HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Պաշտոնյայի «պերերիվի» ու բենզինի գինը կամ քավության նոխազը

«Էդ տղան եկավ մոտս, թե` մերոնք իրենց անշնորհք են պահել, որ եկել եք ստուգման, ոչ սուրճ են հյուրասիրել, ոչ ընդմիջում եք արել, գոնե տրանսպորտի ծախսերը հոգային: Ասաց, որ որոշել են իրենց սխալն ուղղել ու շնորհակալություն հայտնել: Ես էլ ասացի` կարիք չկա, բայց դուք գիտեք: Մտածեցի` ի՞նչ պետք է տան որ, երեւի մի 1000 դոլարի չափով»,- դատարանում պատմում էր Արսեն Պետրոսյանը` Բնապահպանական պետական տեսչության պետի նախկին տեղակալը: Նա իր պետի` Տիգրան Գրիգորյանի հետ մեղադրվում է կաշառակերության մեջ: Արսեն Պետրոսյանի հիշատակած «էդ տղան» Հրանտ Ավագյանն է` «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» սեփականատիրոջ օգնականը: Տեսչության անցկացրած ստուգումներով պարզվել է, որ կոմբինատի խախտումների պատճառով պետությանը հասցվել է 202 մլն դրամի վնաս: «Ախթալայի» ղեկավարները հարցը քննարկել են բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մոտ, ինչից հետո, շատ տարօրինակ ձեւով, պետբյուջե վճարվելիք գումարի չափը մոտ 20 անգամ նվազել է: Դատավարությունը մտել է վիճաբանությունների փուլ, իսկ հետազոտված ապացույցներով այդպես էլ չպարզվեց, թե ով է 202 մլն դրամ տուգանքը դարձրել 10 մլն 141,6 հազար դրամ: Ի տարբերություն մեղադրող Հարություն Հարությունյանի` պաշտպանական կողմը, նույնիսկ իբրեւ վկա հարցաքննված բնապահպանության առաջին փոխնախարար Սիմոն Պապյանը նշում են, որ ամբաստանյալներն այդպիսի հնարավորություն չունեինª ելնելով զբաղեցրած պաշտոնից: «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը» պարտավորվել էր նաեւ մինչեւ անցյալ տարվա հոկտեմբեր կառուցել շրջանառու ջրամատակարարման համակարգ, ինչը հնարավորություն կտար Դեբեդ գետը փրկել կոմբինատի թունավոր արտանետումներից: Սակայն կոմբինատի սեփականատեր եւ վարչապետի խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանը նախարարից խնդրել է համակարգը կառուցելու ժամկետը երկարաձգել մինչեւ 2011թ. հունվար: Խնդրանքին նախարարությունը պետք է պատասխաներ գրավոր նամակով, որի դրական բովանդակության համար էլ, ըստ մեղադրանքի, Բնապահպանական պետական տեսչության պետ Տիգրան Գրիգորյանը եւ նրա տեղակալ Արսեն Պետրոսյանը կոմբինատի սեփականատիրոջից պահանջել ու վերջինիս օգնականի միջոցով ստացել են 5 մլն դրամ: Սակայն Արսեն Պետրոսյանի ներկայացմամբ` դա ոչ թե կաշառք էր, այլ ստուգումների ընթացքում իր չարած «պերերիվի» ու ծախսած բենզինի փոխհատուցումը: «Երկու օր հետո (Հրանտ Ավագյանը) եկավ, բա` էն որ ասում էի` շնորհակալությունը բերել եմ, կարո՞ղ ա հաշվես: Ասացի` չէ, ի՞նչ հաշվելու բան է»,- պատմում է Ա. Պետրոսյանը եւ նշում, որ սկզբում զբաղված է եղել համակարգչով եւ չի նկատել, որ գումարի «պակետը» մեծ է: Իսկ երբ պարզել է, որ այնտեղ 5 մլն է, որոշել է գնալ «շնորհակալությունը» բերողի ետեւից: Բայց «թարսի պես» հենց այդ պահին աշխատասենյակ է մտել վերադասը` տեսչության պետ Տիգրան Գրիգորյանը: «Օրվա վերջ էր. աշխատանքային ժամն ավարտվում էր: Պարոն Գրիգորյանն ասաց` ես քեզնից բան էի խնդրել, ի՞նչ եղավ: Ես էլ այդ պահին էդ գումարից 10 հազար դոլարի չափով հաշվեցի ու տվեցի իրեն: Բայց մտածում էի` այ, որ այն տղան հետ գա, ի՞նչ եմ անելու: Դրա համար էլ ասացի` պարոն Գրիգորյան, սա դեռ վերցրեք, հետո կասեմ: Պետք է գնայի մոտը եւ ասեի, թե այդ փողը որտեղից»,- վստահեցնում է Ա. Պետրոսյանը: Նրա խոսքերով` դրանից մեկ շաբաթ առաջ տեսչության պետը մեքենա գնելու համար իրենից պարտքով գումար է խնդրել. «Ասաց` մի 10-ի խնդիր ունեմ, եթե կարող ես, օգնիր: Մեր հարաբերություններում եղել է այդպիսի բան, որ միմյանցից պարտքով գումար վերցնենք»: Ա. Պետրոսյանը, ըստ էության, ստանձնել է «քավության նոխազի» դերը, որն իրեն վերապահել է նաեւ Տ. Գրիգորյանը: Վերջինս դատարանին վստահեցրեց, որ բացարձակ տեղյակ չէր իր տեղակալի տված գումարի ծագումնաբանությունից եւ կաշառքի մասին իմացել է միայն բերման ենթարկվելուց հետո: Նախաքննության ժամանակ նա ասել է, որ իր տեղակալ Արսեն Պետրոսյանի հետ ունեցել է լարված հարաբերություններ, քանի որ վերջինս, լինելով լավ մասնագետ, երբեմն դիմել է ինքնագործունեության, նույնիսկ եղել են դեպքեր, որ ներկայացել է իբրեւ տեսչության պետ, ինչի համար էլ ստացել է նկատողություն: «Ճանաչելով Ա. Պետրոսյանին` ես չեմ բացառում, որ նա, անձնական շահից ելնելով, կարող էր նամակի բովանդակությունը դարձնել շահարկման առարկա»,- ցուցմունքում գրել է Տ. Գրիգորյանը` բացառելով այդ գործընթացում իր մասնակցությունը: Նա ասում է, որ այդ օրերին առհասարակ աշխատանքի չի եղել. գտնվել է արձակուրդում: Իսկ ձերբակալման օրը` դեկտեմբերի 28-ին, նախարարություն է գնացել նախատոնական միջոցառումների կազմակերպչական աշխատանքների համար: Ինչ վերաբերում է նրան, որ պատասխան նամակում որպես կատարող նշված է ոչ թե Ա. Պետրոսյանի, այլ իր ազգանունը, Տ. Գրիգորյանը ցուցմունքում գրել է, թե դա Ա. Պետրոսյանի նենգափոխության արդյունքն է: Ըստ տեսչության պետի` ինքը պատրաստվել է 43 հազար ԱՄՆ դոլարով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա գնել եւ նպատակն իրականացնելու համար բարեկամներից պարտքով գումար է խնդրել: 10 հազար դոլար էլ խնդրել է իր տեղակալից, բայց իմիջիայլոց, քանի որ մտածել է, թե Պետրոսյանը չի տա: «Ուղղակի ուզում էի նրան (Ա. Պետրոսյանին) ցույց տալ, որ ինքը ճարտար է ոչ թե գործով, այլ խոսքով»,- քննիչին ասել է Տ. Գրիգորյանը: Բայց հանկարծ Արսեն Պետրոսյանը հայտնել է, որ «գումարը ճարել է»: Դատարանում Տ. Գրիգորյանն ասաց, որ Պետրոսյանը գումարն իրեն առձեռն է տվել, այնինչ նախաքննության ժամանակ նշել էր, որ տեղակալը փողը տվել է ծրարով` վրան գրված գումարի չափը` 3 մլն 790 հազար: «Երեւի նախաքննության ժամանակ շփոթել եմ»,- դատարանում հայտարարեց Գրիգորյանը: Իրականում նրա մոտից իրավապահները գումարն առգրավել են թղթի մեջ փաթաթած, որի վրա իրոք գրված է եղել գումարի չափը: Սակայն Տ. Գրիգորյանն այդպես էլ չհիշեց, թե ով էր այն փաթեթավորել ու վրան գրել գումարի չափը: Երբ տեսչության պետ Տ. Գրիգորյանին ձերբակալել են, նրա մոտ առկա նույն պոլիէթիլենային փաթեթի մեջ, բացի Պետրոսյանի տվածից, եղել է «փաթեթավորված» գումարի եւս 3 տրցակ, որոնցից մեկում եղել է 3 մլն 800 հազար դրամ, մյուս երկուսում` 15 եւ 18 հազար ԱՄՆ դոլար: Ըստ տեսչության պետի` դա այն գումարն է, որն իրեն հենց այդ օրը պարտքով տվել են բարեկամները: Տ. Գրիգորյանը նախկինում աշխատել է ոստիկանությունում` զբաղեցնելով կադրերի վարչության պետի պաշտոնը: 2007 թ. նա աշխատանքի է անցել Բնապահպանության նախարարությունում` սկզբում որպես «Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրեն, այնուհետեւ` Բնապահպանական պետական տեսչության պետ: Մեղադրանքի հաստատման դեպքում նրան եւ իր տեղակալին սպառնում է մինչեւ 12 տարվա ազատազրկում: Դատավարությունը կշարունակվի ապրիլի 10-ին: Կողմերը հանդես են գալու ճառերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter