HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Նոր ձեռնարկ. «Միտք սերմանիր, ծառ տնկիր»

Այսօր Հայաստանի Ամերիկյան համալսարանում «Միտք սերմանիր, ծառ տնկիր» բնապահպանական կրթության ձեռնարկի շնորհանդեսն էր: Գիրքը ստեղծվել է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից` կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) փորձագետների, ինչպես նա Երևանի տարբեր դպրոցների ուսուցիչների մասնակցությամբ: «Այն, ինչ կատարվում է այսօր մեր երեխաների հետ, վաղը կբերի այնպիսի հետևանքների, որոնց հետ չենք կարողանա պայքարել»,- միջոցառման ժամանակ ասաց բնապահպանության Հակոբյան կենտրոնի տնօրեն Կարեն Աղաբաբյանը և գրքի հրատարակումը կարևորեց այն տեսանկյունից, որ այն «ևս մեկ աղբյուր է, որը կօգնի երեխաներին հասկանալ իրենց տեղն աշխարհում, գուցե և կօգնի հեղաշրջել բնության հանդեպ ձևավորած սպառողական մոտեցումը»: ԿԱԻ ներկայացուցիչ Վարդան Ղանդիլյանը նկատեց, որ մեր պատմիչների գործերը լի են բնության և գեղեցիկի նկատմամբ պաշտամունքով, ինչը տեղ է գտել նաև հրատարակված ձեռնարկում. «Մենք վերադառնում ենք մեր ակունքներին, զարգացնում մեր ավանդույթները»: Գրքի տպագրությանն օժանդակել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, որի ներկայացուցիչ Քարել Հոֆթրան ձեռնարկի լույս ընծայումը կարևորեց հատկապես նրանով, որ աշխատանքն ուղղված է ապագա սերունդներին. «Գիրքը կարևոր է նաև նրանով, որ դրանում խոսվում է ոչ միայն բնության պահպանության մասին, այլև ընդգծում յուրաքանչյուրի պատասխանտվությունը բնության պահպանության հանդեպ»,-ասում է նա` մեջբերելով հայտնի ասույթը` «Փոխենք աշխարհը` սկսելով մեզնից»: Նա նշում է, որ ինչպես արևմտյան Եվրոպայի երկրներում, այնպես էլ Հայաստանում մարդիկ ամեն ինչ սպասում են կառավարությունից և ամենի համար պատասխանատու համարում նրան: Մինչդեռ պետք է ամեն ոք գործի և կրի պատասխանատվության իր բաժինը: «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը դեռ 2004 թվականին տպագրել է բնապահպանական կրթության ձեռնարկ «Միտք սերմանես` նույնն է, թե ծառ տնկես» վերնագրով, որն այժմ վերանվանվել է «Միտք սերմանիր, ծառ տնկիր», ավելացել նոր դասերով և թեմաներով: Դասերի ուղեցույցը բաժանված է 3 մասի. բացահայտում, դիտարկում և վերլուծություն: Ինչպես հիմնադրամի կրթության բաժնի պետ Ալլա Բերբերյանն է ասում, առաջին դեպքում երեխաները կսովորեն բացահայտել Հայաստանի բնությունը, իսկ մյուս երկու բաժինները հնարավորություն է տալիս նրանց կատարել հետազոտություններ. «Այսինքն` այս գրքի մյուս մեծ առավելությունն այն է, որ երեխաները կարողանալու են գործնականորեն օգտագործել իրենց գիտելիքները, այլ ոչ թե միայն լինեն պասիվ դասի ընկալողներ: Յուրաքանչյուր բաժինն ունի գործնական առաջադրանքներով կոնկրետ դասեր»: Շնորհանդեսին ներկա էին նաև գրքի ստեղծմանը մասնակցած ուսուցիչները, որոնք թվարկեցին ձեռնարկի առավելությունները: Գիրքը նախատեսված է տարրական, միջին և ավագ դպրոցների ուսուցիչների համար` ամենօրյա կրթական ծրագրով բնապահպանական խնդիրներ քննարկելու համար: Դասերում ներառված են ինչպես Հայաստանի, այնպես էլ մոլորակային բնապահպանական խնդիրներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter