգոստոսի 10-ին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի ստորագրությամբ ստացել է մի որոշում, ըստ որի` քրեական գործի հարուցումը մերժվել է, քանի որ հունիսի 30-ին ավարտված քննությամբ պարզվել է, որ Նաիրի Բադալյանի ասածներն իրականությանը չեն համապատասխանում: «Եղբայր, դու հունիսի 30-ին ի՞նչ գիտեիր, թե 6 օր հետո ես ինչի մասին եմ խոսելու,- հարցնում է բանախոսը,- այսինքն` ես դեռ դրա մասին չեմ խոսել, իսկ դու արդեն ստուգել ես իմ ասածները ու որոշել, որ դա իրականությանը չի համապատասխանում»: Երկրորդ աբսուրդը, ըստ Բադալյանի, այն է, որ ինքը գլխավոր դատախազությանը բողոք է ներկայացրել զինվորական դատախազության գործողությունների դեմ, բայց բողոքը հասցեագրվել է հենց զինդատախազությանը: Իսկ երրորդը, որ ինքը «սեփական խոշտանգումների գործում ներգրավվել է իբրև վկա»: Արդեն 2002 թվականից այս մարմնի գործողությունների վիճարկումը Նաիրի Բադալյանը սկսել է դատարաններում: Նրան խոշտանգելու կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, հետո վարույթը կասեցվել է: Ինչպես ինքն է ասում, մի քանի անգամ դիմել է դատարաններ, բայց տարբեր պատճառներով հնարավորություն չի ունեցել բողոքարկումը շարունակել: «Անցյալ տարի եկա, պնդեցի հայցս և ստիպեցի վերաբացել քրեական գործը: Հիմա էլ Հայաստանում եմ հենց այդ հանգամանքի պատճառով: Պարզապես ուզում եմ սպառել ներպետական բոլոր հնարավորությունները, որպեսզի կարողանամ դիմել վերպետական ատյաններին»,- ասում է Նաիրի Բադալյանը: Վերջինիս բողոքների հիման վրա գործը կասաեցումից հանվել է և գտնվում է ապացույցների գնահատման փուլում: «Բայց այն չի կարող հավերժ ձգվել, ընդ որում` աշխարհում չի լինում 10 տարի շարունակվող քննություն: Դա ինքնին խոշտանգում է տուժողի նկատմամբ»,- ասում է նա: Ներկայումս Ն. Բադալյանի երկու հայցերը` քրեական և քաղաքացիական, գտնվում են վերաքննիչ բողոքարկման փուլում: Առաջին հայցով, ինչպես նշեցինք, նա բողոքարկում է նախաքննության մարմնի անգործությանը, երկրորդով ավելի քան 10 միլիոն դոլարի փոխհատուցում է պահանջում այս պատմության ընթացքում իրեն հասցված նյութական և բարոյական վնասի համար: Իսկ երրորդ հայցով Բադալյանը պահանջելու է, որպեսզի Հայաստանի նախագահը, գլխավոր դատախազը, ոստիկանապետն  ու զինվորական ոստիկանության ղեկավարն իրենից ներողություն խնդրեն: «1999 թ. դեկտեմբերի 22-ին, 2000 թ. ապրիլի 20-ին և 2008 թ. հունվարի 16-ին տված մամուլի ասուլիսներում Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ քննչական մարմինները կատարում էին գործողություններ, որոնք դուրս էին օրենքի սահմաններից, բայց ինքը չէր խառնվում նրանց գործունեությանը: Մի դեպքում ասել է`  կասկածի տեղիք չտալու համար, մեկ այլ դեպքում նշել է` զուտ քաղաքական պատճառներով,- հիշում է Նաիրի Բադալյանը: - Ես, որպես ՀՀ քաղաքացի, չեմ հասկանում երկրի նախագահին, ով Սահմանադրությամբ երկրում օրինականության երաշխավորն է: Փաստորեն, ինքը թույլ է տալիս ինձ խոշտանգեն, որպեսզի իրեն չկասկածեն»: Բադալյանի խոսքերով` այս օրինախախտումը կատարել է Հայաստանի նախագահը, ոչ թե Ռոբերտ Քոչարյանը: Ու հիմա «եթե Գասպար Պողոսյանն էլ լինի երկրի նախագահը, ինքը ներողություն խնդրելու պահանջ ներկայացնելու է Գասպար Պողոսյանին»: Իսկ զինդատախազությունն ու ոստիկանությունը պետք է ներողություն հայցեն, որովհետև, ըստ բանախոսի, ինքը խոշտանգվել է և մեկուսարանում, և քննիչների կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter