HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

««Ա1+»-ի իրավունքների վերականգնմանը կարելի է հասնել միայն վերանայման դատական վարույթ հարուցելով»

ՀՀ Սահմանադրական դատարանը (ՍԴ) փետրվարի 23-ին կայացրած ՍԴՈ-866 որոշումով փաստեց, որ Վճռաբեկ դատարանը 2009 թ. ընդդեմ «Մելտեքս» ՍՊԸ-ի օրենքի այնպիսի նորմ է կիրառել, որը մինչ այդ հակասահմանադրական էր ճանաչել այլ գործով: Դատարանն այդ որոշումով մեկ անգամ եւս հաստատեց նախկինում իր արտահայտած դիրքորոշումը, ըստ որի, բոլոր դեպքերում, պետք է բեկանվեն այն դատական ակտերը, որոնցում կիրառվել են Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչված նորմերը եւ Կոնվենցիայի խախտումը չարձանագրած դատական ակտերը: Դատարանը նաեւ արձանագրել է, որ «Մելտեքս» ՍՊԸ-ն պահպանել է իր գործով Վճռաբեկ դատարանի նախկին դատական ակտերը վերանայելու իրավունքը: Այսինքն, «Ա1+»-ը կրկին հնարավորություն է ստանում դիմելու Վճռաբեկ դատարան` 2004 թ. «Ա1+»-ի գործով իր կայացրած դատական ակտերը վերանայելու պահանջով: «2008 թ. ապրիլի 15-ի ՍԴՈ-751 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների եւ «ՍԴ»-ի մասին ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի պահանջների հիմքով սպառված չպետք է համարվի սույն գործի առարկայի շրջանակներում նոր հանգամանքներով իրավասու դատարան դիմելու շահագրգիռ անձանց իրավունքը»,- ասվում է ՀՀ ՍԴ-ի կայացրած կարճման որոշման որոշման մեջ: Մինչ այդ, Վճռաբեկ դատարանը (ՎԴ) դատական ակտը վերանայելու մասին դիմողների պահանջի մերժումը հիմնավորում էր օրենքով` ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.28-րդ հոդվածի 1-ին կետով իրեն տրված լիազորությամբ, որով կարող էր մերժել դատական ակտի վերանայման պահանջը եւ օրինական ուժի մեջ թողնել նախկին դատական ակտը: Այդպես, 2009 թ. կայացրած որոշումով ՎԴ-ն ՀՀ Քաղ. դատ. օր.-ի 204.28-րդ հոդվածի 1-ին կետը կիրառելով` վերջնականապես մերժել էր վերանայել 2004 թ. «Ա1+»-ի գործով կայացրած իր որոշումները` «Նոր հանգամանքների հիմքով որոշման վերանայման վարույթի հարուցումը» մերժելու մասին որոշումները: Մինչդեռ, այդ հոդվածը իրավաբանական ուժը կորցրել էր 2008 թ. ՍԴ-ի կայացրած 758 որոշումով: Ինչպես նշվում է ՍԴ-ի կայացրած վերջին` ՍԴՈ-866 որոշման մեջ, ՍԴՈ-758 որոշմանն անմիջականորեն պետք է հաջորդեր ՀՀ Ազգային ժողովի օրինաստեղծ գործունեությունը՝ կապված ՀՀ Սահմանադրությանը հակասելու հետեւանքով ուժը կորցրած օրենքները Սահմանադրությանը համապատասխանեցնելու հետ: Սակայն, մինչ օրս օրենսդրության էլեկտրոնային միջոցներում պահպանվում ու կիրառվում է հակասահմանադրական ճանաչված մոտ 30 օրենսդրական նորմ: ՍԴ-ն փաստեց, որ ՎԴ-ն «Մելտեքսի» գործով կիրառել է մի այնպիսի նորմ, որը վաղուց հակասահմանադրական էր ճանաչել, սակայն այն մնացել էր կիրառության մեջ: Ավելին, իր հերթին ԱԺ-ն փոփոխություններ էր կատարել այնպիսի նորմերի մեջ, որը նույնպես հակասահմանադրական էր ճանաչվել: «Այսինքն, ՍԴ-ի որոշումը ոչ Վճռաբեկ դատարանն է կատարում, ոչ էլ ԱԺ-ն: Այդուհանդերձ, ՍԴ կայացրած որոշումով մենք պահպանում ենք նոր հանգամանքի հիմքով ՎԴ դիմելու մեր իրավունքը: Մենք դիմումում գրել ենք, որ սա նոր հանգամանք է, եւ հիմա ՎԴ-ն «Ա1+»-ի գործով վերանայման վարույթ պետք է սկսի»,- մեկնաբանում է «Մելտեքս» ՍՊԸ-ի գործով ՍԴ դիմած իրավաբաններից Ա. Ղազարյանը: Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը հետեւել է Նախարարների կոմիտեի` Եվրոպական դատարանի որոշումների կատարման վերահսկողությունն իրականացնող մարմնի որոշումը, որը կայացվել է մարտի 4-ին: Սույն մարմինը, քննելով 2008 թ. հունիսի 17-ին «Ա1+»-ի գործով ՄԻԵԴ կայացրած վճռի կատարման ընթացքը, կրկնել է նախորդ տարում այդ գործով իր կայացրած որոշումը` ավելացնելով հետեւյալ նախադասությունը. «Ընդունել ի գիտություն այն տեղեկատվությունը, որը ներկայացրել է Հայաստանի Կառավարությունը` հաստատելով 2010 թ. հուլիսին մրցույթի կայացումը, որին հնարավորություն կունենա մասնակցել դիմումատուն»: Ա. Ղազարյանի տեղեկացմամբ` ՀՀ Կառավարությունը Եվրադատարանին հայտնել էր, որ «Ա1+»-ին լիցենզիա տալով` կխախտեն մեկ ուրիշ հեռարձակողի` «երրորդ կողմի» իրավունքը: Սա անսպասելի եւ նոր ֆորմատ էր, որն առաջարկեց ՀՀ Կառավարությունը Նախարարների կոմիտեին: Սա նշանակում է, որ «Ա1+»-ի համար պետք է մոռանալ վերանայման վարույթի իրականացումը, քանի որ դրա արդունքում, ըստ Կառավարության, կարող են խախտվել երրորդ կողմերի իրավունքները. յոթ հեռուստաընկերություններ, որոնք օրենքի խախտումներով իրականացված մրցույթների արդյունքում ճանաչվել են հաղթող, կարող են զրկվել լիցենզիաներից: Դրա փոխարեն Կառավարությունն առաջարկում է մոռանալ վերանայման վարույթի մասին եւ կենտրոնանալ միայն նոր մրցույթի անցկացման գաղափարի վրա: «Մենք համաձայն չենք նման դիրքորոշմանը: Եթե նոր մրցույթ անցկացվի, «Ա1+»-ը կարող է կրկին պարտվել: Դրա համար կա «Ա1+»-ի իրավունքների վերականգնման ամենակարճ եւ արդյունավետ ճանապարհը` դա 2004 թ. վիճահարույց դատական որոշումները վերանայելու դատական վարույթն է, այլ ոչ թե նոր մրցույթ անցկացնելը: Իսկ եթե Կառավարությունը, որպես պատասխանող կողմ, այնուամենայնիվ, որոշել է մրցույթ անցկացնել, ապա դա պետք է անցկացվի նախկին փաթեթների վերագնահատումով: Այսինքն` նույն պայմաններով, որոնց ներքո 2003 թ. անցկացվել են վիճահարույց յոթ մրցույթները, քանի որ միայն այդ ճանապարհով, որպես խախտված իրավունքները վերականգնելու արդյունավետ միջոց, հնարավոր կլինի «Ա1+»-ին վերադարձնել այն իրավիճակին, որից անմիջապես հետո սկսվել են խախտումները»,- ասում է իրավաբանը: Նրա կարծիքով` նոր պայմաններով մրցույթի անցկացումը նշանակում է «Ա1+»-ին դնել բոլորովին նոր իրավիճակում, որը չի բխում խախտված իրավունքները վերականգնելու տեսությունից: Ա. Ղազարյանի ասելով` Կառավարությունը երրորդ կողմի իրավունքը խախտվելու վերաբերյալ նոր ֆորմատը առաջարկեց ՍԴ-ի անսպասելի որոշումից հետո, քանի որ այդ որոշումը վերակենդանացրեց «Ա1+»-ի վերանայման վարույթը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter