HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Բնապահպանության նախարարը կապ չունի՞

Անցյալ տարվա նոյեմբերին «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լադչենկոն եւ նրա տեղակալ Լեւոն Վարդանյանը հրավիրվել են բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մոտ` քննարկման, ինչից հետո ՓԲԸ-ի կողմից կատարված խախտումների առնչությամբ նշանակված տուգանքի չափը մոտ 20 անգամ նվազել է` 202 մլն-ից դառնալով 10 մլն 141.6 հազար դրամ:

Սակայն տուգանքի այս մասն էլ չվճարելու համար, ըստ հետագայում հարուցված քրեական գործի, նախարարության աշխատակազմի Բնապահպանական պետական տեսչության (ԲՊՏ) պետի արդեն նախկին տեղակալ Արսեն Պետրոսյանը, ով ղեկավարել էր ստուգումները, ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի օգնական Հրանտ Ավագյանից վերցրել է 5 մլն դրամ կաշառք, որից 3 մլն 790 հազարը փոխանցել է իր անմիջական ղեկավարին` ԲՊՏ պետ Տիգրան Գրիգորյանին: Կաշառակերության համար վերջիններիս առաջադրված մեղադրանքն այս օրերին լսվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Առայժմ հարցաքննվում են գործով վկաները, եւ ուշագրավ հարցադրումներով աչքի է ընկնում հատկապես դատավոր Ժորա Վարդանյանը:

«Ո՞վ կարող էր տուգանքի չափը մոտ 20 անգամ պակասեցնել, ու՞մ մակարդակի խնդիր է սա»,- հարցնում է դատավորը: Դատավոր Ժ. Վարդանյանը միակն է, որ վկաներին ուղղում է այս հարցը: Բայց նրանցից ոչ ոք կոնկրետ պատասխան չի տալիս: ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Լեւոն Վարդանյանն ասում է, թե չի կարող ասել, իսկ ստուգումներին մասնակցած ԲՊՏ ջրերի վերահսկողության բաժնի ավագ պետտեսուչ Գրիգոր Պողոսյանն էլ նշում է, թե «դրա մասին միայն վերջում է իմացել, բայց ենթադրում է, թե Արսեն Պետրոսյանն այդ հարցը չէր կարող լուծել»: Իսկ ո՞վ կարող էր «այդ հարցը լուծել», գուցե հենց ինքը` բնապահպանության նախարար Արամ Հարությունյա՞նը: «Հետքի» այս հարցադրմանն ի պատասխան` մեղադրող-դատախազ Հարություն Հարությունյանը նշեց, թե նախաքննության ընթացքում նման տեղեկություններ չեն եղել, ուստի «այդ հարցը քննության առարկա չի դարձել»: Ըստ նրա` դատավորը պարզապես փորձում է պարզել գործի բոլոր հանգամանքները, այդ թվում` տուգանքի չափի նվազման պատճառները: «Կարծում եմ` մեղադրյալները կարող էին ինքնուրույն դա անել` գումարը 202 մլն դրամից իջեցնել 10 մլն: Նրանց զբաղեցրած պաշտոնն ու լիազորությունները դա թույլ էին տալիս»,- ասում է մեղադրող Հարությունյանը: Սակայն փաստաբան Սամվել Միրզոյանն այլ կարծիքի է: Նա դատարանում պաշտպանում է Տիգրան Գրիգորյանի շահերը եւ մեզ հետ զրույցում հատուկ շեշտեց, որ ամբաստանյալներն ուղղակի չէին կարող ինքնուրույն այդ հարցը լուծել, քանի որ «դա կարող էր արվել կոլեգիալ նիստի միջոցով` Կառավարության մակարդակով»: «Արսեն Պետրոսյանը մի անգամ ասաց, որ նախագահականից ասել են` կոմբինատին շատ չնեղեք: Թե կոնկրետ ո՞վ էր ասել, չեմ հարցրել»,- երեկվա նիստում հարցաքննության ժամանակ հայտարարեց վկա Գրիգոր Պողոսյանը: Ի հավելում` նա վստահեցրեց, որ ստուգումները ղեկավարած Ա. Պետրոսյանից երբեւէ չի լսել, որ պետք է «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» նկատմամբ բարենպաստ ակտ կազմվի կամ արձանագրված խախտումների դիմաց որոշակի գումար, այսինքն` կաշառք պահանջվի: «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն պարտավորվել էր 6-ամսյա ժամկետում` մինչեւ անցյալ տարվա հոկտեմբերը, կառուցել շրջանառու ջրամատակարարման համակարգ, ինչը Դեբեդ գետը կազատեր պոչամբարի կեղտաջրերից: Բայց ընկերությունն այն չի կառուցել` պատճառաբանելով ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը: Ընկերությունը խնդրել է, որպեսզի նոր համակարգի կառուցման ժամկետը երկարաձգվի մինչեւ 2011 թ. հունվար: Նախարարությունը պետք է ՓԲԸ-ի խնդրանքին պատասխաներ նամակով: Դատարանում ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Լեւոն Վարդանյանը պատմեց, որ Արսեն Պետրոսյանը հեռախոսով իրեն ասել է, թե պատասխանը կարող է լինել եւ դրական, եւ բացասական, ու խնդրել է զրուցելու համար հանդիպել: «Այդպես էլ ես չհանդիպեցի պարոն Պետրոսյանին: Դեկտեմբերի վերջին նա զանգեց, թե` շտապ պետք է հանդիպենք: Ասացի` չեմ կարող, Ախթալայում եմ: Պայմանավորվեցինք, որ հանդիպմանը կգնա գործից հասկացող մեկը»,- հիշում է վկան: Նա հավաստիացնում է, որ Պետրոսյանն իր հետ խոսակցություններում երբեւէ գումար տալու մասին որեւէ ակնարկ չի արել: Իսկ կաշառքի փաստով հարուցված քրեական գործի մանրամասներին ծանոթացել է «Հետքի» կայքէջից: ԲՊՏ պետի տեղակալի հետ հանդիպել է ընկերության խորհրդի նախագահի օգնական Հրանտ Ավագյանը: «Դեկտեմբերի 26-ին, քանի որ աշխատակիցներից միայն ես էի Երեւանում, ընկերության սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանն ինձ հանձնարարեց գնալ բնապահպանության նախարարություն: Վերջին հաշվով, Արսեն Պետրոսյանից պետք է ճշտեինք, թե ինչ է պետք, որ նամակի պատասխանը դրական լինի»,- դատարանում ցուցմունք տվեց Հ. Ավագյանը: Ըստ նրա` Ա. Պետրոսյանը «շատ բարդ ձեւով է պրոբլեմը ներկայացրել», ասել է, թե շատ մարդիկ կան հետաքրքրված, շատերին պետք է լավություն անի, բայց թե կոնկրետ ու՞մ` անուններ չի նշել: «Սկզբում 15 մլն դրամ ուզեց: Ասացի, որ դա ֆանտաստիկ գումար է: Վերջը պայմանավորվեցինք 5 մլն դրամի շուրջ: Ասացի, որ պետք է ղեկավարությանը տեղյակ պահեմ ու դուրս եկա»,- շարունակում է Հրանտ Ավագյանը: Նրա խոսքերով, տեղեկանալով կատարվածի մասին` ՓԲԸ-ի սեփականատեր Տեր-Պողոսյանը բարկացել է ու հանձնարարել դիմել ոստիկանության 6-րդ վարչություն: Այստեղ ոստիկանները նրան տվել են հատուկ նշագրված թղթադրամներ, որոնք էլ դեկտեմբերի 28-ին ինքը տվել է Արսեն Պետրոսյանին` հենց վերջինիս աշխատասենյակում: «Հարցրի` չեք հաշվո՞ւմ, բա` չէ, վստահում եմ: Հետո զանգեց ընդհանուր բաժին, ասաց, որ Հրանտ Ավագյանը կգա, նամակը տվեք իրեն: Գնացի, բայց ընդհանուր բաժնի տեղը չգտա: Վերադարձա Ա. Պետրոսյանի աշխատասենյակ, ինքը գլուխը կախ գումարն էր հաշվում»,- հիշում է վկան: Նամակը վերցնելուց հետո արդեն միջանցքով վերադառնալիս Ավագյանը տեսչության պետի տեղակալի աշխատասենյակի մոտ տեսել է «դեպքի վայր» ժամանած իրավապահներին: Այս գործի նախաքննության ընթացքում ոստիկանները պարզել են, որ Արսեն Պետրոսյանը մինչ այդª դեկտեմբերի 16-ին, կաշառք է վերցրել նաեւ «Դելտա ֆրա•մենտ» ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Ասլանյանից: Վերջինիս ղեկավարած ընկերությունը շահագործում է «Երեւան քաղաքի Աստղիկի գիպսատար կավերի եւ բազալտների հանքավայրը»: Մեղադրական եզրակացության համաձայն` ստուգումների ընթացքում այստեղ նույնպես հայտնաբերվել են բնապահպանական բնագավառի օրինախախտումներ, որոնք ստուգման ակտում չարձանագրելու եւ գանձման ենթակա տուգանքի չափը նվազեցնելու համար Ա. Պետրոսյանը պահանջել է 400 հազար դրամ: Պետրոսյանի հետ ստուգումներն իրականացրել է ԲՆ փորձագետ Հարություն Ստեփանյանը: Նա դատարանին հայտնեց, որ Արսեն Պետրոսյանի հետ գնացել է «Դելտա ֆրագմենտի» գրասենյակ, տնօրեն Վ. Ասլանյանը տեղում չի եղել, իրենք հաշվապահից վերցրել են ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերը, բայց որոշները պակաս էին: «Մի քանի օր հետո ընկերության տնօրեն Վարդան Ասլանյանին պատահական հանդիպեցի նախարարությունում: Ասաց, որ փաստաթղթերն է բերել: Դրանից հետո նրան չեմ տեսել»: Վկան նշեց, որ խճաքարի արտադրությամբ զբաղվող հանքավայրում իրենք պարզել են, որ «տարածքը չափից շատ փոշեպատ է, մթնոլորտի աղտոտվածության մակարդակը` թույլատրելիից բարձր», ինչի համար էլ նշանակվել է 100 հազար դրամ տուգանք, որն ուղղվել է պետական բյուջե: Իսկ ՍՊԸ-ից Պետրոսյանի կողմից 400 հազար դրամ կաշառք վերցնելու մասին ինքը բացարձակ տեղյակ չէ: Մինչ այս պահը դատարանում հարցաքննված 4 վկաներից ոչ մեկի ցուցմունքն ուղիղ առնչություն չունի մյուս ամբաստանյալին` Տիգրան Պետրոսյանին առաջադրված մեղադրանքի հետ: Երկու մեղադրյալներն էլ իրենց մեղավոր չեն ճանաչում, իսկ նրանց պաշտպանները դատավարության սկզբում խոստացել էին «ներկայացնել ուշագրավ փաստեր»: Այսօրվա նիստում կհարցաքննվեն եւս երկու վկաներ, ինչից հետո դատարանը կլսի ամբաստանյալներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter