HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Կրծքանշանն ու օրենքը

Սփյուռքահայ ընկերս տարիներ առաջ որոշեց տեղափոխվել եւ ապրել Հայաստանում: Երեք տարի առաջ նա Հյուսիսային պողոտայում բնակարան գնեց: Մեկ տարի առաջ էլ Միացյալ Նահանգներում թողեց իր բիզնեսը եւ տեղափոխվեց Հայաստան: Նա որոշել է այստեղ գործ սկսել: Բնակարանը, որտեղ ապրում է ընկերս, Հյուսիսային պողոտայի շենքերից մեկի 7-րդ հարկում է: Շենքի առաջին հարկում տեղակայված է «Jungle» կարաոկե-բարը: Եվ ընկերոջս էլիտար այդ բնակարանում ամբողջ օրը աղմուկ է, այնտեղ պարզապես հնարավոր չէ  ապրել: Հարկերի նվազելուն զուգահեռ աղմուկն աճում է: Բարի վերեւում գտնվող բնակարանների բոլոր բնակիչները բողոքում են աղմուկից, սակայն ամիսներ շարունակ որեւէ բան չեն կարողանում փոխել: Ընկերոջս պատմեցի, որ մի քանի անգամ «Հետքը» այդ թեմայով հոդվածներ է հրապարակել,  սակայն որեւէ արդյունքի չի հասել, քանի որ հսկող կառույցը` առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումը, երբ գալիս է ստուգելու, նախապես տեղյակ է պահում բարերի տերերին, ու նրանք ստուգման ժամանակ երաժշտության ձայնն իջեցնում են: Ճիշտ նույնը պատահել է այս դեպքում, ստուգողները եկել են` երաժշտությունը ցածր է եղել այդ ժամանակ, եւ աղմուկը չի գրանցվել: Սակայն ընկերս չի «նահանջել», նա Միացյալ Նահանգներից բերել է տվել աղմուկ չափելու սարք եւ կարաոկե-բարի աղմուկը չափել տարբեր ժամերի, տեսանկարել ու դրել համացանցում` youtub.com-ում: Ընկերս հանդիպել է բարը աշխատացնողի հետ: Վերջինս աշխատում է Ազգային ժողովում, ընդ որում` միշտ Հանրապետականի կրծքանշանով է եղել: Ընկերոջս ասացի` դժվարին պայքար է սպասվում: Սակայն նա «զիջող» չէ: Նրա համար իր իրավունքներն ամեն ինչից վեր են: Կատակով ասացի` վաճառիր բնակարանդ, տեղափոխվիր այդտեղից: Նա զարմացած նայեց ու ասաց` ինչու՞, ինչու՞ ես պիտի վաճառեմ բնակարանս, թող ինքը օրենքով աշխատի: Ես ասացի` Հայաստանում օրենքով չեն աշխատում, մանավանդ եթե նման կրծքանշան ունես: Նա ասաց` ոչ, նա պիտի օրենքով աշխատի: Եվ ընկերոջս միացած տարբեր հարկերի բնակիչները երկրորդ նամակն են ուղարկել Երեւանի քաղաքապետին: Ստորեւ ներկայացնում ենք Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին ուղղված նամակն ամբողջությամբ. «Հիասթափված ենք Ձեր 18.02.2010թ. թիվ 15/01-Կ-105, Կ-139, Կ-180 գրությամբ տրված պատասխանից, ուստի կրկին դիմում ենք Ձեզ` ակնկալելով Ձեր գործնական քայլերը Հյուսիսային պողոտա թիվ 6 շենքում տեղակայված «Jungle» կարաոկե-բարից եկող աղմուկի վերացման ուղղությամբ: Մենք համաձայն չենք ս/թ փետրվարի 1-ին եւ 5-ին ՀՀ առողջապահության նախարարության կողմից կատարված չափումների արդյունքների հետ, քանի որ ստուգաչափման երկու օրերին էլ կարաոկե-բարի ղեկավարությունը անջատել էր բասային ձայները (սաբ-բուֆերները) եւ ցածրացրել երաժշտության ձայնը, որպեսզի քողարկեր իրական իրավիճակը, խեղաթյուրեր չափագրության արդյունքները, որ չբացահայտվեր աղմուկի այն մակարդակը, որն ամեն երեկո լսելի է եւ անհանգստացնում է Հյուսիսային պողոտա թիվ 6 շենքի բնակիչներին: Հասկանալով նշված խեղաթյուրումը` ս/թ փետրվարի 5-ի չափագրության օրը բնակիչներից մեկը փորձել է կարաոկե-բարի դիջեյին առաջարկել միացնել բասային ձայները (սաբ-բուֆերները) եւ երաժշտության ձայնը թողնել նույն մակարդակին, որով յուրաքանչյուր օր աշխատում է կարաոկե-բարը: Սակայն կարաոկե-բարի ղեկավարությունը մերժել է բնակչի առաջարկը: Այս պատճառով էլ ՀՀ առողջապահության նախարարության կողմից կատարված չափումների արդյունքներին համաձայն չենք եղել, քանի որ դրանք չեն համապատասխանել իրականությանը եւ օբյեկտիվ չեն եղել: Անկախ չափումների տվյալներից, յուրաքանչյուր քաղաքացի քաջ գիտակցում է, որ բնակելի շենքի առաջին հարկում գործող կարաոկե ակումբը (ակումբի տակ դատարկ տարածք է` ավտոկանգառ, որը առաջացնում է դհոլի էֆեկտ ամբողջ շենքում), անպայման կպատճառի անհանգստություն շենքի բնակիչների համար: Իրականում Հյուսիսային պողոտա թիվ 6 շենքում տեղակայված կարաոկե-բարից եկող աղմուկի խնդիրն առկա է առ այսօր: Մեր կողմից իրականացված չափագրության արդյունքում ֆիքսվել է 43-66 դբա, որին կարող եք տեղեկանալ այս կայքէջում (http://www.youtube.com/watch?v=oWZMtxZGVs4), ուստի ակնհայտ է, որ աղմուկի մակարդակը գերազանցում է N 2-3-11.13 սահմանված թույլատրելի նորման: Յուրաքանչյուր օր` սկսած ժամը 16.00-ից մինչեւ ուշ գիշեր, մեր բնակարաններում լսելի է բարձր բասային երաժշտությունը` թրթռման ¥վիբրացիայի¤ բարձր աստիճանով: Նշված իրավիճակը ոչ միայն պատճառում է անհանգստություն, սթրես եւ զրկում մեզ մեր սեփական բնակարաններում կարդալու, հանգստանալու, աշխատելու հնարավորությունից, այլեւ առողջության քայքայման պատճառ է հանդիսանում: Բնակիչները եւ շենքի ադմինիստրացիան մշտապես պահանջել են գիշերային ակումբի վարձակալած տարածքի ղեկավարներից պահպանել սահմանված նորմերը, իջեցնել երաժշտության ձայնը, սակայն մեր բոլոր պահանջները շարունակաբար անտեսվել են: Ձեր 18.02.2010 թ. գրությամբ տրված պատասխանից հետո մինչեւ այսօր շենքի բնակիչները մի քանի անգամ ցերեկային ժամերին զանգահարել են քաղաքապետարան 1-08 համարով, իսկ երեկոյան եւ գիշերային ժամերին հրավիրել ենք ոստիկաններին, որպեսզի կանխեին բարձր աստիճանի երաժշտության ձայնները: Ոստիկանների կողմից կազմվել են արձանագրություններ, իսկ իրենց գնալուց հետո շարունակվել է նույնը` բնակարաններում լսելի բարձրաստիճան երաժշտության ձայններ, թրթռուն վիբրացիա: Բնակիչներից ոմանք հայազգի ներգաղթածներ են արտասահմանից, ոմանք էլ այլազգիներ, ովքեր ապրում եւ աշխատում են Հայաստանում: Նրանք զարմացած են, որ Հայաստանի իշխանությունները կարող են թույլատրել, որ բնակելի շենքում գործի նման տիպի կարաոկե-բար: Վերջին բողոքների արդյունքում ձեռնարկված միջոցառումների հետեւանքով ոչ մի էական փոփոխություն տեղի չի ունեցել, քանի որ ակումբի ղեկավարությունը պետական համապատասխան ծառայողների հեռանալուց հետո կրկին վերսկսում է իր ապօրինի գործողությունները: Համոզված ենք, որ կարաոկե-բարի ղեկավարությունը չի կարող գործել բարեխիղճ եւ չի կարող ինքնակառավարվել, ուստի ձայնի խնդիրը եւ մեր բողոքները անընդհատ ու շարունակական բնույթ կարող են կրել: Հետեւաբար խնդրում ենք մտնել մեր դրության մեջ եւ ձայնի հիմնախնդրին տալ վերջնական եւ երաշխավորված լուծում` դադարեցնել նշված գիշերային ակումբի գործունեությունը եւ ապահովել բնակիչների անդորրը եւ հանգստի իրավունքը իրենց սեփական բնակարաններում ապրելու համար: Պետք է նշել, որ նախկինում` 2008թ. ամռանը, նմանատիպ բողոքներ են եղել շենքի բնակիչների կողմից, նույն տարածքում գործող Այսբերգ կարաոկե ակումբի հանդեպ, որը փակվեց եւ տեղափոխվեց ոչ բնակելի շենքի տարածք: Համոզված ենք, որ Դուք նույնիսկ մեկ օր էլ չէիք կարողանա ապրել նման պայմաններում եւ մենք չենք էլ ցանկանում Ձեզ եւ Ձեր ընտանիքի անդամներին նման իրավիճակի առաջ հայտնվել: Մեր բոլոր ընտանիքների անդամները, փոքր երեխանները, մտավորականները սպասում են մեր խնդրանքի բավարար լուծմանը: Կանխավ շնորհակալ ենք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter