HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փնտրվում է ռեժիսոր

Երբ այցելեցի Գորիսի Վ.Վաղարշյանի անվան պետական  թատրոնի տնօրենին, անձնական իրերը «դիպլոմատից» հանում էր, խնամքով  դասավորում սեղանին: Տեսնելով զարմացած հայացքս, բացատրեց. «Դիպլոմատը ներկայացման համար է, ինչ անենք, ուրիշը չկա, բեմադրության օրերին տնից բերում տանում եմ»: Թատրոնի միջազգային օրը Գորիսի Վ.Վաղարշյանի անվան պետական թատրոնը տոնում է առանց ռեժիսորի: Վերջին մի քանի տասնամյակում թատրոնը մեկը մյուսի հետևից մի քանի տասնյակ ռեժիսոր է փոխել. «Առավել փորձառուները, արհեստավարժները խուսափում են մարզային թատրոնում աշխատելուց, իսկ մյուսներն էլ գալիս են, մեկ տարով պայմանագիր կնքում, լավագույն դեպքում մեկ պիես բեմադրում, թողնում, գնում»-ասում է թատրոնի տնօրեն Համլետ Հարությունյանը: Նրա խոսքով թատրոնն ամեն կերպ աջակցում է եկվոր ռեժիսորներին, անվճար բնակարան հատկացնում, սակայն տնօրենը չի կարող բացատրել, թե ինչու են խուսափում: Նա նաև անհասկանալի է համարում վերջին ժամանակներում որոշ թատերագետների այն հայտարարությունները, թե մարզային թատրոնները հեռանկար չունեն: «Գորիսի Վ.Վաղարշյանի անվան պետական թատրոնը հիմնադրվել է 73 տարի առաջ, և նրա բեմում շատ ականավոր դերասաններ են խաղացել: Այսօր էլ թատրոնը շարունակում է գործել և համոզված չեմ, որ մայրաքաղաքի թատրոններն իրենց հանդիսատեսների համար առավել կարևոր են, քան մարզայինները»,-ասում է Հ.Հարությունյանը: Նա նշում է, որ մինչև 2005 թվականը թատրոնը համայնքային իշխանության ենթակայության կառույց էր և մշակույթի նախարարության ենթակայությանն անցնելուց հետո զգալի հաջողություններ է ձեռք բերել, և առավել հոգածության կարիք ունի, քան այն թատրոնները, որոնք մշտապես պատկանում էին մշակույթի նախարարությանը: Տարեկան թատրոնը 35 միլիոն դրամ լրավճար է ստանում աշխատավարձի և 350 հազար` էլեկտրաէներգիայի փոխհատուցման համար, մնացած միջոցները գոյանում են ստեղծագործական գործունեությունից: 2009թ պետպատվերի շրջանակներում բեմադրվել է Ակ.Բակունցի ստեղծագործությունների մոտիվներով գրված «Մեր ձորերի խորհուրդը» պիեսը. «1,5 միլոն դրամ էր հատկացվել, որն այսպես ասած` փոխհատուցվեց մարզի տարածքում անցկացված հյուրախաղերի ընթացքում, բացի այդ մեկնեցինք նաև Արցախ: Ինչ որ առումով դարձել ենք շրջիկ թատրոն; Մեր դահլիճում հանդիսատես ավելի քիչ ենք ունենում»,- ասում է Հ.Հարությունյանը: Հանդիսատեսի խնդիր, թերևս, բոլոր մարզային թատրոններն ունեն: Դրա պատճառները հնարավոր է կապված են և բեմադրվող պիեսի ընտրության, և դերասանական ու ռեժիսորական աշխատանքի, և հանդիսատեսի նախասիրության և անգամ դահլիճի հարմարավետության հետ: Սակայն, Հ. Հարությունյանի խոսքով, այն, ինչ կապված է թատրոնի ադմինիստրատիվ ու ստեղծագործական աշխատանքի հետ, իրականացվում է հնարավորության սահմաններում: Նա կարևորում է այն հանգամանքը, որ վերջին տարիներին Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղը գրեթե հիմնովին լուծել է թատրոնը դերասաններով ապահովելու խնդիրը: Բարեկարգվել, կահավորվել է թատրոնի փոքր`100 տեղանոց դահլիճը, որտեղ նախատեսվում է հյուրընկալել առավելապես դպրոցականներին: Լուծվել է թատրոնի դիմահարդարման համապատասխան սրահների խնդիրը: Նախատեսվում էր, որ նախորդ տարի Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի աջակցությամբ կսկսվեին թատրոնի շենքի ջեռուցման աշխատանքները, սակայն ինչպես նշեց տնօրենը, իրենց չհաջողվեց վճարել համաֆինանսավորման համար անհրաժեշտ 4 միլիոն դրամը, բայց հույս ունի, որ առաջիկայում խնդիրը կլուծվի: Հ.Հարությունյանը թատրոնին աջակցելու համար երախտիքի խոսք է ասում հատկապես Հակոբ Ղազանչյանի մասին, բայց համոզված է, որ առհասարակ  բավարար ուշադրություն չի դարձվում մարզային թատրոններին: Նա նշում է, որ վերջին տարիներին թատրոնը չի համալրվել բեմական նոր հագուստով, ինչպես նաև բեմադրությունների համար անհրաժեշտ այլ միջոցներով. «Այստեղ ամեն ինչ այնպես է, ինչ մի մեծ տնտեսությունում, ով ինչ տանն ունի, բերում է, հարմարեցնում ենք, անգամ անձնական իրերն ենք օգտագործում»,- հումորով ասում է տնօրենը: Նրա կարծիքով, մարզային թատրոն պահելը մեծ խիզախություն է բոլորի համար, առավել ևս, որ  հանդիսատեսի գրավման «Էստի համեցեք»-ի լավագույն միջոցը` հանրահայտ դերասանի կամ ռեժիսորի մասնակցության ապահովումն, ավելի մեծ ջանքեր է պահանջվում հենց ոչ մայրաքաղաքյան թատրոններում: Եվ երբ խոսվում է մարզերի համաչափ  զարգացմանն ուղղված տարբեր ծրագրերի մասին, անպայման նկատի պիտի ունենալ  նաև մշակութային ոլորտը և գուցե  մայրաքաղաքյան հեռուստաընկերությունների տարբեր հաղորդաշարերի մշտական տոմս ունեցող դերասաններն ու ռեժիսորները, թեկուզ հանուն կեղծ թվացող հայրենասիրության` եթերաժամեր վատնելու և մշակութային արժեքների գնահատման մասին դասախոսություններով  հանդես գալու փոխարեն, ազգային բանակում ծառայելու պես պարտադիր մի նախաձեռնությու՞ն ունենան. վեր կենան ու գնան մարզեր,  մեկ-երկու բեմադրությունում խաղընկեր լինեն մարզային գործընկերների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter