HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քանդել, քանդել մինչեւ վերջ

Լոռու մարզի Ախթալա քաղաքի պահածոների գործարանը, որը կառուցվել էր խորհրդային վերջին տարիներին, ապահովում էր 500 աշխատատեղ: Գործարանում վերամշակվում էր Շնող, Մեծ Այրում, Ճոճկան եւ հարակից մյուս գյուղերի արտադրած պտուղ-բանջարեղենը: 1996-97թթ. պահածոների գործարանը սեփականաշնորհվեց, եւ այն գնեց գործարանի աշխատակից Հովիկ Գալինյանը: Վերջերս գործարանի սեփականատերը սկսել է քանդել գործարանի շենքը եւ վաճառել շինանյութը: Այս փաստը դժգոհություն է առաջացրել բնակչության շրջանում: Գյուղացիները հույս էին փայփայում, որ մի օր, այնուամենայնիվ, ժամանակները կփոխվեն, եւ պահածոների գործարանում նորից կվերամշակվեն ենթաշրջանի գյուղերում արտադրվող պտուղ-բանջարեղենը, կբացվեն աշխատատեղեր: Հենց այդ ակնկալիքով էլ Ճոճկան, Մեծ Այրում, Շնող համայնքներում գյուղացիները վերջին տարիներին սկսել են դեղձի եւ մրգատու այլ այգիների վերականգնման աշխատանքները: Հարցին, թե ինչո՞ւ է քանդում պահածոների գործարանի տիպային, տեխնիկապես ամուր շենքը, գործարանի սեփականատեր Հովիկ Գալինյանը պատասխանեց. «Անցած տարիների ընթացքում ամեն ինչ արել եմ պահածոների գործարանի աշխատանքները վերսկսելու համար, սակայն իմ ջանքերն իզուր են անցել: Այդ տարիների ընթացքում իմ բոլոր փորձերը` վարկ ստանալու եւ  դրանով գործարանը աշխատեցնելու, ձախողվել են: Վերջին տարիներին գործարանի կարեւոր սարքավորումները գողացել են: Մնացել են պատերը, այն էլ էին քանդում ու գողանում, ստիպված` ես եմ սկսել շենքը քանդել ու շինանյութը վաճառել»: Պահածոների գործարանի շենքի քանդումը վկայում է Լոռու մարզպետարանի` մարզի տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման  խնդրի նկատմամբ ունեցած անլուրջ վերաբերմունքի մասին: Զավեշտականն այն է, որ մարզպետարանը ամեն տարի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր է մշակում ու ներկայացնում ՀՀ Կառավարության քննարկմանը, որոնցում խոսվում է նաեւ այգիների վերականգնման եւ վերամշակման գործարան ունենալու մասին: Արդեն ակնհայտ է, որ եկող տարիներին ենթաշրջանի նորատունկ այգիների բերքի իրացման առումով գյուղացիները կունենան նույն խնդիրները, ինչ կարտոֆիլի իրացման հետ կապված այսօր ունեն մարզի Արեւածագ, Այգեհատ, Կարմիր Աղեկի եւ մյուս գյուղերի գյուղացիները, մինչդեռ պահածոների արդեն գոյություն ունեցող գործարանը կարող էր բերքի իրացման խնդիրը լուծել: Լուսանկարից երեւում է, որ պահածոների գործարանի շենքից գրեթե ոչինչ չի մնացել: Կունենա՞ն թումանյանցիները երբեւէ պահածոների նոր գործարան, դժվար է ասել: Ցավալին այն է, որ  ոչ Լոռու մարզպետարանում, եւ ոչ էլ Կառավարությունում առայսօր չեն հասկացել, որ քանդելը ամենահեշտ գործն է, դժվարը կառուցելն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter