HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Մանվել Եղիազարյան. «Մենք պատրաստվում ենք պատերազմի»

Ազատամարտիկ Մանվել Եղիազարյանը «Արաբո» ջոկատի հրամանատարն է և հանրությանն ավելի շատ հայտնի է Արաբոյի Մանվել անունով: Այսօր նա «Ազդակ» ակումբի հյուրն էր: Ասուլիսի ընթացքում, անդրադառնալով նախագահ Սարգսյանի երեկվա այն հայտարարությանը, թե մոտ ապագայում պատերազմի վերսկսման վտանգ չկա, բանախոսը նկատեց, թե միայն առաջին հայացքից է այդպես թվում: «Եթե կան մարդիկ, որոնք հաշտվել են առանց Ղարաբաղի կարգավիճակի ճանաչման ինչ-որ շրջաններ զիջել, մենք դրա հետ չենք հաշտվել: Մենք պատրաստվում ենք պատերազմի: Պարզ ասում ենք` մինչև Ղարաբաղի կարգավիճակը չորոշվի, ոչ ոք իրավունք չունի մի թիզ հող զիջել»,- ասում է Արաբոյի Մանվելը: Ըստ նրա` Հայաստանի նախագահը կամ արտգործնախարարը պետք է միայն հայտարարեն, որ ադրբեջանցիների հետ խոսելիք չունեն, քանզի վերջիններս պահանջում են իրենց տալ հայկական ուժերի ազատագրած 5 շրջանները` փոխարենն անորոշ թողնելով Արցախի կարգավիճակի հարցը: «Դա մեզ ձեռք չի տալիս: Դա նշանակում է, որ մենք կարող է ինքնուրույն կռիվ սկսենք Ադրբեջանի դեմ` հաշվի չառնելով մեր հանրապետության կողմից վարվող արտաքին քաղաքականությունը: Մենք Ղարաբաղը չենք տալու. մենք կռվելու ենք»,- ասում է բանախոսը և ընդգծում, որ Ղարաբաղը կարող է լինել կամ անկախ, կամ էլ Հայաստանի կազմում: Իսկ այդ կարգավիճակը ստանալուց հետո, Եղիազարյանի խոսքերով, Ադրբեջանի հետ կքննարկենք մյուս խնդիրները, այդ թվում` Շահումյանի, Գետաշենի, Մարտունաշենի և Նախիջևանի: Արաբոյի Մանվելը հիշեցնում է, որ «հայրենիքն ուզում են ոչ թե լացելով կամ դողդողալով, այլ թրի պոչից ամուր բռնած: Եկեք Երևանն էլ տանք, ժողովուրդ ջան: Կասենք` թուրքերն էլ մեր ախպերներն են. Մուստաֆան, բանը կգան, միասին կապրենք: Չկա նման բան»,- ասում է նա և հավելում, որ թեև վերգոները միշտ ու ամեն տեղ եղել են, սակայն վախենալ ամենևին պետք չէ: Ադրբեջանի հոխորտանքներն ու ռազմատենչ հայտարարությունները Մանվել Եզիազարյանը համարում է դիվանագիտական շոու, որը, սակայն, ունենում է նաև հոգեբանական ազդեցություն: «Եթե բոլորս հավցաքվենք ու մի հատ նորմալ մարդու անընդհատ ասենք` դու խելագար ես, էդ մարդը կխելագարվի: Մեզ այնքան են ասում` պատերազմ, պատերազմ, որ խեղճ երեխեքը վախնում են: Վախենալու բան չկա. բոլորս պատերազմ չենք գնալու: Կռվելու ենք մի 30-40 հազարով. պատերազմը թող մնա մեր ուսերին: Մենք էդ կռիվը կհաղթենք»,- վստահեցնում է Մ. Եղիազարյանը: Նա նշում է, որ անհրաժաշտության դեպքում կարող է նույնիսկ եռակի, քառակի շատ կամավորներ հավաքել, քան 1989 թվականին: «Եթե ես 10 հազար կամ ավելի շատ մարդ չհավաքեմ, անունս փոխելու եմ Իբրահիմ»,- ասում է Արաբոյի Մանվելը: Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հիմնահարցում Թուրքիայի հնարավոր ներգրավվածությանը, բանախոսը նշում է, թե զարմանում է «Եվրամիության և մյուս միությունների վրա», որոնք «նույն մարդասպանին, ով ոչնչացրել է մի ամբողջ ժողովուրդ, իրավունք են տալիս քիթը խոթել Ղարաբաղի հարցում»: Իսկ Հայկական կողմի համար, ըստ Մանվել Եղիազարյանի, ամոթաբեր է Թուրքիայի հետ հարաբերվելը: «Թուրքերին էլ ուզում եմ ասել` եղբայր, ում որ տեսնում եք ձեր հետ բանակցություններում, մենակ նրանք չեն հայերը. մենք էլ ենք հայեր: Եվ մենք ցեղասպանությունը չենք մոռացել»,- նշում է Արաբոյի Մանվելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter