HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Տեսչության պետը կաշառքից տեղյա՞կ չէր

Տիգրան Գրիգորյանը պատասխանատվությունը բարդում է տեղակալի վրա Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ԲՆ Բնապահպանական պետական տեսչության արդեն նախկին պետ Տիգրան Գրիգորյանի և նրա տեղակալ Արսեն Պետրոսյանի դատավարությունը: Նրանք մեղադրվում են կաշառակերության մեջ: Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի 28-ին, Բնապահպանության նախարարության իր աշխատասենյակում կաշառք վերցնելու փաստով իրավապահների կողմից մերկացվել էր Արսեն Պետրոսյանը: Նրա մոտ հայտնաբերվել էր «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահի օգնական Հրանտ Ավագյանից իբրև կաշառք վերցված 5 միլիոնից 1 մլն 210 հազար դրամը: Իսկ հատուկ նշագրված գումարի մյուս մասը` 3 մլն 790 հազարը, իրավապահները հայտնաբերել էին Պետրոսյանի անմիջական ղեկավարի` Տիգրան Գրիգորյանի մոտ: Այսօրվ նիստում դատավոր Ժորա Վարդանյանը հարցաքննում էր տեսչության պետին` Տ. Գրիգորյանին: Նա նշեց, որ ինքը տեղյակ չի եղել, թե տեղակալն իրեն ինչ գումար է տվել և կաշառքի մասին իմացել է բերման ենթարկվելուց հետո: Ըստ Գրիգորյանի` ինքն այդ օրերին գտնվել է արձակուրդի մեջ, և Ամանորից առաջ նախարարություն է գնացել նախատոնական միջոցառումների կազմակերպչական աշխատանքների համար: Տ. Գրիգորյանը նախաքննության ժամանակ ասել է, թե իր տեղակալ Արսեն Պետրոսյանի հետ ունեցել է լարված հարաբերություններ, քանի որ վերջինս, լինելով լավ մասնագետ, երբեմն դիմել է ինքնագործունեության, նույնիսկ եղել են դեպքեր, որ ներկայացել է իբրև տեսչության պետ, ինչի համար իր և նախարարի կողմից ստացել է նկատողություն: Հիշեցնենք, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն որոշակի պարտավորություններ չէր կատարել, և նամակով դիմել էր Բնապահպանության նախարարությանը` խնդրելով երկարաձգել պարտավորությունների կատարման ժամկետը: Ըստ մեղադրանքի` հենց այդ նամակին էլ դրական պատասխանելու համար Արսեն Պետրոսյանն ընկերության ներկայացուցչից պահանջել ու ստացել է 5 մլն դրամ կաշառք: «Ճանաչելով Ա. Պետրոսյանին` ես չեմ բացառում, որ նա կարող էր, անձնական շահից ելնելով, նամակի բովանդակությունը դարձնել շահարկման առարկա»,- նախաքննության ժամանակ ասել է Տիգրան Գրիգորյանը` բացառելով այդ գործընթացում իր մասնակցությունը: Նա ասում է, որ պատրաստվել է 43 հազար ԱՄՆ դոլարով գնել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, և նպատակն իրականացնելու համար բարեկամներից պարտքով գումար է խնդրել: 10 հազար դոլար էլ, ըստ նրա, խնդրել է իր տեղակալ Պետրոսյանից, բայց իմիջայլոց, քանի որ մտածել է, թե Պետրոսյանը չի տա: «Ուղղակի ուզում էի նրան (Ա. Պետրոսյանին) ցույց տալ, որ ինքը ճարտար է ոչ թե գործով, այլ խոսքով»,- ցուցմունքում գրել է Տ. Գրիգորյանը: Բայց հանկարծ Արսեն Պետրոսյանը հայտնել է, որ գումարը ճարել է: Դատարանում Տ. Գրիգորյանն ասաց, թե Պետրոսյանը գումարը հաշվել ու առձեռն տվել է իրեն, և ինքը չի իմանում, թե վերջինիս մոտ ինչքան փող է մնացել: Սակայն նախաքննության ժամանակ նշել էր, որ Ա. Պետրոսյանը փողը տվել է ծրարով` վրան գրված գումարի չափը` 3 մլն 790 հազար: «Չէ, իմ հիշելով` գումարն առձեռն է տվել: Երևի նախաքննության ժամանակ շփոթել եմ»,- ի պատասխան դատավորի հարցադրմանը` ասաց Տ. Գրիգորյանը: Սակայն իրավապահները նրա մոտից գումարն առգրավել են թղթի մեջ փաթաթած, որի վրա իրոք գրված է եղել գումարի չափը: Բացի այդ, Տ. Գրիգորյանի մոտ առկա նույն պոլիէթիլենային փաթեթի մեջ եղել է նաև «փաթեթավորված» գումարի ևս 3 տրցակ, որոնցից մեկում եղել է 3 մլն 800 հազար դրամ, մյուս երկուսում` 15 և 18 հազար ԱՄՆ դոլար: Ըստ Գրիգորյանի` դա մեքենայի համար բարեկամներից պարտքով վերցրած գումարն է: Տիգրան Գրիգորյանը նախկինում աշխատել է ոստիկանությունում` զբաղեցնելով կադրերի վարչության պետի պաշտոնը: 2007 թ. նա աշխատանքի է անցել Բնապահպանության նախարարությունում` սկզբում որպես «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրեն, այնուհետև` Բնապահպանական պետական տեսչության պետ: Ելնելով նրա տեղակալ Արսեն Պետրոսյանի ցուցմունքներից` վերջինս նույնպես դեմ չէ, որ իր նախկին ղեկավարը կաշառակերության համար չդատվի: Նրա ցուցմունքները և այս պատմության մանրամասները կներկայացնենք «Հետք» շաբաթաթերթի հաջորդ` ապրիլի 8-ի համարում: Լուս.` Գ. Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter