HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճոճկանի պոչամբարը լուրջ վտանգ է ներկայացնում

Գյուղապետն ահազանգում է, գործարարը շարունակում է չկատարել իր բնապահպանական պարտականությունները Ճոճկան գյուղի տարածքում խորհրդային տարիներից ժառանգություն մնացած և Ախթալայի լեռնահարստացման կոմբինատին պատկանող պոչամբարը, ըստ Ճոճկանի գյուղապետ Սամվել Գիգոլյանի, կարող է մեծ աղետներ ստեղծել տարածքում: Գյուղապետը հայտնեց, որ օրեցօր մեծանում է պոչամբարի սողանքի վտանգը: Ճոճկանի պոչամբարում երկար տարիներ ռեկուլտիվացիա չի կատարվել: Պոչանքները այստեղ հեղուկ վիճակում են և անդունդի պռնկին գտնվող պոչամբարից հոսում են դեպի ձորը, որտեղ երկաթգիծ կա, և հոսում է Դեբեդը: «Այն կարող է ամբողջ ձորը ծածկել: Վերջ ի վերջո, պոչամբարում, թույն է ամբարված. թե դրա վերջը ոնց է լինելու, էդ չգիտենք: Վերջը մեր ժողովուրդն է տուժելու»,- անհանգստանում է գյուղապետը: Սամվել Գիգոլյանի խոսքերով` բացի սողանքի վտանգից` ռեկուլտիվացիայի չենթարկված պոչամբարի թունավոր նյութերի օքսիդացումը լուրջ վտանգներ է ստեղծում գյուղի բնակչության առողջության համար: Խորհրդային տարիներին Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատը պոչամբարի մի փոքր հատվածում ռեկուլտիվացիա է կատարել, որի արտաքին շերտը պոչամբար թափվող ջրերի հետ հոսել է: Պոչամբարը մեկուսացված չէ, բացակայում են վտանգների մասին նախազգուշացնող նշանները: Այս իրավիճակում պոչամբար ազատ ելումուտ են անում մարդիկ և անասունները: «Մինչև հիմա պոչամբարը բարձիթողի վիճակում է եղել, նոր եկել են, ուզում են շահագործել: Որքան նկատել եմ, ջրահեռացման կանալները մաքրել են, սակայն պոչամբարի ռեկուլտիվացիային հետևող չկա: Դե, ճառագայթում էլ կլինի, հնարավոր չէ, որ չլինի»,- ասաց գյուղապետը: Հիշեցնենք, որ Ճոճկանի պոչամբարի պարունակած սպառնալիքների մասին այս տարվա հունվարի 8-ին «Հետք»-ին տված իր հարցազրույցում ահազանգել է նաև ՀՀ բնապահպանության նախարարության «Հայէկոմոնիտորինգ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Սեյրան Մինասյանը: Նա, մասնավորապես ասել էր. «Սարսափելի է Ճոճկանի պոչամբարը, որը 20 տարի պարզ չէ, թե ումն է եղել: Չի եղել ոչ մեկինը: Այնտեղ դեռ ուրիշ փորձանքներ էլ են գալու: Այս պոչամբարում դրենաժային խողովակները փակվել են, և մի օր այդ պոչամբարը փլվելու է: Այդ փլվածքը գալու է մինչև Դեբեդ գետը: Այնտեղ կարծեմ 20 մլն խ.մ. պոչանքի կուտակում կա»: Չնայած ահազանգերին` Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը շարունակում է  չկատարել բնապահպանական իր պարտականությունները պոչամբարի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Փաստորեն, ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանը տեղյակ չէ, որ իր բիզնեսն իրականացնելու ընթացքում վերահսկելով Ախթալայի և Շամլուղի հանքահումքային արտադրությունը` պարտավոր է առաջնորդվել ՀՀ օրենքներով: Նա շարունակում է խուսափել իրականացնել նաև ՀՀ Կառավարության 2006 թ. մայիսի 26-ի թիվ 750 որոշմամբ սահմանված, ռեկուլտիվացիայի և հողերի անվտանգության ապահովման միջոցառումները` շրջակա միջավայրի վրա բացասական ներգործության աղբյուր հանդիսացող, Ճոճկանի իր ընկերությանը պատկանող 4,4 հա ընդգրկող պոչամբարի ու նրա տարածքի 15 հա հողերի շրջակա միջավայրի համար վտանգավոր ազդեցությունները մեղմելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter